Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՈՒրվագծերի շքերթ

ՈՒրվագծերի շքերթ
08.07.2026 | 10:36

Աշխարհը փոխվեց գարնանը, երբ ՄԱԿ-ն ընդունեց Օձիքածալերի երրորդ արձանագրությունը: Այսուհետ յուրաքանչյուր առաջնորդ պարտավոր էր պիջակի վրա կրել իր երկրի ճշգրիտ ֆիզիկական քարտեզը՝ Ոսկերիչների բարձրագույն պալատի կողմից հաստատված մասշտաբով: Առանց կրծքանշանի առաջնորդի հանրային հայտնվելը հավասարեցվում էր պետական դավաճանության և ինքնիշխանության կորստի:

Ֆուրշետի սեղանի մոտ, նորափայլ դրամի պես շողշողալով, կանգնած էր Նիկոլ Փաշինյանը: Նրա կրծքանշանը գլուխգործոց էր: Հայ քարտեզագիրները, համագործակցելով պլաստիկ վիրաբույժների հետ, հրաշք էին գործել. նրանք այնքան նրբորեն էին տաշել սահմանային «ավելորդ» ելուստները, որ նրա կրծքին գտնվող Հայաստանը վերածվել էր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողի կատարյալ ու նրբագեղ դիմապատկերի: Փաշինյանը հպարտորեն ուղղում էր օձիքածալը՝ գիտակցելով, որ էսթետիկորեն հաղթել է այս աշխարհաղաքականությանը: Այո՛, ստիպված էին զոհաբերել մի քանի քառակուսի կիլոմետր «աղջկա» կզակի և մազերի կատարյալ գծերի համար, բայց բարձր արվեստը զոհեր էր պահանջում:

Դահլիճի մնացած մասը հիշեցնում էր հոգեկան առողջության և դիզայնի զոհերի ցուցահանդես:

Ինդոնեզիայի նախագահը կանգնած էր անշարժ՝ վախենալով շունչ քաշել: Նրա օձիքածալը պատված էր տասնյոթ հազար մանրադիտակային ոսկե փշրանքներով: Նրան մոտեցավ քաղաքավարի շվեյցարացի դիվանագետը.

- Օ՜, գործընկեր, ձեզ մոտ այստեղ բուտերբրոդի քունջութ է մնացել...,- քնքշորեն ասաց շվեյցարացին և թաշկինակի թեթև շարժումով Սուլավեսին ու Մոլուքյան կղզիների կեսը սրբեց-գցեց ուղիղ սաղմոնով ափսեի մեջ:

Չիլիի վարչապետ Գաբրիել Բորիչը հյուծված տեսք ուներ: Նրա երկիրը, որը նման էր երկար արծաթե մակարոնի, ձգվում էր ուսից, շրջանցում գրպանը և անհետանում ինչ-որ տեղ տաբատի կոճակի տակ:

Գերտերությունների առաջնորդները դժվարությամբ էին տեղաշարժվում: ԱՄՆ նախագահը կրծքին կրում էր զրահաբաճկոնի չափսի զանգվածեղ պլատինե սալիկ: Ալյասկան ստիպված էին տեղափոխել ձախ ուսին՝ ուսադիրի պես, իսկ Հավայան կղզիները տխուր կախված էին ժամացույցի տակի շղթայից՝ հիշեցնելով ազդանշանային համակարգի բրելոկ: Ամերիկացու ամեն մի ձեռքսեղմում սպառնում էր ջախջախել եվրոպական փոքր միապետությունները:

Իսկական ճգնաժամը պայթեց սուրճի հերթում: Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը, ում հսկայական ոսկե կրծքանշանի մեջտեղում կատարյալ կլոր անցք էր բացված, խաղաղ զրուցում էր գործընկերների հետ:

Մեկ էլ հանկարծ սյան հետևից դուրս թռավ Լեսոթոյի վարչապետը: Նրա օձիքածալին փայլում էր մի փոքրիկ, միայնակ ոսկե կոճակ:

- Պատմական արդարությո՜ւն,- գոռաց Լեսոթոյի առաջնորդը և թափով թռավ ՀԱՀ նախագահի կրծքին՝ փորձելով իր կոճակ-կրծքանշանը մտցնել հարավաֆրիկյան քարտեզի դատարկ անկլավի մեջ:

- Պահպանությո՜ւն, ոտնձգությո՜ւն,- որոտաց ՀԱՀ նախագահը՝ փորձելով պոկել այդ փոքրիկ, բայց հպարտ պետությունն իր պիջակից:- Նրանք նորից խախտում են մեր ներքին սահմանները:

Իրարանցմանը պատահաբար միջամտեց Իտալիան: Իտալիայի վարչապետը շրջվեց՝ հասկանալու համար, թե ինչ աղմուկ է, և նրա մաքուր ոսկուց պատրաստված հայտնի «կոշիկը» ուժգին հարվածեց Ֆրանսիայի նախագահի օձիքածալին: Սոսկալի ճռռոց լսվեց: Կորսիկան պոկվեց և ընկավ իտալական պիջակի գրպանը:

Դահլիճում կատարյալ լռություն տիրեց: Ֆրանսիայի առաջնորդը դանդաղ հայացքն ուղղեց իր դատարկված քարտեզին:

- C'est la guerre (Սա պատերազմ է),- շշնջաց նա:- Դուք վերադարձրեցիք այն: Առանց հանրաքվեի:

Վերջաբան

Երեկոյան աշխարհը կարդում էր հրատապ լուրերը: Աշխարհի առաջնորդների ընդհանուր լուսանկարում տիրում էր իսկական պոստապոկալիպսիս:

Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները մինչև վերջ խցանվել էին ֆուրշետի նեղ անցումում: Ինչպես պարզվեց, Ղրիմի թերակղզին ոսկերչական քարտեզի վրա պատրաստված էր որպես առանձին դետալ՝ հզոր նեոդիմումային մագնիսներով: Հենց որ քաղաքական գործիչները հայտնվեցին միմյանց մոտ, անիծյալ պլատինե կտորը, մետաղական մեղմ կլանգոցով, սկսեց խելահեղորեն տեղաշարժվել նրանց օձիքածալերի միջև: Սահմանների ֆիզիկական համընկնման պատճառով մագնիսները մնացին մահացու կառչած: Հիմա երկու առաջնորդներն էլ դատապարտված էին դահլիճում շարժվել սինխրոն՝ կողքանց, մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չհամաձայնեցնի անհպում անջատման ընթացակարգը:

Քիչ այն կողմ՝ հատակին, երեք դիվանագետ սողում էին՝ լապտերներով փնտրելով կորած Վատիկանը:

Եվ միայն Նիկոլ Փաշինյանն էր նստած անկյունում՝ եղունգների խարտոցով զգուշորեն հղկելով իր գեղեցիկ ոսկե աղջկա «քիթը»: Սահմաններն անսասան էին, քանի դեռ գործում էր մազերի ուժեղ ֆիքսացիայի լաքը:

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ