2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Տեսնես մի օր կհասկանա՞նք, որ երկիրը պահում է ստեղծող մարդը, ոչ թե շողոքորթությամբ տուն պահողը

Տեսնես մի օր կհասկանա՞նք, որ երկիրը պահում է ստեղծող մարդը, ոչ թե շողոքորթությամբ տուն պահողը
07.04.2026 | 13:01

Միացնում ես հեռուստացույցը՝ մշակույթի քողի տակ անճաշակություն է, բացում ես համացանցը՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումների մեջ մոլորված «գյուղվերլուծաբաններ»։ Մեկը մեզ Եվրոպա է տանում, մյուսը՝ Ռուսաստան, երրորդն էլ՝ Բայանդուր, բայց իրականում բոլորը միասին մեզ շեղում են ամենակարևորից՝ ստեղծագործելուց ու արարելուց։ Իսկ միմյանց վիրավորելն ու պիտակավորելը, ցավոք, վաղուց արդեն դարձել են ազգային օրակարգ։

Անձամբ ես հոգնել եմ այս էժանագին բեմականացումից։

Մի կողմից՝ իրականությունից կտրված հարցազրույցներ ու «քաղգուշակներ», որոնք մեզ համոզում են, թե կործանվում կամ շահում ենք համաշխարհային բախումների մեջ, մյուս կողմից՝ ցինիկ հումորն ու դեպրեսիվ ու պրիմիտիվ սերիալները իբրև արվեստ մատուցողներ։ Մեզ պարտադրում են մի օրակարգ, որտեղ կա լարվածություն ու դատարկություն, բայց չկա Մարդը և նրա Աշխատանքը։

Իսկ ի՞նչ պետք է լիներ իրականում՝ ստարտափների, հաջողության պատմություններ և կրթական ծրագրեր։ Պետական ու մեդիահարթակները պետք է ողողված լինեին գործարարության խթանմամբ, ոչ թե քաղաքական կամ քրեական հեղինակությունների «բռնել-բացթողնելու» անվերջանալի սերիալով, պետք է խոսվեր արտահանման նոր շուկաներից, տեղական արտադրողին տրվող արտոնություններից և տեխնոլոգիական կրթությունից, պետք է քննարկվեր, թե ինչպես վերակենդանացնել քաղաքների ենթակառուցվածքները և զբոսաշրջությունը դարձնել եկամտաբեր։ Էկրաններին պետք է հայտնվեին նոր սերնդի ինժեներներն ու կառավարիչները, որպեսզի սփյուռքահայ կամ օտարերկրյա գործարարը ոչ թե վախենար, այլ վստահ ներդրումներ աներ մեր հայրենի տնտեսության մեջ։

Մեզ այսօր օրակարգ թելադրող վայվերլուծաբանների փոխարեն պետք են մոտիվացնող նախագծեր, որոնք կսովորեցնեն բիզնես պլանավորում, կխրախուսեն քաղաքների հին գործարար ժառանգության վերածնունդը և կոգևորեն փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը մեր համայնքներում։ Մեր եթերներում անհրաժեշտ է գործի մարդու կերպարը, ոչ թե բամբասողի ճառերը։

Եվ վերջապես, մինչ համացանցը և եթերը ողողված են զրոյական օգտակար գործակից ունեցող քաղաքական աղմուկով, մեր երկրին վերաբերող իրական հարցերը մնում են աչքաթող, այն հարցերը, թե ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը ներկայիս մարտահրավերների պայմաններում, ինչպիսի՞ հարկային բարեփոխումներ են պետք փոքր բիզնեսին, ինչպե՞ս խթանել տեղական արտադրանքը, որ այն լինի մրցունակ։

Տեսնես մի օր կհասկանա՞նք, որ երկիրը պահում է ստեղծող մարդը, ոչ թե այս ու այն ղեկավարի հասցեին՝ իրեն հարմար դիրքից, բամբասանքով ու շողոքորթությամբ տուն պահողը։

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 177

Մեկնաբանություններ