ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանն ապամոնտաժում են ներսից

Հայաստանն ապամոնտաժում են ներսից
26.11.2026 | 14:12

Մի քանի օր շարունակ ՏԻՄ ընտրություններին հետևելուց հետո ավելի ու ավելի եմ համոզվում, որ համայնքների խոշորացումը պատահական գործընթաց չէր, որն այդպիսի հապճեպությամբ իրականացվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։
Նույնիսկ Խորհրդային Միության պես հսկայական կայսրությունում քաղաքային և գյուղական բնակավայրերի կառավարման համակարգերը տարանջատված էին։ Կային քաղաքային և շրջանային խորհուրդներ։ Քաղաքային խորհուրդը զբաղվում էր քաղաքի, իսկ շրջանայինը՝ հիմնականում գյուղական բնակավայրերի խնդիրներով։ Իրենց հերթին, գյուղերում գործում էին խորհրդային տնտեսություններ կամ կոլտնտեսություններ։
Այժմ գյուղն աստիճանաբար կորցնում է իր նախկին նշանակությունը, գյուղատնտեսության ոլորտը՝ իր առաջնահերթությունը, գյուղատնտեսության նախարարությունը վաղուց լուծարված է, իսկ կոլտնտեսություններից հետք անգամ չի մնացել։
Գյուղը դարձել է գյուղական բնակավայր, քաղաքը՝ քաղաքային բնակավայր, և այդ երկուսը միացրել են միմյանց։ Այսինքն՝ բնակավայրը բնակավայր է, կերե՛ք, մարսե՛ք և...
Մինչև համայնքների խոշորացումը գոնե յուրաքանչյուր գյուղ ուներ իր գյուղապետարանը, ինքնուրույնության որոշակի աստիճան, իր սովորույթներն ու ավանդույթները։ Այդ համայնքներում գյուղապետ էին ընտրում, գյուղացիները համայնքային խնդիրների շուրջ հանդիպում էին, շփվում, քննարկումներ կազմակերպում։ Այսինքն՝ կար ներհամայնքային հասարակական կապ և կյանք։
Ավելին՝ գյուղական համայնքները տարբեր հարցերում մրցակցում էին միմյանց հետ և երբեմն նույնիսկ քաղաքներից ավելի լավ ու արդյունավետ էին կազմակերպում իրենց համայնքային կյանքը։
Խոշորացումից հետո այդ ամենը փաստացի կորավ։
Քաղաքային կառավարման համակարգը դեռևս լիարժեք չկայացած՝ քաղաքներին միացրին գյուղական համայնքները։
Օրինակ՝ Սևան քաղաքին միացրել են նախկին Սևանի շրջանի տասը գյուղեր, որոնք միմյանցից տարբերվում են թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ բնակչության թվով, թե՛ տնտեսական զարգացման մակարդակով։ Յուրաքանչյուր գյուղ ունի իրեն բնորոշ խնդիրները, որոնք հաճախ էապես տարբերվում են մյուս գյուղերի խնդիրներից։
Հետևաբար, մեկ կենտրոնից քաղաք և տասը գյուղ արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է ունենալ անհամեմատ ավելի զարգացած կառավարման համակարգ, մասնագիտական կարողություններ և մարդկային ռեսուրսներ, քան նախկին քաղաքային համայնքապետարանն ուներ։
Իմ պատկերացմամբ՝ այս պայմաններում կա երկու հնարավոր զարգացում. կա՛մ պետությունը պետք է ունենա այնպիսի տնտեսական և կառավարչական ներուժ, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների և ծառայությունների մակարդակը հասցնի քաղաքային բնակավայրերի մակարդակին, կա՛մ քաղաքային բնակավայրերն աստիճանաբար հետընթաց են ապրելու՝ կորցնելով իրենց քաղաքային բնույթը։
Կամ էլ ի՞նչ քաղաքային բնույթ, երբ խոշորացված համայնքային կենտրոններում նույնիսկ պետական գերատեսչությունների գրասենյակներ չկան, կադաստր, անձնագրային բաժին և այլն...
Այսինքն գյուղից քաղաք գնալու անհրաժեշտություն էլ չկա:
Հիմա հետևում ես ՏԻՄ այս թշվառ ընտրություններին և հասկանում, որ խոշորացված համայնքներում իշխանության ձգտող թիմերը չունեն և, այս համակարգի պայմաններում, դժվար թե կարողանան ունենալ զարգացման որևէ լուրջ ծրագիր։ Փոխարենը խոսում են երկրորդական ու երրորդական հարցերից։
Մինչդեռ բոլորը կանգնած են կոտրված տաշտակի առաջ, ավելի ճիշտ՝ մի համակարգի առաջ, որը չի աշխատում։
Պատկերացրեք պայքար մի հաստոցի կամ մեքենայի համար, որը, նախ, չի աշխատում, և երկրորդ՝ դրա համար պայքարողներից որևէ մեկը չգիտի, թե ինչպես կարելի է այն գործարկել։
Ասում են՝ սուբվենցիոն գումարներ կբերենք, այս գործը կանենք, այն գործը կանենք...
Բայց սուբվենցիոն ֆինանսավորումն անսպառ չէ։ Երկրի պետական պարտքն օրեցօր ուռճանում է, և միայն դրա տոկոսների սպասարկման համար ՀՀ պետական բյուջեից տարեկան մեկ միլիարդ դոլարից ավել գումար է հատկացվում։
Նմանատիպ վիճակում է նաև հասարակության զգալի մասը։ Մարդիկ ապրում են վարկերով ու պարտքերով, և պարզ չէ, թե դեռ որքան ժամանակ կկարողանան սպասարկել դրանք։
Եթե մոտ ապագայում սուբվենցիոն ֆինանսավորման հնարավորությունները սահմանափակվեն, գյուղական բնակավայրերն ավելի մեծ անտերության մեջ են հայտնվելու։
Սուբվենցիոն գումարներով իրականացված բազմաթիվ աշխատանքների որակն այնպիսին է, որ ընդամենը մեկ-երկու տարի անց դրանք պատշաճ վիճակում պահպանելու կամ վերականգնելու համար անհրաժեշտ են լինելու նորանոր խոշոր ծախսեր։
Եվ այդ ծախսերը կրկին կատարվելու են ոչ թե այդ գումարները վատնած կամ «սղոցած» պաշտոնյաների ու համայնքապետերի գրպանից, այլ պետական և համայնքային բյուջեներից, այսինքն՝ մեր բոլորի հաշվին։
Ընդ որում, դեռ մի կողմ ենք դնում մեր արտաքին խնդիրներն ու դրանցից բխող մարտահրավերները։
Այս ամենին զուգահեռ՝ մեր գյուղերում վերջին տարիներին լուրջ խնդիրների է բախվում գյուղատնտեսությունը, հատկապես՝ անասնապահությունը։
Երիտասարդներին գյուղերից ու մարզային քաղաքներից ամեն կերպ գայթակղում և տանում են Երևան՝ մեր երկրի գերկենտրոնացման ու անհամաչափ զարգացման կենտրոն, որպեսզի նրանք հիփոթեքային վարկերով բնակարաններ ձեռք բերեն, և շինարարական «լոխատրոնը» կանգ չառնի։
Այս տեմպերով շատ շուտով մեր բազմաթիվ գյուղերում, բացի տարեցներից, մարդ չի մնալու։
Առավել մտահոգիչ է սահմանամերձ գյուղերի դատարկումը։ Կարող եք այնտեղ գերժամանակակից դպրոցներ կառուցել, բայց միայն դպրոց կառուցելով հնարավոր չէ մարդկանց գյուղում պահել։ Մարդուն անհրաժեշտ են աշխատանք, եկամուտ, անվտանգության զգացում, արժանապատիվ կենսապայմաններ և ապագայի հեռանկար։
Համայնքների խոշորացման հետևանքով աստիճանաբար կորչում է նաև մեր գյուղերի ինքնատիպությունը, դրանց յուրահատուկ կոլորիտը, ներհամայնքային կապերը։ Մարդիկ միմյանցից հեռանում են, թուլանում է համայնքի նկատմամբ պատասխանատվության և պատկանելության զգացումը։
Իսկ գյուղը միայն վարչատարածքային միավոր կամ քարտեզի վրա նշված բնակավայր չէ։ Այն իր պատմությունն ունեցող, իր ավանդույթներով ապրող և սերունդների ընթացքում ձևավորված հասարակական միջավայր է։
Արդեն մի քանի օր է՝ հետևում եմ իմ հարազատ Սևան համայնքի ընտրություններին և, որքան էլ փորձում եմ, գործող համակարգի շրջանակներում լուծում չեմ տեսնում։
Սա պարզապես կառավարման ձախողում չէ, իրական աղետ է։
Տեղի ունեցող գործընթացներն ինձ ավելի ու ավելի են համոզում, որ մեր երկիրը ծրագրված կերպով տանում են դեպի ինքնափլուզում։
Եթե կարող եք հակափաստարկներ բերել, խնդրե՛մ:

Արա Արայան
Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ