ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

«Բաժանիր, որ... ավելի հեշտ հաշվես». հայկական պառակտման նորագույն ձեռնարկ

«Բաժանիր, որ... ավելի հեշտ հաշվես». հայկական պառակտման նորագույն ձեռնարկ
18.10.2026 | 13:03

Աշխարհում կան պետություններ, որոնց ղեկավարներն առավոտից երեկո հոգնեցուցիչ կերպով կրկնում են նույն անհետաքրքիր բառերը՝ «միասնություն», «համախմբում», «ազգային համերաշխություն»: Ձանձրալի է, այնպես չէ՞:
Բարեբախտաբար, Հայաստանում մենք վաղուց անցել ենք այդ քարեդարյան հասկացությունների կողքով։ Մեր քաղաքական ու հասարակական «մտքի հսկաները» գտել են ազգային առաջընթացի բոլորովին նոր, ինովացիոն բանաձև՝ կատարյալ մասնատում։
Եկեք մի պահ հետ նայենք մեր «հանճարեղ» էվոլյուցիային և տեսնենք, թե ինչպես ենք մենք հասել այսօրվա բարձունքներին.

1-ին փուլ. Գույների աշխարհը

Սկզբում ամեն ինչ պարզ էր, ինչպես շախմատում։ Ազգը բաժանվեց «սևերի» և «սպիտակների»։ Եթե դու սպիտակ ես՝ ուրեմն հրեշտակ ես, եթե սև՝ ուրեմն... դե, ինքներդ հասկացաք։ Պարզ, հարմար, առանց երկար մտածելու։

2-րդ փուլ. Ժամանակային ճանապարհորդություն

Երբ գույները հոգնեցրին, անցանք ժամանակային մեխանիկային։ Հայաստանի քաղաքացիները բաժանվեցին երկու հիմնական տեսակի՝ «Նախկիններ» (որոնք մեղավոր են անգամ եղանակի տեսության համար) և «Ներկաներ» (որոնք անմեղ են անգամ սեփական սխալների մեջ)։ Եթե հանկարծ ցանկանաս լինել «Ապագա»՝ քեզ արագ կհիշեցնեն, որ այդպիսի տարբերակ ընտրացանկում չկա։

3-րդ փուլ. Աշխարհագրական «ճշտություն»

Ինչո՞ւ սահմանափակվել միայն քաղաքականությամբ, եթե կարելի է քանդել ազգային ողնաշարը։ Հրաշալի «գյուտ» էր հայերին բաժանելը՝ ըստ ծննդավայրի ու բարբառի։ «Սա մեր հողն է, սա՝ ձեր», «դուք այսպիսին եք, մենք՝ այնպիսին»։ Արդյունքում ստացանք աշխարհում եզակի մի երևույթ՝ ազգ, որը հաջողությամբ ատում է ինքն իրեն՝ ըստ անձնագրի գրանցման հասցեի։

4-րդ փուլ. Հավատքի «աուդիտ»

Երբ թվում էր, թե էլ բաժանելու բան չկա, հերթը հասավ դարավոր Սուրբ Եկեղեցուն։ Հիմա արդեն ունենք «ճիշտ» ու «սխալ» հավատացյալներ, «մեր» ու «ձեր» հոգևորականներ։ Եթե հոգևոր միասնությունն էլ քանդենք, ապա վերջնականապես կհասնենք կատարելության։

5-րդ փուլ. Գլոբալ «հայրենասիրական աուդիտ»

Եվ վերջապես, մենք դուրս եկանք միջազգային ասպարեզ։ Պարզվեց, որ միայն Հայաստանի ներսում բաժանումները քիչ են։ Մենք ստեղծեցինք ավելի մասշտաբային ձևաչափ՝ «Իսկական հայրենասերներ» (Սփյուռք) ընդդեմ «Այստեղ տառապողների» (Հայաստանցիներ)։
Այս մակարդակում ամեն ինչ պտտվում է այն հարցի շուրջ, թե ով է ավելի շատ «իսկական» հայ։ Եթե դու Սփյուռքից ես, դուք ձեզ իրավունք եք վերապահում հեռվից խորհուրդներ տալ, թե ինչպես «ճիշտ» սիրել հայրենիքը, և մեղադրել տեղացիներին՝ ամեն ինչում։ Եթե դու Հայաստանում ես, դուք անտեսում եք Սփյուռքին, քանի որ «նրանք չգիտեն իրականությունը», չեն վճարում հարկեր և պարզապես «ֆեյսբուքյան» հայրենասիրությամբ են զբաղված։ Հիանալի է, չէ՞։ Երկու կողմն էլ ունեն արդարացումներ՝ միմյանց չմիավորվելու համար։ Ստացվեց միասնության փոխարեն՝ մշտական մրցակցություն, թե ով է ավելի շատ զոհաբերել։
«Պատահականությո՞ւն... Չեմ կարծում»
Ուրիշ երկրներում ղեկավարները փորձում են միավորել անգամ ամենամեծ տարձայնություններ ունեցող քաղաքացիներին, որովհետև գիտեն՝ պառակտված ազգը հեշտ կառավարվող ու հեշտ պարտվող ազգ է։
Իսկ մեզ մո՞տ։ Մեզ մոտ ամեն օր բեմադրվում է «Ինչպես ազգը բաժանել ատոմների» ներկայացումը։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե սա պատահականություն է, ապա նա, թերևս, չափազանց միամիտ է։
Այնպես որ, սպասենք նոր բաժանումներին։ Օրինակ՝ «աջլիկներն ընդդեմ ձախլիկների» կամ «սուրճ խմողներն ընդդեմ թեյ սիրողների»։ Ամենակարևորը՝ հանկարծ ոչ մի միավորող բառ չասվի, թե չէ պատմության մեջ պատահաբար կմնանք որպես մեկ միասնական Ժողովուրդ։ Իսկ դա, համաձայնեք, մեր օրերում բոլորովին «նորաձև» չէ։

Էմին Մարտունի
Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ