ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով՝ Նորայր Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: Նազարյանի նշանակումը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կոլեկտիվներն ընդունել են մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ՝ վստահ լինելով, որ մշակութային օջախի նոր տնօրենն իր հետ դրական փոփոխություններ կբերի:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հիշեցնում է, որ Նորայր Նազարյանը 2011-2018 թթ. եղել է ՀՊԿՆ տնօրեն:
«Նորայր Նազարյանն իր գործը փայլուն էր կատարում որպես նվագախմբի տնօրեն: Նա ցույց է տվել, որ ունի կազմակերպչական և ադմինիստրատիվ ահռելի հնարավորություններ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բոլոր խնդիրները մեկ շաբաթում անհետացել են: Եվ դա մեզ համար մեծ երևույթ է, մինչ այսօր նման բան չէինք կարող ակնկալել: Օրինակ՝ երբեք չէինք մտածի, որ ձմռանը տաք դահլիճում կարող ենք փորձ անել, իսկ այսօր այդ հարցը լուծված է»,-նշում է Վահան Մարտիրոսյանը:
Մաեստրոն վստահ է՝ Կամերային երաժշտության տան վիճակը գնալով լավանալու է: «Տարբեր խնդիրներ կային մինչ Նազարյանի նշանակումը: Օրինակ՝ ոչ առողջ աշխատանքային մթնոլորտ էր տիրում: Ես նախկինում դժվարանում էի շենք մտնել՝ անառողջ մթնոլորտի պատճառով: Հիմա ամեն ինչ այլ է, բոլորը երջանիկ գալիս են այս շենք»,-հավելում է դիրիժորը:
Վահան Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծում է՝ Նորայր Նազարյանը ճանաչում է կենտրոնի կոլեկտիվներին, արագ կողմնորոշվող, բարձր մարդկային արժեքների տեր անձնավորություն է, գործի պրոֆեսիոնալ: Նրա խոսքով՝ աշխարհում նման քիչ պրոդյուսերներ կան, և մեր երկրի պայմաններում Նազարյանը ֆանտաստիկ աշխատանք է կատարում:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը ևս գոհ է Նազարյանի նշանակման առթիվ:
«Վերջապես մի բանիմաց անձնավորություն եկավ, ով ոչ թե մեզ խոչընդոտում ու խանգարում է, այլ միայն օգտակար է լինում: Մեր իրականացրած բոլոր նախագծերի մեջ, միանշանակ, նրա դերը շատ մեծ է: Մեծ հույսեր ենք կապում աշխատանքի դրական ընթացքի հետ, և կենտրոնի զարգացումը միանշանակ կապում ենք Նորայրի հետ: Անփոխարինելի մարդ է, շատ ուրախ եմ, որ համագործակցելու և աշխատելու ենք նրա հետ»,-հավելում է դիրիժորը:
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը համակարծիք է գործընկերների հետ:
«Շատ գոհ եմ Նազարյանի նշանակման առնչությամբ: Ուրախ եմ, որ որևէ անակնկալ չեղավ, եղավ այնպես, ինչպես պետք է լիներ, հաշվի առնվեց բոլոր գեղարվեստական ղեկավարների կարծիքը: Աշխատել ենք Նորայր Նազարյանի հետ այն ժամանակ, երբ ժամանակավոր պաշտոնակատար էր: Դրական, գործունյա, ազնիվ, աշխատասեր մարդ է, ղեկավար»,-հավելում է Թոփիկյանը:
Նրա խոսքով՝ բոլոր կոլեկտիվներր դրական վերաբերմուքն ունեն Նորայր Նազարյանի նկատմամբ՝ թե՛ մարդկային տեսանկյունից, թե՛ աշխատանքային համագործակցության առումով: Հարություն Թոփիկյանի խոսքով՝ առաջիկայում շատ հետաքրքիր ծրագրեր կարելի է իրականացնել և միասին լավ արդյունքների հասնել: Եվ նոր տնօրենի հետ մեծ ակնկալիքներ կան:
Նշենք, որ Նորայր Նազարյանը 2006-2008թթ. աշխատել է որպես տնօրենի օգնական «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում: 2008-2011թթ. եղել է «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, 2011-2018 թթ. եղել է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն, ինչպես նաև 2018 թ. հունիսից եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2007 թվականին Ն.Նազարյանն ստացել է ՀՀ վարչապետի կողմից շնորհակալագիր, իսկ 2011 թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2015 թվականին ՀՀ նախագահի կողմից ստացել է Երախտագիտության մեդալ:
Որպես գլխավոր մենեջեր եղել է ‹‹Այց առաջին քրիստոնյա երկիր›› Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից ‹‹System of a down ›› խմբի համերգի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կազմակերպիչ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցել այլ կարևոր պետական միջոցառումների կազմակերպման հարցում: