Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոզ-Ռոթ սեմինարում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոզ-Ռոթ սեմինարում
19.06.2015 | 12:17

ՈՒրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարը: Ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին և բարի գալուստ մաղթում արտերկրից ժամանած մեր հյուրերին:
Վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ծավալվող նորօրյա մարտահրավերները, անվտանգության միջավայրի սպառնալիքները, որոնք եկել են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերին, առավել արդիական են դարձնում նման քննարկումները: Հուսով եմ, որ երևանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին և արդյունավետ ներդրում կկատարի դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում:
Միջազգային հարաբերություններում աննախադեպ փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ ջանքեր է պահանջում: Հայաստանը ևս փորձում է իր նպաստը բերել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում և այդ առանցքում կարևոր դեր է հատկացնում ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին:
Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը դեռևս 1990-ականների սկզբից ընթանում է Գործընկերություն հանուն խաղաղության և Եվրատլանտյան գործակցության խորհրդի, ինչպես նաև՝ համաձայնեցված երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում: 2006-ից ի վեր մեր համագործակցության հենքն է հանդիսանում Անհատական գործընկերության գործողության ծրագիրը, որի հերթական փուլը գտնվում է իրականացման ընթացքում:
Մեր օրակարգային առանցքային թեմաներից է քաղաքական երկխոսությունը անվտանգության խնդիրների շուրջ: Այն պարբերաբար ընթանում է տարբեր մակարդակներով, ներառյալ՝ ամենաբարձր: Այդպիսի առիթ ներկայացավ 2014-ի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ի՝ ՈՒելսի գագաթնաժողովում` Աֆղանստանի՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերին ներդրում կատարող երկրների ձևաչափով
Հայաստանի արտգործնախարարը 2014-ի դեկտեմբերին Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելության մեկնարկի նախարարական հանդիպմանը և վերահաստատեց առաքելությանը հայկական կողմի մասնակցության որոշումը: Ինչպես գիտեք, դեռ 2010-ի փետրվարից Հայաստանը ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում, մեկ տարի անց` 2011-ի հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը: Այս տարվա հունվարից հայկական զորախումբը շարունակում է իր ծառայությունն արդեն նոր` «Հաստատակամ աջակցություն» առաքելության շրջանակներում: Անցած տարիների ընթացքում հայ խաղաղապահները փոխգործակցության անգնահատելի փորձ ձեռք բերեցին Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակում:
Հայաստանը շարունակում է նաև իր մասնակցությունը Կոսովոյում խաղաղության հաստատման առաքելությանը:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առարկայական համագործակցություն է ծավալվում նաև պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների, հանրային դիվանագիտության և այլ ոլորտներում:
Մենք առանձնակի կարևորում ենք նաև Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը, որի վկայություններից է և այս սեմինարի անցկացումը:
Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ: Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ մեր անմիջական ներգրավումը չեն ենթադրում, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա: Այդպիսին է մասնավորապես ճգնաժամային իրավիճակը Սիրիայում և Իրաքում, Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արդյունքում: Այդ իսկ հասկանալի պատճառով Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին և հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության և խաղաղ միջոցներով լուծման օգտին: Մենք մեր հերթին պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել այն, ինչն անհրաժեշտ է` կանխելու անցանկալի զարգացումները: Հայաստանը հանդիսանում է «համագործակցային անվտանգության սկզբունքի» կողմնակից և գործնականում կիրառում այն: Լինելով Հավաքական անվտանգության կազմակերպության ակտիվ անդամ՝ մենք, միաժամանակ, վստահելի գործընկեր ենք ՆԱՏՕ-ի համար: Հանդես ենք գալիս նաև տարբեր պաշտպանական, անվտանգության կառույցների միջև հնարավորինս համակողմանի համագործակցության զարգացման օգտին, քանզի համոզված ենք, որ անվտանգության առավել բարձր և կանխատեսելի մակարդակ կարելի է ապահովել միայն երկխոսության, փոխգործակցության, սպառազինությունների վերահսկման, վստահության ամրապնդման, առանց բաժանարար գծերի, միասնական և անխախտ անվտանգության միջավայրի ձևավորման միջոցով:
Դա վերաբերում է և մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, որը կարիք ունի ընդհանուր անվտանգության միջավայրի գիտակցության արմատավորման: Այդ գիտակցության պարագայում անիմաստ կդառնան հակամարտությունների կարգավորման գործընթացներում միակողմանի, անզիջում դիրքորոշումները, փակ սահմանները և այլ երևույթներ, որոնք հարիր չեն մեր դարաշրջանին:
Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին և ՈՒկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, այլև՝ ՈՒկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթնաժողովի արդյունքները՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի ստորագրած փաստաթուղթը: Լիահույս ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի ճգնաժամի համապարփակ կարգավորման համար: Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է ոչ միայն ձևական, այլ նաև գործնական աջակցություն ցուցաբերել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, որն ուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով կարգավորմանը: Սակայն անընդունելի են նշված մոտեցմանը հակառակ` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում առկա ձևակերպումները, որոնք արդյունք են հանդիսանում, ինչպես ՈՒելսի գագաթնաժողովում նշեց նախագահ Սարգսյանը՝ «սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի լոբբինգի»: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ դա լուրջ խոչընդոտ է հանդիսանում հիմնախնդրի կարգավորման համար: Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթնաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին: Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետևում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը բաձրաձայն պետք է դատապարտի նման կեցվածքը, որը միայն փակուղի է տանում և առաջին հերթին՝ ադրբեջանական հասարակությանը:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին շարունակելու ջանքերն` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Ինչպես հայտնի է, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների և նեղ շահերի։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ ևս մեր երախտիքի խոսքն ուղղել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրենց որոշումներով, բանաձևերով և հայտարարություններով ճանաչեցին կամ վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը` իրենց նպաստը բերելով մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը, կոչ արեցին Թուրքիային անել նույնը և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ռոզ-Ռոթ սեմինարը և նման այլ բնույթի միջազգային միջոցառումները պետք է ծառայեցվեն կառուցողական երկխոսության նպատակներին: Այդ երկխոսությունն անհրաժեշտ նախապայման է՝ ճգնաժամերը կանխելու և առավել ևս դրանք կարգավորելու համար: Այն անհրաժեշտ նախապայման է արդեն իսկ գոյություն ունեցող և մեր առջև ծառացող նոր մարտահրավերներին համարժեք և արդյունավետ դիմակայելու համար: Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել սեմինարի մասնակիցներին և ցանկանալ արդյունավետ քննարկումներ առաջիկա երեք օրերի ընթացքում:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ