Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում կան ուժեր, որ փորձում են ապացուցել, թե ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների:
«Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած ինչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում, կոնկրետ քաղաքական ուժեր»,-ասաց նա: Մանկատան երեխաներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին վարչապետն ասաց, որ 2003-ից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով: «Չակերտավոր ազգային կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Հիմա, որ գնանք, հետաքննենք, պարզենք ու պարզվի ինչ-որ բան, ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ։ Հիմա, որ ասեմ քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: