ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի և Իտալիայի նախագահները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Իտալիայի նախագահները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը
16.03.2020 | 22:06

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում: Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված գործողությունների և քաղաքացիների պատասխանատու և կարգապահ պահվածքի անհրաժեշտությունը:


Սերջիո Մատարելլան ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը, վարակի հետագա տարածման կանխարգելման, հիվանդների բուժման և կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասների նվազեցման և վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:
Իր զորակցությունը հայտնելով Իտալիայի նախագահին և Իտալիայի ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նույնպես ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածման դիմակայմանը: Նախագահն ընդգծել է, որ նման համաշխարհային առումով վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում, երբ համաճարակների արագ տարածման ռիսկը ավելի մեծ է, անհրաժեշտ է գտնել համընդհանուր լուծումներ, փորձի և տեղեկատվության արագ փոխանակում:


Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ, պետություններից յուրաքանչյուրում իրականացվող միջոցառումներից անկախ, երկրների և համապատասխան կառույցների միջև համագործակցությունը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից նույնպես կարող է իր նպաստը բերել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նախագահները պայմանավորվել են հետագայում ևս պարբերաբար տեղեկատվություն փոխանակել:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ