Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մինչ ուժային զոնաների և հավասարազոր տնտեսաքաղաքական բլոկների բաժանվելը աշխարհին դեռ մեծ փոփոխություններ են սպասում

Մինչ ուժային զոնաների և հավասարազոր տնտեսաքաղաքական բլոկների բաժանվելը աշխարհին դեռ մեծ փոփոխություններ են սպասում
22.11.2026 | 15:22

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով։

1․ Նման բան հնարավոր է միայն հաստատված ուժային բազմաբևեռության ռեժիմի պայմաններում, որից աշխարհը դեռ հեռու է հետևյալ պարզ պատճառով։

Ներկայում աշխարհը գտնվում է անորոշություններով լի անցողիկ պրոցեսի պայմաններում, որտեղ հիմնական տենդենցը ուժային միաբևեռությունից դեպի հնարավոր բազմաբևեռություն կատարվող անցումն է, որն էլ ուղեկցվում է երկու ածանցյալ տենդենցներով։

Այսինքն, շատ բան կորցնող նախկին միաբևեռ աշխարհի տերերը բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են վերականգնել իրենց կորցրած դիրքերը և չեն հաշտվում հնարավոր բազմաբևեռության գաղափարի հետ անգամ, իսկ շատ բան գտնող և բազմաբևեռության ձգտող ուժային կենտրոններն էլ, այլևս չհաշտվելով միաբևեռության գաղափարի հետ անգամ, բոլոր հնարավոր միջոցներով խարխլում են միաբևեռության հիմքերը։

Այստեղ հոգեբանորեն շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ուժային միաբևեռության վերադառնալը հին դոմինանտ ուժերի համար բացարձակ հաղթանակ է, իսկ նոր բարձրացող ուժերի համար էլ՝ բացարձակ պարտություն և, հակառակը՝ ուժային բազմաբևեռության հաստատումը հին դոմինանտ ուժերի համար բացարձակ պարտություն է, իսկ նոր ուժերի համար էլ՝ բացարձակ հաղթանակ։

Դա նշանակում է, որ այդ երկու ուժերի միջև կոմպրոմիսի կամ փոխզիջումների գաղափարը նոր-նոր է սկսում ձևավորվել, և վերը նշված եռակողմ հանդիպումն էլ պետք է մեկնաբանել ու գնահատել հենց այս տեսանկյունից՝ կողմերը պարզապես տնտղում են միմյանց, նախ և առաջ պարզելու համար, թե ուժային իմաստով ով ով է և, հետո էլ, փորձել հասկանալ, թե ինչ հնարավոր փոխզիջումներ կարող են արվել։

Այսինքն, ուկրաինական և Իրանի պատերազմները գլոբալ առճակատման այսբերգի միայն վերջրյա մասն են և գործիքներ, որոնց անմիջական նպատակը դարձյալ նույնն է՝ թե ուժային իմաստով ով ով է։

2․ Եթե այս գլոբալ առճակատման պրոբլեմին մոտենում ենք սիստեմային գիտության տեսանկյունից, ապա այն շատ մեծ անորոշությունների և ինֆորմացիայի պակասի պայմաններում պատասխանատու որոշումներ կայացնելու խնդիր է, որտեղ հնարավոր սխալի կամ սխալների հետևանքով կորուստներն ահռելի են, ընդհուպ մինչև դրանց ճակատագրական լինելը։

Այսինքն, ընդհանուր իրավիճակը դեռ շատ հեռու է աշխարհի հնարավոր ուժային բաժանումից հզորների միջև։

Ո՞վ կարող է ներկայում ցույց տալ, օրինակ, Հնդկաստանի կամ ԵՄ-ի տեղը աշխարհի ապագա բաժանման մեջ։

Կամ էլ, ո՞րը կլինի դրանում թուրքական կամ արաբական աշխարհների տեղը ապագա բաժանման մեջ։

Նույնը՝ Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Հարավային Ամերիկայի մասով և այլն:

Նման պրոբլեմները բազմաթիվ են, որոնք էլ պարզապես անհնարին ու ժամանակավրեպ են դարձնում աշխարհի ուժային բաժանման մասին բոլոր կարգի խոսակցությունները։

3․ Համեմատաբար ոչ հզոր տնտեսություն ունեցող երկրների նոր ուժային քաղաքականությունը ժամանակակից գիտական, տեխնոլոգիական, տրանսպորտային և կոմունիկացիոն պայմաններում։

Այս երևույթի ամենացայտուն արտահայտությունը Ռուսաստանի ոչ համեմատական դերն է ժամանակակից աշխարհում, որտեղ նա հավասարը հավասարի պես բանակցում է տնտեսապես իրենից շատ ավելի հզորների հետ, և որի խոսքն ունի վճռական նշանակություն։

Բայց սա աշխարհի գլոբալ քաղաքականության մեջ համեմատաբար ոչ մասշտաբային ուժերի դերի բարձրացման տենդենցի ամենավառ արտահայտությունն է, երբ Ռուսաստանը միայնակ կարողանում է դիմակայել տնտեսապես իրենից շատ ավելի հզոր Եվրոպային, որի բնակչության թիվը բազմապատիկ գերազանցում է նրա բնակչությանը։

Նմանատիպ էֆեկտի կրողներ են նաև Իրանը, Հյուսիսային Կորեան, հուսիները և այլն։

Այս հանգամանքը աստիճանաբար ստանում է տենդենցի ուժ, որը աշխարհի ուժային քաղաքականության մեջ կարևոր է դարձնում երկրորդ էշելոնի երկրների դերը։

4․ Աշխարհի գլոբալ ուժային քաղաքականության մեջ կա նաև մեկ այլ կարևոր գործոն, որը զարմանալիորեն դեռևս ադեկվատ ձևով հաշվի չի առնվում ուժային բալանսի մեջ։

Խոսքը տևական բարեկեցիկ կյանքին զուգահեռ մարդկանց զոհողության գնալու հատկության ատրոֆիայի մասին է, որը դժվարացնում է զինված ուժերի կառուցումն անգամ, և որի հետևանքները դեռ լիովին գիտակցված չեն։

5․ Միաբևեռ ուժային աշխարհից բազմաբևեռին անցում կատարելու ընթացքում ավտորիտարին մոտ ու ավելի խիստ արտահայտված իշխանական վերտիկալ ունեցող պետական կարգի բախումը դեմոկրատական կոչեցյալ պետական կարգի հետ, որտեղ կրիտիկական բնույթի որոշումների կայացումը արգելակվում է իշխանությունների իրական բաժանման հանգամանքով։

Մի երևույթ, որն անհրաժեշտաբար կարող է հանգեցնել լիբերալ դեմոկրատիայի ծայրահեղություններից նահանջի դեպի ավելի ավտորիտար կառավարում։

Պրոբլեմների շարքը կարելի է շարունակել, բայց մի բան պարզ է, որ աշխարհին դեռևս շատ մեծ փոփոխություններ են սպասում և մինչև նրա բաժանումը ուժային զոնաների ու հավասարազոր տնտեսաքաղաքական բլոկների դեռ շատ հեռու է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ