ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԲՀԿ-ի անխուսափելի «ՕԵԿ»-ացումը

ԲՀԿ-ի անխուսափելի «ՕԵԿ»-ացումը
25.04.2017 | 14:46

Երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողները վերջապես «բռնացրել» են Գագիկ Ծառուկյանին և նրանից կորզել կիսատ-պռատ մի ձևակերպում, որ իր դաշինքն ապագա խորհրդարանում ընդդիմություն է լինելու: Խոշոր հաշվով, Ծառուկյանի ընտրությունը մեծ չի եղել, որովհետև նոր օրենսդրությունը ենթադրում է իշխանության կամ ընդդիմության կարգավիճակ` տեղ չթողելով «այլընտրանքային» զեղումների համար: Ակնհայտ է նաև, որ «Ծառուկյան» դաշինքը նոր կոալիցիայում պահանջարկված չէ առվազն մինչև 2018-ի ապրիլ, երբ հստակեցված կլինի իշխանության նոր դեմքը, հասցեականությունը:

«Ծառուկյան» դաշինքի կառավարությունում լինել-չլինելու հարցը պետք չէ դիտարկել սկզբունքների ու ծրագրերի համադրելիության կամ հակադրության դաշտում: Գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքը, որը գուցե արտահայտվել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան կամ այլ մակարդակի ու հարթության պայմանավորվածությամբ: Ըստ այդ տրամաբանության` առաջիկա մեկ տարում Ծառուկյանի թիմն «ընդդիմություն» է աշխատելու, մանավանդ, մինչև 2018-ի ապրիլը, երբ կհստակեցվեն նախագահ Սարգսյանի հետագա ծրագրերը, խորհրդարանն աշխատելու է ֆորմալ մեծամասնության ռեժիմով, իսկ դրանից հետո գուցե բացահայտվի այն ստվերային, իրական մեծամասնություննը որը լինելու է նոր իշխանության իրական հենարանը:

Մեկ տարի «Ծառուկյան» դաշինքը կլինի ընդդիմադիր հենց համակարգային պայմանավորվածությունների համատեքստում: Այսինքն, չի լինի ընդդիմություն` բառիս դասական իմաստով: Ծառուկյանի ֆրակցիան կընդդիմանա Կարեն Կարապետյանին, եթե Սերժ Սարգսյանը որոշի իշխանության ղեկին մնալ 2018-ի ապրիլից հետո կամ «ժառանգորդի» կարգավիճակում տեսնի այլ գործչի: Եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կանգ առնի Կարեն Կարապետյանի վրա, ապա խորհրդարանական երկրորդ ֆրակցիայի «ընդդիմադիր» էներգետիկան կպարպվի այլ ուղղությամբ:


Գագիկ Ծառուկյանն ահռելի գումարներ է ծախսել և խորհրդարանում «պատկառելի» ներկայություն ապահովել ո՛չ նրա համար, որպեսզի երեք նախարարական պորտֆելի համար մաս կազմի կոալիցիային կամ դառնա «հեղափոխական» ընդդիմություն: «Պատկառելի ներկայությունը» կապիտալ է, որը Ծառուկյանին թույլ կտա ապահովագրել իրեն ու իր բիզնեսը իշխանության փոխանցման, նոր համակարգի ձևավորման գործընթացում: Դրանից հետո քաղաքականությունը Ծառուկյանի համար կկորցնի իր իմաստը, իսկ նրա կուսակցությունը կինտեգրվի նոր համակարգին կամ կկրկնի ՕԵԿ-ի ճակատագիրը:
2007-ին ԲՀԿ-ն հաջողել է Ռոբերտ Քոչարյանի ռեսուրով` իշխանության փոխանցման գործընթացում երկրորդ նախագահի շահերը սպասարկելու նպատակով: Մյուս երկու խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն կատարել է բուֆերի դեր. հարյուր հազարավոր մարդիկ իրենց դժգոհությունն իշխանություններից արտահայտել են` վերջին հույսը գտնելով «փրկչի» կերպարում:

Երրորդ փորձը չի հաջողելու, որովհետև ընտրողները հասկանալու են, որ իրենց «փրկիչն» իրականում իշխանություններին է փրկում լյումպենի անկանխատեսելի գործողություններից: Այս համատեքստում 2018-ը ճակատագրական է լինելու նաև Գագիկ Ծառուկյանի համար: Նա նոր իշխանությունից պետք է ստանա իր բիզնես «կայսրության» ապահովության երաշխիքները: Դրանից հետո քաղաքականությունը Ծառուկյանի համար դառնալու է անհետաքրքիր զբաղմունք, իսկ ԲՀԿ-ին սպասվում է անխուսափելի «ՕԵԿ»-ացում` անկախ քաղաքական կարգավիճակից:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ