ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կարևոր է քաղաքացու կարծիքը

Կարևոր է քաղաքացու կարծիքը
02.09.2016 | 08:40

«Այո, շատ ճիշտ մոտեցում է: Ծառայությունը ժողովրդի համար է, ուրեմն ժողովուրդն էլ պետք է գնահատի աշխատակիցների գործելակերպը»,- համոզված էին Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից շատերը՝ մեզ հետ զրույցում գնահատելով անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներդրած նոր համակարգը:


Երեք օր է` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն «Կենտրոն» սպասարկման գրասենյակում ներդրել է էլեկտրոնային գնահատման նոր համակարգ, որը քաղաքացիներին հնարավորություն կտա գնահատելու սպասարկման գրասենյակների մատուցած ծառայությունների որակը, և մինչ քաղաքացիները գործնականում կշփվեն նոր համակարգի հետ, անշարժ գույքի կադաստրի կոմիտեից վստահեցնում են, որ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման նպատակն է է՛լ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Գուցե և այն իսկապես ծառայի նպատակին, քանի որ հնարավորություն է տրվում բացահայտելու համակարգի այն խնդիրները, որոնք ակներև չեն:


«Համալիր շարունակական բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթի թափանցելիությանը, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության ապահովմանը, ինչը կնպաստի քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը»,- էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսին ասել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:


Ինչ խոսք, հանրային ծառայությունից օգտվող քաղաքացու կարծիքը կարևոր է, սակայն չմոռանանք, որ որոշ դեպքերում քաղաքացին ևս կարող է անկողմնակալ չլինել ծառայություն մատուցողի նկատմամբ: Այսինքն, նոր համակարգը, մի կողմից, կարող է դրական լինել, մյուս կողմից՝ խոցելի դարձնել աշխատողին: Մեր այս մտավախությանն ի պատասխան անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկացրին, որ ծրագիրը փորձնական է և դրական արդյունքների դեպքում միայն լայնորեն կներդրվի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ