«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վերականգնու՞մ, թե՞ բարբարոսություն

Վերականգնու՞մ,  թե՞ բարբարոսություն
30.11.2018 | 00:49

Թե ինչպես ընթացան ու իրականացվեցին 2017 թ. Օձունի եկեղեցում վերականգնողական աշխատանքները, և հիմա ինչ գնահատական կարելի է տալ այս ամենին, պատասխանը մեկն է. խայտառակ վերականգնողական աշխատանքներ: Սա է մեր գնահատականը: Անկեղծ ասած, ես արդեն հստակ կանխատեսում էր, որ ականատես պիտի լինենք եկեղեցու ապականման հերթական իրողությանը, բնականաբար, ունենալով հիմնավոր պատճառներ, սակայն չէի կարող պատկերացնել, որ այդ խեղաթյուրումները կլինեն այդքան ծավալուն, ուղղորդված նախագծային կոպիտ ու չհիմնավորված շեղումներով, ավելին բառիս բուն իմաստով` ինքնագործունեությամբ: Բնականաբար, հարց կառաջանա` ինչու՞ և ի՞նչն էր պատճառը, որ այդ աշխատանքներն արժանացան նման գնահատականի: Դրան նպաստեց, առաջին հերթին, իր «հետևողական գործելաոճով աչքի ընկած», այժմ արդեն մշտական նախկին փոխնախարար Ա. Սամուելյանը:


Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2017 թ. գարնանը, երբ վերսկսվեցին Օձունում վերականգնողական աշխատանքները ու անցել էր արդեն շուրջ 2,5 ամիս, ինձ այդ մասին չէին տեղեկացրել, որպեսզի իրականացնեի հեղինակային հսկողության աշխատանքներ: Այդ մասին ես պատահաբար տեղեկացա 10.05.2017 թ. Ա1+.am կայքում տեղադրված «Մեկնարկել է Օձունի տաճարի վերականգնման նոր փուլը» խորագրով հոդվածից: Ավելին, տեղադրված տեսահոլովակում մեկնաբանվում էր, թե ինչպես են ճարտարապետները հավաքվել և իմ նախագծի շուրջ ինչ-որ քննարկումներ անում, որոնցից մեկը ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալության վերականգնման բաժնի պետ Գ. Նազլուխանյանն է, մյուսը իր որդին` Մ. Սողոմոնյանը: Պարզից էլ պարզ է, որ հեղինակային հսկողությունն իրականացնում են վերջիններս: Բնականաբար 25.05.2017 թ. նամակով դիմեցի մշակույթի նախկին նախարար Ա. Ամիրյանին, վերականգնելու իմ հեղինակային իրավունքը: Անցավ ևս 2,5 ամիս, սակայն ոչ մի արձագանք: Իսկ այն, որ նամակին չարձագանքելը նախկին փոխնախարար Ա. Սամուելյանի կողմից ուներ ժամանակ ձգելու կանխամտածված միտում (չարձագանքել մինչև շինարարության ավարտը), կասկած չկա, քանզի վերջինս չուներ ու չէր էլ կարող ունենալ այն հիմնավոր փաստարկը, որով պիտի հիմնավորվեր իմ չներգրավվածությունը ներկա փուլում հեղինակային հսկողության իրականացմանը: Դա պարզ երևաց հետագայում նախկին վարչապետին հասցեագրված իմ 10.07.2017 թ. նամակից, որը վերահասցեագրվեց մշակույթի նախարարություն, ևս երկու շաբաթ հետո, արդեն «պարտադրաբար» մեկնաբանվեց փոխնախարարի կողմից` ուղարկելով կառավարություն, այն էլ` էլեկտրոնային փոստով: Իսկ ինձ այդպես էլ պաշտոնական պատասխան չտրվեց:
Թե ինչպես էր նախկին փոխնախարարը մեկնաբանում իմ չներգրավվածությունը եկեղեցու վերականգնողական աշխատանքների հեղինակային հսկողության իրականացմանը, առավել ևս, իմ հարցադրումներին, նախկին փոխնախարարը «հիմնավորում» էր ոչ միայն անտրամաբանական մեկնաբանություններով, այլև գոյություն չունեցող կեղծ փաստարկներով իրական փաստերի կանխամտածված խեղաթյուրումներով։ Անշուշտ իմ կողմից եղավ արձագանք (20.09.2017 թ. Hraparak.am կայք) «Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է փոխնախարարի կեղծ փաստարկներին» հոդվածով, ուր տրված սպառիչ պատասխանները, ամենայն մանրամասնություններով, պարզաբանում էին 2012-2014 թթ. Օձունի եկեղեցում կոպիտ խախտումներով կատարված աշխատանքների իրական պատկերը: Չխորանալով հոդվածում բերված փաստարկների լուսաբանման մեջ, միայն կներկայացնենք, թե ինչպես է նախկին փոխնախարարը ձևակերպում ու հիմնավորում 2017-ին Օձունի եկեղեցում վերսկսված վերականգնողական աշխատանքներին ինձ որպես հեղինակի չներգրավելու «բուն պատճառը», ինչը հիմնավորվում էր իմ կողմից 2012-2014 -ին կատարվելիք հեղինակային հսկողության պայմանագրով նշված «այցելումների քանակի խախտումով»: Մի բան, որ իրականությանը չի համապատասխանում և մեկնաբանված էր բացառապես գոյություն չունեցող, կեղծ փաստարկներով, ինչի մասին մանրամասն շարադրված է վերը նշված հոդվածում, ուր նաև վստահեցրել էի, որ ոչ մի նորանշանակ ճարտարապետի նշանակման հասկացություն գոյություն չունի, քանզի այդ մասին շուտ կտեղեկանայի, և որ հսկողությունը ամենայն հավանականությամբ կատարվում է Գ. Նազլուխանյանի կողմից, «յոլա տանելու տարբերակով»: Նմանատիպ տարբերակը, բնականաբար, ինձ անհանգստանալու տեղիք տվեց, ինչի մասին տեղեկացրել էի նախկին մշակույթի նախարարին ու նախկին վարչապետին ուղղված իմ նամակներում, հիմնավորելով մտավախությունս, որ կարծես Օձունի եկեղեցում ունենալու ենք վերականգնողական աշխատանքների նույն սցենարը, ինչը տեղի ունեցավ 2009-ին Հնեվանքում վերականգնողական աշխատանքների ժամանակ: Մշակույթի նախարարությունը ինձ` որպես հեղինակի, տեղեկացնում է, որ միջոցներ չլինելու պատճառով շինարարությունը դադարեցվում է, սակայն առանց ինձ իրազեկելու, գաղտնի, համալիրի մատուռի հեղինակային հսկողության իրականացման համար ներգրավում են ոչ անհայտ Գ. Նազլուխանյանին, անշուշտ ևս ոչ անհայտ նախկին մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանի որոշմամբ: Իսկ արդյունքում ունեցանք խայտառակ ու անթույլատրելի վերականգնողական աշխատանքներ, «աչքի ընկած» նախագծային խախտումներով ու կատարման անորակությամբ, էլ չեմ ասում, որ վերջինս նույնիսկ փորձ էր արել մասնակի վերականգնել 7-րդ դարի եկեղեցու արևմտյան ուղղանկյան հատվածը, որը կատարյալ անգրագիտություն էր, բացարձակապես պատկերացում չունենալով եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքից: Արդյունքում հերթական ապականումը, ինչի մասին իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել ՎՊ-ը 2009-ին կատարած ստուգումների արդյունքում: Իսկ ժամանակը ցույց տվեց, որ իմ կանխատեսումը ճիշտ էր, ավելին, Օձունի եկեղեցու վերսկսված աշխատանքների հեղինակային հսկողության իրականացմանը, բացի Գ. Նազլուխանյանից ներգրավված էր նաև վերջինիս որդին` Մ. Սողոմոնյանը, որը, լինելով երիտասարդ, բնականաբար նմանատիպ աշխատանքների փորձառություն չունի: Իսկ թե վերջիններիս հեղինակային հսկողության արդյունքում ինչպիսի «նվաճումներ» ունեցանք, կներկայացնենք ստորև: Վերջապես, նախկին փոխնախարարի` իրականությանը չհամապասխանող պարզունակ «մտածելակերպի» այդ մոտեցումը` ինձ, որպես նախագծի հեղինակի, հսկողությանը չներգրավելը (ավելին, իմանալով, որ 30 տարուց ավելի ուսումնասիրում եմ Օձունի եկեղեցին), հետապնդում էր զուտ մեկ նպատակ` «կանխել» Օձունի եկեղեցու վերականգնողական աշխատանքների իրական պատկերի լուսաբանումը ինչպես անորակ ու կոպիտ սխալներով կատարված աշխատանքների հետևողական պարտակումների, այնպես էլ նախարարության մատուցած բացահայտ ապատեղեկատվության վերաբերյալ, ինչն իմ կողմից արվում էր 2012-2017 թթ. տարբեր լրատվամիջոցներում։


Այն, որ հեղինակային հսկողություն իրականացնողները լիարժեք չեն ուսումնասիրել, այլ կերպ ասած, չեն «մարսել նախագիծը», ավելին, պատկերացում չունենալով սրահների կառուցվածքային հորինվածքի առանձնահատկություններից, իրենց կողմից «վերականգնողական» աշխատանքների ընթացքում թույլ են տվել ինչպես ինքնագործունեություն, այնպես էլ ռեստավրացիայի հիմնարար սկզբունքներին հակասող ու անթույլատրելի դրսևորումներ, պարզորոշ ընկալվում է «կատարված վերականգնողական աշխատանքներում»:
Այժմ տեսնենք, թե ինչպես են Օձունի եկեղեցում 2017-ին իրականացվել ինչպես վերականգնողական, այնպես էլ հեղինակային աշխատանքները և թող ընթերցողն իր գնահատականը տա կատարվածին: Նախկին մշակույթի նախարարին ու վարչապետին ուղղված իմ նամակներում մտահոգություն էի հայտնել, որ վերսկսված շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են նախագծային շեղումներով: Խոսքը վերաբերում էր հարավային սյունասրահի 21 մ երկարությամբ և 0,9 մ լայնությամբ ժապավենաձև գետնախարիսխների իրականացմանը բազալտ քարով, երբ նախագծով նախատեսված էր ֆելզիտ քարը, առավել ևս, որ պահպանված են գետնախարսխի նախնական 2 ֆելզիտե քարերը (տես Լ-1):

Հետագայում պարզվեց, որ բազալտ քար է օգտագործվել նաև եկեղեցու հարավային մուտքի (տես` Լ-2) և հարավային սրահի արևելյան վերջնամասում գտնվող սենյակի շեմքի հատվածում (տես Լ-3), ընդ որում, վերջինիս գոյություն ունեցող զույգ ֆելզիտե քարերը հանել են և տեղում բազալտե նոր քարեր տեղադրել, ինչն էլ բազալտե քարերով իրականացված գետնախարիսխների հետ հակասություն է առաջացրել ինչպես եկեղեցու, այնպես էլ սրահի ու սենյակի ընդհանուր գունային լուծման հարցում:


Եվ հիմա արձանագրում ենք, որ հյուսիսային սրահում էլ ժապավենաձև գետնախարիսխների վերականգնումը ևս զերծ չի մնացել ինքնագործունեության դրսևորման «յուրովի մոտեցումներից»: Բավական չէ, որ այդ գետնախարիսխները ևս իրականացված են բազալտ քարով, սրահի խուլ պատից սկսվող առաջին երկու կամարաշարերի արանքների գետնախարիսխները իրականացված են երեք կտոր քարերով, ընդ որում, կողային հատվածները` ֆելզիտ քարերով, իսկ կենտրոնական հատվածը` անկանոն խցկած բազալտե քարերով (տես Լ-4-5), առաջացնելով չհիմնավորված շարվածքի կարկատանի անհասկանալի պատկեր: Այլ կերպ ասած, խելքներին ինչ փչել է, այն էլ արել են: Թե ինչպես վերականգնել հարավային սրահի արևելյան վերջնամասում գտնվող սենյակի արևմտյան ճակատը, թող ընթերցողը գնահատական տա: Նախագծով նախատեսված էին ինչպես քանդման վերաշարման, այնպես էլ նոր տաշման ու շարի աշխատանքներ (տես Լ-6, ԳԾ-1):


Իրականում բացարձակապես ոչինչ էլ չի արվել, իրականացվել է ընդամենը «կոսմետիկ» աշխատանք` պատի շարվածքի կարանները անկանոն շաղախի լցումով (տես Լ-7):

Եվ սա համարվում է «վերականգնողական» աշխատանք: Անշուշտ, նմանատիպ մոտեցմամբ կատարված աշխատանքներն անընդունելի են, ինչն առաջին հերթին հետևանք է նաև հեղինակային հսկողություն իրականացնողների անհետևողական ու ոչ պատշաճ աշխատանքի, ուստի այս խայտառակ շարվածքը անհապաղ պիտի քանդվի և իրականացվի նախագծի պահանջներին համապատասխան: Սակայն սրահների վերականգնման աշխատանքների «հեղինակային հսկողության» իրականացումը ստանձնած Գ. Նազլուխանյանի և Մ. Սողոմոնյանի կողմից ինքնագործունեության դրսևորումներն այսքանով չեն սահմանափակվում: Այն, ինչ հիմա կներկայացնենք ու կմեկնաբանենք, վերաբերում է ինքնագործունեությամբ ու նախագծից դուրս աշխատանքների «շարանին», սակայն այստեղ ականատես ենք լինում մի աննախադեպ իրողության. հեղինակային հսկողություն իրականացնողներն իրենց «մոտեցումներով» ուղղակի ապշեցնում են ու միաժամանակ մտածելու տեղիք տալիս, քանզի կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ զեղծարարություն` սրահների կառուցվածքային հորինվածքի առանձին հատվածների նախնական կերպարի խեղաթյուրմամբ: Զարմանքով ականատես ենք լինում հարավային և հյուսիսային սրահների որմնասյուների ստորին հատվածներում ավելացված ու տեղադրված ուղղանկյուն կտրվածքով, եկեղեցու գետնախարիսխների բարձրությամբ խարիսխների տեղադրման փաստին: Մի բան, որ իրականում երբեք չի եղել ու երբևիցե չէր էլ կարող լինել, առավել ևս, որ ինչպես մեր կողմից կատարված լրացուցիչ չափագրություններում (տես Չ-1),

այնպես էլ նախագծում առկա հյուսիսային և հարավային սրահների թվով քսան կտրվածքներում (տես ԳԾ-1;2;3;4), ինչպես նաև որմնակամարների փռվածքներում (տես ԳԾ - 5;6), որմնասյուների ստորին հատվածներում խարիսխներ, որպես այդպիսիք, չես գտնի: Արդյունքում, ինչպես նշել էի, ականատես ենք լինում սրահների առանձին դրվագների նախնական հորինվածքային կերպարի խաթարմանը: Բնականաբար, հարց կառաջանա` ի՞նչն է դրդել և կամ ինչի՞ հիման վրա է իրականացվել այս անհեթեթությունը, որը, մեր տեսանկյունից, ամենաթողության ու ինքնագործունեության վառ դրսևորում է: Իրականում ուղղանկյուն կտրվածքով քարեր ի հայտ եկան 1987-ին, սրահների ստորին հատվածների փլատակների մաքրման ժամանակ ու չափագրվեցին իմ կողմից, ընդ որում, հյուսիսային սրահում թվով չորս, իսկ հարավայինում` հինգ, որոնք ունեն բացահայտորեն իրարից տարբերվող չափեր: ՈՒշագրավն այն է, որ վերջիններս տեղադրված էին որմնամույթերի հիմնամասերում (տես ԳԾ – 1;2;3-ի որմնամույթերի ստորին հատվածները), հանդիսանալով զուտ որպես հենարաններ:

Ավելին, իրենց տեղադրությամբ նրանց վերին հարթության նիշը համապատասխանում է եկեղեցու գետնախարսխի ստորին նիշին և փաստորեն այդ 15-18 սմ բարձրությամբ ուղղանկյուն կտրվածքով քարերի վերին հարթությունը իրենց մակերեսով լրացնում ու միաժամանակ կազմում են սալահատակի բաղկացուցիչ մասը (տես ԳԾ - 7):
Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, թե ինչպես են տեղադրել այդ որմնասյուների «խարիսխները», որոնք եկեղեցու գետնախարիսխների հետ ունեն միևնույն բարձրությունը` 37-38 սմ: Իսկ այս «հանճարեղ» մտահղացումը կյանքի կոչելու ու դրան հասնելու միակ լուծումը եղել է հարավային սրահի միակտոր որմնամույթերի ստորին անկյունաձև հատվածների կտրումը, ուր և խցկվել են եկեղեցու գետնախարիսխների բարձրության չափով «խարիսխները», իրականացված բացահայտ աչքի զարնող նոր շաղախով, ինչը հեղինակային հսկողությունն իրականացնողների կողմից սառնասրտորեն ձեռնարկվել ու իրականացվել է: Ավելին, որմնամույթերի ստորին հատվածներում խցկված խարիսխները իրականացվել են հյուսիսային սրահի հնագույն բեկորների վերամշակումով, որպեսզի այդ կերպ հիմնավորեն դրանց «ի սկզբանե» լինելու փաստը (տես Լ - 8), և որը հետագայում հիմք պիտի հանդիսանար նույնությամբ կրկնելու հյուսիսային սրահում, սակայն այս դեպքում արդեն նոր տաշված քարերով (տես Լ - 9):


Այսպիսի խայտառակ մոտեցմամբ կատարված «աշխատանքները» անկասկած ցույց են տալիս, որ հեղինակային հսկողությունն իրականացնողները ընդհանրապես գաղափար չունեն հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ այնպիսի կառուցվածքային հորինվածքներից, ինչպիսիք են սյունասրահները, առավել ևս, դրանց ձևավորման առանձնահատկությունները: Եթե քիչ թե շատ գաղափար ունենային ու տեղյակ լինեին այն հանգամանքին, որ այն սյունասրահները, ուր ժապավենաձև գետնախարիսխների վրա ձևավորված կամարաշարի մույթերն ունեն խարիսխներ, ապա պարտադիր որմնամույթերը ունենում են որմնախարիսխներ, այնպես, ինչպես Երերույքում կամ Տեկորում:

Տվյալ դեպքում Օձունի եկեղեցու սյունասրահների կամարակապ մույթերը չունեն խարիսխներ, բնականաբար, որմնամույթերի ստորին հատվածում ևս չեն եղել խարիսխներ, ինչն անժխտելի իրողություն էր մինչ այդ կերպարային խաթարումը: Իսկ ընդհանրապես Օձունի սյունասրահների մույթերի ու որմնամույթերի նմանատիպ լուծումը, որն էապես տարբերվում է իր մոտեցումներով վերը մատնանշված հուշարձանների սյունասրահներից, բացատրվում ու հիմնավորվում է նախ և առաջ այն հանգամանքով, որ ժամանակագրական առումով Օձունի թաղակապ սյունասրահները իրականացված են եղել ավելի ուշ, առավել ևս, որ ներկա գոյություն ունեցող սյունասրահները չեն հանդիսանում նախնական հորինվածքներ: Բայց հիմա փաստն այն է, որ ականատես ենք լինում կատարված անգրագետ հիմնավորումներով իրականացված մի զեղծարարության, որի արդյունքում ունենում ենք սրահների կերպարային խաթարում, առանց հասկանալու, որ խցկված «խարիսխը» իր տեղում ու դիրքով արդեն չափից դուրս երերուն է և ուղղակի բացառվում է, որ որմնասյան 10 սմ կախվածության և «խարսխին» հենման ընդամենը 0,06 քմ մակերեսի համար, երբ որմնասյան 80% մակերեսը հենված է եկեղեցու գետնախարիսխին, ճարտարապետը նախատեսեր որմնասյան խարիսխ, այն էլ առանց տրամատի, ինչը բացառվում է, բացառելով անշուշտ նրա 1500 տարի իր տեղում պահպանված լինելու ուղղակի անհավանական փաստը: Խցկված խարիսխների իրականացման փաստը ոչ միայն անհեթեթություն է, այլև մոտեցման ու իրականացման առումով կատարյալ անգրագիտություն: Ինչպե՞ս կարելի է հյուսիսային ու հարավային սրահներում մույթերի միևնույն լայնքի (50 սմ) առկայության դեպքում, խարիսխները ունենան բացարձակապես իրարից տարբերվող չափեր (20x50 սմ), (25x62 սմ), (21x50 սմ), (24x63 սմ), (28x70 սմ), (15x77 սմ), (19x75 սմ), (21x70 սմ), (18x68 սմ), մի անտրամաբանական ու անհավանական մոտեցում, որը ոչ մի ճարտարապետի մտքով անգամ չէր կարող անցնել ինչպես միջնադարում, այնպես էլ հիմա: Իսկ ելքը մեկն է` տեղադրված «խարիսխները» տաշել որմնասյուների չափերին համապատասխան, բերելով վերջիններս նախնական կերպարի: Իսկ թե ինչպես են ընթացել ու կատարվել վերաշարման ու վերականգնողական աշխատանքները հյուսիսային սրահում (խոսքը վերաբերում է հատկապես կամարաշարի վերականգնմանը), ապա այստեղ ականատես ենք լինում ու արձանագրում, որ կատարվածն ուղղակի խայտառակություն է, իր մոտեցումներով ու գործելաոճով անհամատեղելի ռեստավրացիա։ Դեռևս «Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է փոխնախարարի կեղծ փաստարկներին» հոդվածում մատնանշել էի, որ ուղղակի բացառում եմ, որ հյուսիսային սրահի կամարաշարի վերաշարման աշխատանքները կատարվեն ամենայն ճշտությամբ, նկատի ունենալով տարածքում սփռված և վերաշարման ենթակա հյուսիսային սրահին պատկան 200-ից ավելի բեկորները, որոնք իմ կողմից համարակալվել ու չափագրվել էին դեռևս 2012-2013-ին, արդյունքում ունենալով վերականգնված վերջնական աշխատանքային գծագրեր, ինչը 2017-ին իրականացնողների մոտ գոյություն չուներ: Բնականաբար հոդվածի վերջնամասում գրառել ու խոստացել էի, որ աշխատանքների ավարտից հետո կլինի համապատասխան մեկնաբանությունների լուսաբանում, կապված կատարված աշխատանքների համապատասխանության հետ հաստատված նախագծին, ինչն իմ կողմից հիմա արվում է: Ցավոք, իմ կանխատեսումը վերոհիշյալի առնչությամբ ճիշտ դուրս եկավ: Երբ ասում ենք հյուսիսային սրահի կամարաշարի վերաշարում, նկատի ունենք բաց խորանի կողմից սկսվող երեք կամարները, որոնք կանգուն էին եղել մինչև 1992-ը: Եվ երբ այդ նույն թվականին սկսվեցին վերականգնողական աշխատանքները, վերջիններս քանդվեցին հետագայում վերաշարվելու նպատակով: Ցավոք, շինարարական աշխատանքները տևեցին մի քանի ամիս, իսկ քանդված երեք կամարաշարերը այդպես էլ չվերաշարվեցին, այնպես, ինչպես մյուս երեք կամարները, որոնք ամբողջությամբ նորովի պիտի վերականգնվեին: Չունենալով հյուսիսային սրահի 200-ից ավելի բեկորների չափագրությունից իրականացված վերջնական աշխատանքային գծագրերը, հեղինակային հսկողությունն իրականացնողներին մնում էր «անկաշկանդ ցուցադրել իրենց բացառիկ ունակությունները, ստեղծագործաբար իրականացնելով» ինչպես վերաշարման, այնպես էլ նոր տաշ ու շարի աշխատանքները: Նշենք, որ վերաշարվող երեք կամարաշարերը փաստացի իրականացված են եղել թվով 25 քարերով, ընդ որում, նախագծով նախատեսված է եղել ընդամենը մեկ կամարաքարի փոխարինումը նորով, մինչդեռ իրականում չհիմնավորված ու կամայական դրսևորման արդյունքում, չգիտես ինչու, փոխարինվել են նորով չորս կամարաքարերը, իսկ թե այդ հնագույն քարերի ճակատագիրն ինչ է եղել, կմեկնաբանենք ավելի ուշ: Այն, որ կատարված վերաշարման աշխատանքները չեն համադրվում ու ոչ մի առնչություն չունեն բուն նախագծին, և կատարվածը կամարների վերաշարման իմիտացիա է, շատ հստակ ապացուցվում է այդ երեք կամարների վերաշարման իրականացումը պատահական ընտրված կամարաքարերի փաստով: Արդյունքում նախագծով առաջին կամարաշարում 8 կամարաքարի փոխարեն 7-ն է, երկրորդում` 8-ի փոխարեն 9 է և, վերջապես, երրորդ կամարաշարում 9 կամարաքարի փոխարեն 7-ն է (տես ԳԾ - 8, Լ- 10):


Բնականաբար, այսպիսի անլուրջ ու տնավարի մոտեցումը պիտի իր անվերապահ հետևանքներն ունենար կամարաշարի ընդհանուր կերպարի վրա: Արդյունքում մասնավորապես խախտվել են այդ երեք կամարաքարերի բացվածքները. 2,54 մ, 2,50 մ, 2,46 մ չափերի փոխարեն փաստացի ստացվել են 3 x 2,46 մ չափերը, ինչը հանգեցրել է վերջիններիս ուղղաձիգ նիշերի խախտման: Բայց այսպիսի անլուրջ մոտեցումներով վերաշարման աշխատանքները, որոնք ոչ մի առնչություն չունեն վերականգնում հասկացության հետ, դեռևս չեն սահմանափակվում ու վերաբերում է ինչպես կամարների արանքներում նույն կերպ պատահական տեղադրված ներքին երկկոր քարերի արտաքուստ ու ներքուստ վերաշարված քարերին, այնպես էլ հարթ երեսպատման քարերի անհիմն փոխարինմամբ նոր տաշված քարերով: Այս ամենի արդյունքում ստացվել է պատի շարվածքի հորիզոնական կարանների բարձրությունների խախտում, ինչը նպաստել է տվյալ հատվածներում կերպարի խաթարմանը: Հաջորդ «գլուխգործոցը» վերոհիշյալ կամարների երեք մույթերի վերաշարումն է, ուր, բացառությամբ մույթերի խոյակների, մնացած բոլոր հատվածները ամբողջությամբ իրականացված են նոր տաշված քարերով (տես Լ- 10):
Այսպիսի գործելաոճի գնահատականը մեկն է` բարբարոսություն, անգրագիտության դրսևորում, որը ոչ մի առնչություն չունի ընդհանրապես ռեստավրացիայի հիմնարար սկզբունքների հետ: Նշեմ, որ այդ երեք մույթերի քարերի ընդհանուր քանակը 51 է, և որ նախագծով մեր կողմից ընդամենը 5 քարն էր փոխարինվում նորով: Ստացվում է, որ 46 քարերը դուրս են մնացել վերաշարման գործընթացից: Հարց է առաջանում` իսկ ու՞ր են այդ մույթերի, ինչպես նաև հյուսիսային սրահի պատային հատվածների չվերաշարված քարերը: Պարզվում է` վերը մատնանշված քարերի «հետքերը» կոծկելու նպատակով, աշխատանքներն իրականացնողները հուշարձանի տարածքից այն տեղափոխել ու կուտակել են պարսպապատից դուրս, հարավային հատվածում, ուր պարզորոշ երևում են իմ կողմից համարակալված քարերը (տես Լ- 11, 12, 13):

(շարունակելի)

Միշա ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագծի հեղինակ, վերականգնող ճարտարապետ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ