Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եթե ոչ Համալսարանում, ուրիշ որտե՞ղ պիտի կոտրվի նվաստացումների շղթան

Եթե ոչ Համալսարանում, ուրիշ որտե՞ղ պիտի կոտրվի նվաստացումների շղթան
17.12.2024 | 23:07

Երևանի պետական համալսարանում այսօր հյուրընկալել են մի կնոջ, ով երկրորդել է Իլհամ Ալիևին, հայտարարել, թե Հայաստանում 11 հազար դասալիք կա ու ոչ մի պատասխանատվություն չի կրել դրա համար։ Հյուրընկալել են մի կնոջ, ով շրջանառության մեջ է դրել «կրթվելը նորաձև է» հակաէթիկական «դատողությունը». ոչ միայն ընդունել են, այլև քննարկել են այդ «գաղափարը», այդ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ, փաստորեն, ուրախանալը հմտություն է։

Քննարկել են կրթության հարցեր մի կնոջ հետ, ով իր վարվելակերպով հակադրվում է կրթության առաքելություն հանդիսացող էթիկական շատ հատկանիշների, առաջին հերթին՝ համեստության, ազնվության, արդարության ու ազատության հետ։

Ու այս ամենը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում՝ Մայր բուհում, որտեղ տասնամյակներ շարունակ կերտվել է մեր ազգային ընտրանին, մշակվել են մեր հավաքական աշխարհայացքի փիլիսոփայական հիմքերը։

Ու մի՞թե չի գտնվելու մեկը, ով ռեկտորին տա շատ պարզ մի հարց․ «Ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որ իրեն թույլ է տալիս հայտարարել, թե ԵՊՀ-ն միանում է իր հայտարարած «կրթությունը նորաձև է» արշավին»։ Մի՞թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղադրված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանները չեն հուշել, որ պետք էր մերժել այդ կեղծ, քաղաքականապես տենդենցիոզ գաղափարը քննարկելը։ Նորությու՞ն է կրթվելը։ Մի՞թե չեն հիշել, որ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը զարկ տվեցին կրթության գործին՝ Աստծո խոսքը, առաքինությունները, բարոյականությունը ժողովրդին փոխանցելու համար, այլ ոչ՝ մոդայի նկատառումներով։ Ինչու՞ մի կնոջ թեթև ձեռքով 14․000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ ու հակաէսթետիկ գաղափարի արշավի մասնակից։ Եվ ի՞նչ, գուցե այս «գաղափարն» ընդգրկե՞ք ԵՊՀ զարգացման ռազմավարական հաջորդ ծրագրում, գուցե հանձնարարե՞ք բոլոր լսարաններում քննարկել այս «գաղափարը»։

Եթե ոչ Համալսարանում, ապա ուրիշ էլ որտե՞ղ պիտի կոտրվի նվաստացումների էս շղթան:

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 5011

Մեկնաբանություններ