Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները

Եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները
10.08.2026 | 12:35

Իրանը անվտանգության ամենակարևոր պաշտոններից մեկում կրկին առաջ է բերում ռազմական համակարգի ներկայացուցչի։

Այսօր հայտնի դարձավ, որ ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Նշենք, որ նա տարիներ շարունակ եղել է Իրանի ուժային համակարգի առանցքային դեմքերից մեկը և Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը։

Ասել է թե՝ նման նշանակումը բավական ուշագրավ զարգացում է, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Թեհրանը ստիպված է վերանայել իր անվտանգային քաղաքականությունը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ իր անմիջական հարևանությամբ։

Ավելին, սա ցույց է տալիս, որ Իրանը անվտանգության հարցերին պատրաստվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցմամբ։ Մերձավոր Արևելքում ընթացող դիմակայությունը, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների սրումը, տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը և Իրանի շուրջ ձևավորվող նոր դասավորությունը Թեհրանից պահանջում են ավելի հստակ հաշվարկել նաև հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունները։

Այս ամենի մեջ առանձնահատուկ տեղ ունի Հարավային Կովկասը և, հատկապես, Հայաստանը։

Թուրքիայի տարածաշրջանային ակտիվությունը վերջին տարիներին զգալիորեն մեծացել է։ Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում պարզապես գործընկեր երկիր չէ։ Թուրքիայի քաղաքական և տնտեսական ռազմավարության մեջ կարևոր տեղ ունի դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ձգվող կապերի ընդլայնումը։ Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցական նախագծերը այս տեսանկյունից ունեն նաև աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ դրանց միջոցով կարող է փոխվել տարածաշրջանի տնտեսական և քաղաքական կապերի ամբողջ կառուցվածքը։

Իրանն այս գործընթացին նայում է սեփական անվտանգության տեսանկյունից։ Հայաստանի հարավով անցնող ճանապարհների շուրջ ցանկացած պայմանավորվածություն, որը կարող է ուժեղացնել Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, Թեհրանում ընկալվելու է նաև որպես Իրանի հյուսիսային սահմանների մոտ ուժերի հարաբերակցության փոփոխություն։ Իրանի համար հատկապես զգայուն է Հայաստանի հետ ցամաքային կապը, որը կարևոր նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական առումով։

Այդ պատճառով Իրանի ազգային անվտանգության համակարգում նման նշանակումը պետք է դիտարկել նաև Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների համատեքստում։

Հայաստանն այսօր հայտնվել է մի տարածքում, որտեղ հատվում են մի քանի խոշոր ուժերի շահերը։ Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային ծրագրերը, Իրանի անվտանգության մտահոգությունները, Ռուսաստանի փոխված հնարավորությունները և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աճող հետաքրքրությունը Հայաստանի շուրջ ստեղծում են բավական բարդ միջավայր։

Ահա նման պայմաններում Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցական նախագիծ իր տնտեսական նշանակությունից շատ ավելի մեծ քաղաքական կշիռ է ստանում։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանում ազդեցության նոր սահմաններին, հաղորդակցությունների վերահսկողությանը և ուժերի հարաբերակցությանը։

Հետևաբար, Թեհրանում ազգային անվտանգության համակարգի ուժեղացումը Հայաստանի համար ևս կարևոր ազդանշան է։ Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի ուշադրությունը մեծանալու է, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը ավելի ուշադիր են գնահատվելու հենց անվտանգության տեսանկյունից։

Խնդիրն այն է, որ այս ամբողջ վերադասավորման պայմաններում Երևանը շարունակում է հիմնականում դիտորդի դիրքում մնալ։ Մինչ Իրանը վերանայում է իր անվտանգության հաշվարկները, Թուրքիան ընդլայնում է իր ազդեցության գոտին, Ադրբեջանը առաջ է մղում իր օրակարգը, իսկ խոշոր տերությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, Հայաստանի իշխանությունը կարծես սպասում է, թե ուրիշներն ինչ որոշումներ կկայացնեն իր շուրջ։

Այսպիսի լատենտ և կրավորական պահվածքը Հայաստանի համար կարող է շատ թանկ արժենալ։ Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը այդ գործընթացում սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ