Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Պրա՞նկ, թե՞ քաղաքական ռենտգեն

Պրա՞նկ, թե՞ քաղաքական ռենտգեն
08.07.2026 | 20:53

(օսմանյան յաթաղան՝ եվրոպական կոստյումով)

Նախ փաստենք ամենակարևոր իրավական աբսուրդը. ԵԱՀԿ-ն միջազգային քաղաքական կազմակերպություն է, որը չունի և չի կարող ունենալ որևէ իրավական լիազորություն, գործիքակազմ կամ մանդատ՝ միջամտելու ինքնիշխան պետությունների ներքին կրոնական կյանքին կամ առավել ևս՝ եկեղեցական առաջնորդների փոփոխությանը:

Սա՝ տեսության մեջ։

Իսկ այժմ՝ ըստ էության, որտեղ սկսվում է բացարձակ քաղաքական ռենտգենը։

Հանրահայտ ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) իրենց հեղինակային «Шоу ВиЛ» հաղորդման շրջանակներում, որը հեռարձակվում է ՌԴ «Առաջին ալիքով», հերթական հարվածով պայթեցրել են միջազգային դիվանագիտության կեղծ օրակարգը։ Նրանք զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին, և ներկայացել որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Թուրք պաշտոնյան ոչ միայն հավատացել է, այլև ռենտգենի էկրանին մեկ վայրկյանում լուսավորվել է նրա ամբողջ հակահայ էությունը։

ՈՒշադրություն դարձրեք զրույցի սահմռկեցուցիչ բովանդակությանը.

Կեղծ Փաշինյան. - Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում (եկեղեցու դեմ արշավում - Փ.Մ.):

Ֆերիդուն Սինիրլիօղլու - Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել Կաթողիկոսին։

Կեղծ Փաշինյան. - Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։

Ֆերիդուն Սինիրլիօղլու. - Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։

ՈՒշադրություն դարձրեք՝ երբ կեղծ «Փաշինյանն» ասում է, թե հաղթաթղթերն իր ձեռքում են և ժամանակն է «փոխել կրոնը», եվրոպական բարձր պաշտոնյայի աթոռին բազմած թուրք գործիչը ոչ թե զարմանում կամ խոսում է մարդու իրավունքներից, այլ տենդագին ճշտում է. «Ի դեպ, կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել Կաթողիկոսին»։

Սա եվրոպական կոստյում հագած, բայց օսմանյան յաթաղանի մտածողությամբ գործչի հակահայ էության հերթական դրսևորումն է։ Դարեր շարունակ հայ ազգին բնաջնջելու և ուծացնելու թուրքական ռազմավարության գլխավոր թիրախը եղել է Հայ Եկեղեցին՝ որպես մեր ինքնության, պետականության և հավաքական հիշողության հզորագույն միջնաբերդ։ Ինչը չհաջողվեց անել բացահայտ յաթաղանով, այսօր փորձում են անել եվրոպական կազմակերպությունների միջնորդությամբ և ներսի դավադիր սինքրոնիզմով։

Այժմ անդրադառնանք օրվա դիլեմային. պրա՞նկ, թե՞ քաղաքական ռենտգեն։

Թերևս ամենադիպուկ բնորոշումն է՝ ձևով՝ պրանկ, բովանդակությամբ՝ քաղաքական ռենտգեն։

Սա այն բացառիկ դեպքն է, երբ տեխնիկական պարզ կատակն ու մեդիա-սադրանքը վերածվում են աշխարհաքաղաքական լուրջ ու մերկացնող բացահայտման։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

Տեխնիկական առումով օգտագործվել է զուտ խաբեության, ձայնի նմանակման և կեղծ ներկայանալու մեթոդը, ինչը բնորոշ է տեղեկատվական դարաշրջանի տեխնոլոգիական սադրանքներին։ Քանի որ գործողությունն իրականացրել են ոչ թե պաշտոնական հատուկ ծառայությունները, այլ հանրահայտ բլոգերները, ապա կողմերին հնարավորություն է ընձեռվում իրավիճակից դուրս գալ սովորական «ընդամենը կատակ էր» կամ «մեդիա-մանիպուլյացիա» ստանդարտ արդարացումներով։

Բայց սա միայն արտաքին շերտն է։

Իրականում մենք ականատես ենք իսկական և անողոք «ախտորոշման»։

Որպես գործիքակազմ կիրառվել է քաղաքական ռենտգենը, որի ճառագայթները թափանցել են դիվանագիտական էթիկետի, կեղծ ժպիտների, հանդիսավոր ձեռքսեղմումների ու պաշտոնական հայտարարությունների շպարի տակ։

Այս ռենտգենը մեկ վայրկյանում ցույց տվեց թուրքական համակարգի իրական կմախքը՝ բացահայտելով այն թաքնված մտադրություններն ու մտածողությունը, որոնք այլևս հնարավոր չէ քողարկել ոչ մի դիվանագիտական ձևակերպմամբ:

Եվ այսպես, քաղաքական ռենտգենը վեր հանեց հետևյալ ախտորոշումները․

ա) մերկացրեց թուրքական դիվանագիտության ենթագիտակցական օրակարգն ու գենետիկ հակահայկականությունը։

Պաշտոնական և ոչ մի հանդիպման ժամանակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կամ որևէ այլ թուրք դիվանագետ իրեն թույլ չէր տա անգամ ակնարկել, թե ցանկանում է թուլացնել Հայ Եկեղեցին կամ կոպտորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Սակայն սադրիչ ռենտգենը ցույց տվեց, որ հղկված ժպիտների տակ թաքնված է հայկական ինքնության հիմնասյուները քանդելու բնազդային պատրաստակամությունը, որն ակնթարթորեն ակտիվանում է առաջին իսկ պատրվակի դեպքում։ Դարավոր թշնամանքն ու հայկական գործոնը չեզոքացնելու ձգտումը դուրս ժայթքեցին դիվանագիտական էթիկետի պատյանից։

բ) Իսպառ պատռեց միջազգային չեզոքության և անկողմնակալության կեղծ դիմակը։

Այս միջադեպը ջրի երես հանեց այն դառը ճշմարտությունը, որ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պարտավոր են հանդես գալ որպես անկողմնակալ միջնորդներ, իրականում ցինիզմով առաջնորդվում են բացառապես սեփական պետության ազգային շահերով, աշխարհաքաղաքական հավակնություններով և պատմական կարծրատիպերով։ Միջազգային հարթակները ոչ թե արդարության, այլ սեփական թաքուն օրակարգերն առաջ տանելու գործիք են։

գ) Բացահայտեց միջազգային անվտանգային համակարգերի ինստիտուցիոնալ փխրունությունն ու դեգրադացիան։

Աշխարհի խոշորագույն անվտանգային կառույցի ղեկավարն այնքան անպաշտպան, զգոնությունից զուրկ ու միամիտ գտնվեց, որ պատրաստ էր սովորական հեռախոսակապով ներքին «դավադրություններ» և հեղաշրջումներ նախագծել՝ առանց որոշակի ստուգումներ անելու, թե ում հետ է խոսում։

Ինչը և արձանագրում է՝ գլոբալ անվտանգության ղեկը գտնվում է ինֆորմացիոն տարրական հիգիենայի չտիրապետող պաշտոնյաների ձեռքում։

դ) Ցույց տվեց հայկական ներքաղաքական ճգնաժամի արտաքին շահագործման վտանգը։

Զրույցը փաստեց, որ Հայաստանի ներսում ցանկացած հանրային, քաղաքական կամ կրոնական պառակտում անմիջապես դառնում է թիրախ արտաքին ուժերի համար։

Այն, ինչ հայաստանյան տիրույթում ներկայացվում է որպես ներքին բարեփոխում կամ եկեղեցի-պետություն հարաբերություն, արտաքին թշնամական հայացքի համար ընդամենը հայկական պետականության դիմադրողականությունը վերջնականապես կոտրելու աշխարհաքաղաքական հարմար պատուհան է։

Այսպիսով, եթե կազմակերպիչների համար հիշյալ պսևդոզրույցն ընդամենը հերթական հաջողված մեդիա-սադրանք էր՝ լրահոսում աղմուկ բարձրացնելու համար, ապա հայկական պետականության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից այն բացարձակ քաղաքական ռենտգեն է։ Դրա տված «ախտորոշումը» մեկն է՝ մեր անվտանգային ու հոգևոր համակարգերը գտնվում են բացահայտ թիրախում, և սա պահանջում է ոչ թե լռություն, այլ պետական ու հանրային մակարդակով կոշտ ինքնապաշտպանություն և համարժեք դիվանագիտական հակահարված։

Նորմալ, արժանապատիվ և իրապես ինքնիշխան երկրում նմանատիպ աշխարհաքաղաքական մերկացումից և ձայնագրության հրապարակումից հաշված րոպեներ անց ԱԳՆ-ն պատասխանատվության կկանչեր ԵԱՀԿ դեսպաններին, «գորգի վրա կբերեր» միջազգային բոլոր ներկայացուցիչներին և կհղեր բողոքի խստագույն նոտա՝ սեփական ազգի կրոնական իրավունքներն ու սահմանադրական կարգը կոպտորեն ոտնահարելու, արտաքին ձեռքերով հեղաշրջում ծրագրելու համար։

Բայց Հայաստանում տիրում է մահացու, գերեզմանային լռություն։

Ինչու՞։

Որովհետև երկիրը կառավարում է Թուրքիայի ու Ադրբեջանի կամակատար վասալը, որի համար սեփական ժողովրդի դարավոր հոգևոր հենասյուները պաշտպանելն ընդամենը ավելորդ բեռ է։

Փոխարենը՝ օրվա իշխանության անվտանգային «գերագույն օրակարգը» սահմանափակվում է ներքին քաղաքական վենդետաներով։

Գագիկ Ծառուկյանին ձերբակալելն ու նրա անպաշտպան կենդանիներին պատերազմ հայտարարելն ավելի առաջնային են, քան ազգային անվտանգությանը սպառնացող գլոբալ աղետները։

ՀՀ-ում բեմադրվողը ողբերգական կատակերգություն է, որտեղ պետական ողջ ապարատը, ուժային կառույցները մոբիլիզացվել են ոչ թե թուրքական ծավալապաշտության դեմն առնելու, այլ մասնավոր կենդանաբանական այգու դեմ «հաղթական» մարտեր մղելու համար։

Մինչ երկրի արտաքին անվտանգության համակարգը հիմնահատակ քանդվում է, իսկ ԵԱՀԿ բարձրագույն աթոռից բացահայտ սպառնալիքներ են հնչում Մայր Աթոռի հասցեին, Հայաստանի ղեկավարությունը զբաղված է կենդանիների դիակապտությամբ։

Ներկա վարչակույտի «արդարադատության» և հաշվեհարդարի զոհն են դառնում սպիտակ առյուծն ու սովամահության մատնված անմեղ կենդանիները։

Արտաքին թշնամու առաջ ծնկած, բայց սեփական երկրի ներսում անպաշտպան կենդանիների վրա յաթաղան թափահարող վարչաբենդը հերթական անգամ ապացուցում է իր կատարյալ «փուչիկ»-ությունը։ Փաշինյանական իշխանության համար առյուծ սպանելն ու կենդանիներ սովամահ անելն ավելի հեշտ ու հոգեհարազատ զբաղմունք է, քան դիվանագիտական ճակատում թուրքական նկրտումներին արժանապատիվ հակահարված տալը:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Քանի որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մնալ կատարյալ անհաղորդության ռեժիմի մեջ և այդպես էլ ծպտունը չի լսվում, փորձենք ինքներս հուշել մեր «դիվանագետներին», թե հանրությունն ու պետական շահը ինչպիսի՛ հստակ քայլեր և դիրքորոշում են ակնկալում նրանցից։

Ահա այն պաշտոնական հայտարարության տեքստը, որը վաղուց պետք է հրապարակված լիներ ԱԳՆ-ի կայքում.

«ՀՀ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(Ակնկալվող տարբերակ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է միջազգային մեդիատիրույթում հայտնված տեսաձայնագրության մեջ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հնչեցրած հայտարարություններն ու դիրքորոշումը։

Միջազգային խոշորագույն անվտանգային կառույցի ղեկավարի պատրաստակամությունը՝ ներքաշվելու Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին, պետություն-եկեղեցի հարաբերություններին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին հարցերին առնչվող կուլիսային դավադրություններում, հանդիսանում է նրա միջազգային մանդատի կոպտագույն խախտում և բացահայտ միջամտություն ինքնիշխան երկրի ներքին գործերին։

Դիվանագիտական անկողմնակալության դիմակի տակ թաքնված նման կողմնակալ և հակահայկական նկրտումները հարվածում են ԵԱՀԿ-ի՝ որպես չեզոք միջնորդի հեղինակությանը։

Հայկական կողմը պաշտոնական բողոքի նոտա է հղում ԵԱՀԿ Քարտուղարությանը և պահանջում գլխավոր քարտուղարի անհապաղ, հրապարակային պարզաբանումներն ու ներողությունը»։

Սակայն, քանի որ պաշտոնական Երևանից սեփական արժանապատվությունը պաշտպանող նման արձագանք ակնկալելն այսօր զուտ ֆանտազիայի ժանրից է, իսկ իրականությունն ավելի քան դաժան ու տհաճ, ստիպված ենք արձանագրել հետևյալը. մեր պաշտոնական դիվանագիտությունը ոչ թե պարզապես «չի նկատում» սեփական պետության և հոգևոր հենասյուների դեմ ուղղված բացահայտ սպառնալիքները, այլ լռում է կանխամտածված։

ԱԳՆ-ի այս խլացուցիչ լռությունը պատահական չէ. ակնհայտ է, որ Ֆերիդուն Սինիրլիօղլուի դիվանագիտական դիրքն ու հնարավորությունները Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական «բենդը» կփորձեն ամեն գնով հարմարեցնել սեփական նեղ անձնական ու կուսակցական ցանկություններին։

Ըստ էության, օտարի՝ հայոց հոգևոր բերդը գրոհելու ցանկությանը պատասխանելով լռությամբ, իշխող վարչախումբը վերջնականապես սինքրոնացվում է թուրքական այն օրակարգին, որի գլխավոր նպատակը Հայ Եկեղեցու կազմաքանդումն ու հայկական պետականության մնացորդների կատարյալ կապիտուլյացիան է։

Եթե այսօր էլ հանրային ընդվզումն ու սթափությունը չհաղթեն ներսի թույնին, ապա վարագույրի իջնելուց հետո մենք կարթնանանք մի իրականության մեջ, որտեղ փոխված կլինի ոչ միայն մեր երկրի աշխարհագրական քարտեզը, այլև մեր հոգևոր հայրենիքը։

Դիտվել է՝ 247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ