Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պորոշենկոն ստանձնեց նախագահի պաշտոնը

Պորոշենկոն ստանձնեց նախագահի պաշտոնը
08.06.2014 | 13:23

ՈՒկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն ստանձնելով պաշտոնը՝ առաջին իսկ ճառում խոստացավ երկիրը տանել դեպի Եվրամիություն, խաղաղություն բերել երկրի արևելյան շրջաններին: Դիմելով ինքնահռչակ Դոնբասի բնակչությանը՝ ՈՒկրաինայի նախագահն անցավ ռուսերենի և հայտարարեց, որ պատրաստ է արտահերթ տեղական ընտրություններ անցկացնել և երկխոսություն սկսել օրինական ընտրված գործընկերների հետ: Միևնույն ժամանակ ընդգծեց, որ ՈՒկրաինան միասնական երկիր է, և այս հարցը քննարկման ենթակա չէ:
«Որպես նախագահ՝ շուտով ես ձեզ մոտ կգամ խաղաղությամբ, իշխանության ապակենտրոնացման նախագծով, ձեր շրջանում ռուսերենի ազատ օգտագործման երաշխիքով, շրջանի նկատմամբ հարգանքով»,- դիմելով պաշտոնական Կիևը չճանաչող շրջաններին՝ ասաց Պորոշենկոն:
Իր երդմնակալության ելույթում ՈՒկրաինայի նոր նախագահը երկու անգամ շեշտեց, որ Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը, որը եղել է և կմնա ուկրաինական տարածք։ Նա նաև հայտարարեց, որ այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուրբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցած կարճատև հանդիպման ժամանակ: Դիմելով միասնականության դեմ պայքարող գրոհայիններին՝ Պորոշենկոն խոստացավ պատասխանատվության չենթարկել բոլոր նրանց, ում ձեռքերն արյունոտ չեն և ովքեր պատրաստ են վայր դնել զենքերը: Մոտ 25- րոպեանոց ելույթը մի քանի անգամ ընդհատվեց երկարատև ծափահարություններով: Եվս մեկ անգամ նախագահը առաջարկեց հոտնկայս լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր ընկան հանուն ՈՒկրաինայի անկախության:
Երդմնակալության արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ 20 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյը, Գերմանիայի, Բելառուսի, Վրաստանի և այլ երկրների նախագահներ: Ռուսաստանը երդմնակալությանը ներկա էր դեսպանի մակարդակով։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ