ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թեկնածուներ է փնտրում պետքարտուղարի պաշտոնի համար, պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է որոշի Սենատի ընտրություններին մասնակցելու համար լքել պաշտոնը՝ տեղեկացնում է The Washington Post-ը: Մայք Պոմպեոն հնարավոր է առաջադրվի Սենատի ընտրություններին Կանզաս նահանգից: Նադեռևս վերջնական որոշում չի կայացրել, ժամանակ ունի. թեկնածուների գրանցումն ավարտվում է 2020-ի հունիսին:
Պետքարտուղարի պաշտոնի հնարավոր թեկնածուների ցանկում նշվում են.
1. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ Բրայենը,
2. ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը,
3. Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը,
4. պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը,
5. Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը,
6. հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա նահանգից) և Թոմաս Կոտտոնը (Արկանզաս նահանգից):
Պարբերականի տվյալներով՝ ամենից հաճախ որպես Պոմպեոյի իրավահաջորդ է նշվում Ռոբերտ Օ Բրայենի անունը: Նա վայելում է Դոնալդ Թրամփի համակրանքը, նախագահի փոխարեն մեկնել է Թաիլանդ՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հոկտեմբերյան գագաթաժողովին, ուղեկցել է փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին Թուրքիա, որտեղ նրանք պետք է պայմանավորվեին Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Նրա թեկնածությանը կողմ է նաև Պոմպեոն:
Մայք Պոմպեոն պետքարտուղար է նշանակվել 2018-ի ապրիլին: