«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Ամերիաբանկը» պետք է պատասխան տա իր արածի համար

«Ամերիաբանկը» պետք է պատասխան տա իր արածի համար
11.11.2026 | 12:01

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործում Աշոտ Սուքիասյանից բացի, պատասխանատու համարեց նաև բանկին

Հայաստանում այսօր նույնիսկ դպրոցականները և շատ տարեց մարդիկ գիտեն ինչ է բանկի «սև ցուցակ» կոչվածը: Եթե ժամանակին չկատարեցիք ձեր բանկային պարտավորությունները, ժամանակին չվերադարձրեցիք վերցված վարկի գումարները և բանկի սահմանած տոկոսները, մինչև իսկ, ասենք, մի 1000 դրամի ժամանակին չվերադարձված գումար եղավ ձեր անունով, և բանկը ձեզ գցեց «սև ցուցակ», վերջ, այլևս չեք կարող անգամ շատ փոքր գումարի վարկ վերցնել ոչ միայն տվյալ, այլև այլ բանկերից, վարկային կազմակերպություններից:

Բայց արի ու տես, որ «Ամերիաբանկը» Հայաստանի վարչապետի պաշտոնում դեռ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք, չնայած այն հանգամանքին, որ չգիտես գործարար, չգիտես թե պրոֆեսիոնալ խարդախ Աշոտ Սուքիասյանը բանկից վերցված, 12 տոկոսով տրված ահռելի գումարի վարկը սահմանված ժամկետի խախտմամբ վերադարձրած չի եղել, նրան դարձյալ, ընդհանուր առմամբ, ավելի քան 10 մլն դոլարի վարկ է տրամադրել, ընդ որում, ոչ թե մեկ անգամ, այլ ընդհանուրը 14 անգամ (14 տրանշով), տոկոսադրույքն էլ սկզբնական 12-ից հասցնելով 15-ի:

Ընթերցողը հիմա չի հավատա, կմտածի, կասի՝ հնարավոր չէ: Հնարավոր չէ, որ բանկի համապատասխան աշխատողները, ղեկավարությունը բանկի, իրենց իսկ շահերի դեմ գործեին: Անհո՜գ… Բանկի դեմ չեն գործել, Աշոտ Սուքիասյանի հետ միասին գործել են վերջինիս վերցրած վարկի համար երաշխավոր հանդիսացած գործարար Փայլակ Հայրապետյանի շահերի դեմ, ինչի հետևանքով Հայրապետյանն միլիարդավոր դրամների վնաս է ստացել ու սնանկացել: Հայրապետյանին ժամանակին պատկանում էր «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման, Երևանի գաջի գործարանը, «BMW» խանութների ցանցը, իսկ այսօր նա, թեև Սահմանադրությամբ մեր երկիրն իրավական պետություն է, ունեզրկված է:

Փայլակ Հայրապետյանը և իր հարազատներն իրենց պատկանող ընկերությունները և գույքը 2011թ. գրավ են դրել «Ամերիաբանկում», որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանին Անգոլայում (Աֆրիկա) ոսկու և ալմաստի հանքեր շահագործելու նպատակով բանկը 10,7 մլն դոլար վարկ տրամադրի: Աշոտ Սուքիասյանը չի կատարել իր վարկային պարտավորությունները և թռել է Հայաստանից, ինչի հետևանքով Հայրապետյանը կորցրել է բանկին տված իր գրավը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2017թ. Աշոտ Սուքիասյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման և վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել հօգուտ Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն դրամ՝ հօգուտ նրա որդու: Չնայած դատարանի որոշմանը, Հայրապետյանը կորցրել է իր ունեցվածքը, դատավճռով նախատեսված գումարները, որոնք Սուքիասյանը պետք է վերադարձներ, չեն վերադարձվել:

Այսօր այս թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկավ «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանը: Նշելով, որ Սուքիասյանի կողմից իր վարկային պարտավորությունների չկատարումից հետո բանկը նրան արդեն հենց երկրորդ անգամ վարկ չպետք է տար, սակայն երկրորդ տրանշի ժամանակ տվել է արդեն 15 տոկոսով, Բաղդասարյանը մի շատ կարևոր ընդգծում արեց.

«Այդ պահից սկսած, չի լինում երաշխավորի համաձայնությունը»:

Չի լինում, որովհետև բանկը նախ ծրագրով պետք է տար, չի տվել, այսինքն՝ ծրագիրը խախտվել է: Երկրորդ. եթե Սուքիասյանը չի վճարել տոկոսները, ինչո՞ւ է երկրորդ տրանշը տրվել: Եվ ամենակարևորը, Հայրապետյանը համաձայն չի եղել, որ վարկը 12 տոկոսի փոխարեն 15 տոկոսով տրվի: Հաջորդը. ստանալով 2-րդ տրանշի գումարը՝ ևս մի քանի մլն դոլար, գումարը ոչ ավել, ոչ պակաս, ուղարկվել է Կիպրոսում գտնվող օվշոր: Հետո այդ գումարի մի մասը հետ է եկել բանկ, և վարկը վերցրած Աշոտ Սուքիասյանը դրանով բանկից ոսկու ձուլակտորներ է գնել իր և (կամ) այլ անձանց համար, որի իրավունքը չուներ, քանի որ ծրագրով նման բան նախատեսված չէր, վարկը տրված էր գումարը հանքարդյունաբերության մեջ ներդնելու համար:

«Այսինքն՝ այստեղ հարց է առաջանում,- ասաց «Լև Գրուպ»-ի գլխավոր տնօրենը:-Բանկ, անձը ռիսկային գոտում էր գտնվում, գումարը տվեցիր, պարտավորություններն առաջին տրանշով չկատարեց, տոկոսն ես բարձրացրել, 2-րդ տրանշի գումարն ես տվել, հետո անձը նորից չի վճարել այդ գումարները, չի վճարել այդ գումարները, ամսական պարտավորությունները չի կատարել, տվել ես 10 միլիոն դոլար և ավելի գումար:

Շարունակեմ միտքս և տամ որոշակի իրավական գնահատական: Այդ ընթացքում երաշխավորը, բնականաբար, բարձրաձայնում է, գոռում է, ոչ ավել, ոչ պակաս, հասնում է Աֆրիկա, և այնտեղ իրեն ասում են՝ ինչ Աշոտ, ինչ բիզնես, չկա նման բան: Նորից է բարձրաձայնում, և պետական լիազոր մարմինը որոշում է, որ քրեական վարույթ պետք է հարուցվի Աշոտի նկատմամբ»:

Դեռ առանձին հարց համարելով, թե քրեական վարույթի հարուցմանը զուգահեռ ի՞նչ գործողություններ պետք է կատարեր Կենտրոնական բանկը, ի՞նչ գործողություններ պետք է կատարեին՝ հասկանալու համար, թե բանկի շահագրգռվածությունը ո՞րն է եղել, որ նման գումարներ է տվել՝ առանց վարկառուի կողմից իր պարտավորությունների կատարման, փաստաբանը հիշեցրեց 10-12 տարի առաջ մամուլում հայտնված այն տեղեկությունների մասին, որ Սուքիասյանը եկել է և կամավոր հանձնվել է իրավապահներին, գտնվում է Վրաստանում:

Սուքիասյանին ձերբակալել են, կալանավորել, քրեական վարույթ են հարուցել, մեղադրանք առաջադրել, գտել են, որ նա հանցագործություն է կատարել, և առաջին ատյանի դատարանը հրապարակել է դատավճիռը: Դրանից հետո Սուքիասյանը կամ իր փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան:

«Եվ ով զարմանք. Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Աշոտը հանցագործություն չի կատարել, բեկանում է, տեղում Աշոտի կալանքը փոխում է, Աշոտը հայտնվում է դրսում: Հաջորդ օրն Աշոտը լքում է երկրի սահմանները,- ասաց Բաղդասարյանը:- Դատախազությունն է բողոք բերում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտը հանցագործություն է կատարել և ինքը պետք է դատապարտվի, մեղադրանքը հաստատում է, չգիտեմ տալիս է 8 տարի, թե 10 տարի, էական չէ: Աշոտը Հայաստանում չէ, Աշոտն այստեղ անգամ սեփական կատու չունի: Ո՞վ է այստեղ տուժում… Տուժում է այն անձը, ով իր ռիսկի հաշվին, ընդունելով, որ կարելի է լավ բան անել, ինչու չէ, կարելի է այդտեղից նաև եկամուտ ստանալ, երաշխավոր է հանդիսացել, և կորցրրել է իր ամբողջ ունեցածը:

Որն է իմ այսօրվա մամուլի ասուլիսի նպատակը. ոչ միայն բարձրաձայնել այն, ինչ որ կա, այլ բարձրաձայնել հետևյալ հարթության վրա. տոտալ ձևով խախտվել են Փայլակ Հայրապետյանի իրավունքները, և դրանք խախտելու ուրույն կրողը եղել է բանկը, և բանկը պետք է պատասխան տա իր արածի համար»:

Ինչպես տեղեկացրեց «Լև Գրուպ»-ի գլխավոր տնօրենը, ինքը դիմելու է Կենտրոնական բանկին, որպեսզի վերջինս վերլուծի և տեսնի, թե այս գործարքից զատ, արդյո՞ք էլի այդպիսի գործարքներ են եղել, երբ անձը եղել է ռիսկային գոտում, բանկային պարտավորությունները չի կատարել, բայց իրեն նման խոշոր գումարի վարկ են տվել, եղե՞լ է նման դեպք, երբ անձը պարտավորությունները չի կատարել, բայց բանկը տվել է 2-րդ, 3-րդ, 4-րդ տրանշը, եղե՞լ է նման բան, երբ ծրագիր է ներկայացվում, թե այդ գումարն ուղղակի պետք է ներդրվի ինչ-որ հանքարդյունաբերության մեջ, բայց վարկառուն կանխիկացնում է գումարի մի մասը, մի որոշ մասով էլ հենց նույն բանկից և այլ բանկերից գնում է ոսկու ձուլակտորներ:

«Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի անձի խախտված իրավունքները վերականգնվեն,- հավաստեց Բաղդասարյանը:- Ավելին. դիմելու եմ իրավապահ մարմիններին, որպեսզի բանկի գործունեության իրավաքրեական գնահատականը տան»:

Փաստաբանը կատարվածի համար բանկին նույնիսկ ավելի պատասխանատու համարեց, քան Աշոտ Սուքիասյանին: Ըստ նրա, «Պետական մահակը պետք է իջնի այն բանկի գլխին, որը հաշվի առնելով, որ վարկառուն ունի երաշխավոր, որի գույքով ապահովված է, իր գործառույթներով ուղղակի նպաստել է, որպեսզի անձը դառնա, թող ներվի ինձ, «օրենքով բոմժ»»:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև պետական լիազոր մարմնի՝ Կենտրոնական բանկի կողմից ոչ պատշաճ հսկողության իրականացման փաստին, ինչը պետք է կանխեր կամ թույլ չտար, որ բանկը նման քայլերի գնար: Կենտրոնական բանկի անգործության կամ ոչ պատշաճ հսկողության առումով, որը պետք է հետևեր իր սահմանած «խաղի կանոնների» կատարմանը, գնահատականը պետք է տա կառավարությունը:

«Այստեղ ես տեսնում եմ «Ամերիաբանկի» շահագրգռվածությունը»,- ասաց «Լև Գրուպ»-ի գլխավոր տնօրենը և հավելեց, որ, իր կարծիքով, բանկի առերևույթ մեղսակցությունը կա:

Նշելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է, Բաղդասարյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ եթե ամեն ինչ ընթանար օրինական, նորմալ հունով, բանկն այդ գումարը չէր տա, Կենտրոնական բանկն էլ լավ հսկողություն կսահմաներ:

«Ես ունեմ ենթադրություն, որ դա արվել է պետական մակարդակով, եթե ոչ առաջին դեմքի (խոսքն այն ժամանակվա վարչապետի մասին է.- Ա .Հ.), ապա կոմպետենտ անձի ցուցումով,- հայտարարեց փաստաբանը:- Ես սկզբում իզուր չասեցի, որ որոշակի խորհրդակցությունների մասնակցել է երկրի այն ժամանակվա վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը»:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ այստեղ

Դիտվել է՝ 588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ