Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ոչ միայն «դուխով», այլև «նյուխով»

Ոչ միայն «դուխով», այլև «նյուխով»
14.12.2018 | 01:25

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ դասերի բնականոն հունին վերադառնալու հորդորին չարենցավանցի «մռութ» աշակերտները չեն անսացել: Ավելին, նրանք ոչ միայն դասերի, այլև դպրոց չեն հաճախի. վերջիններիս ծնողները երեխաներին քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցից հանելու և այլ դպրոցներ տեղափոխելու դիմումներ են գրում: Իրավիճակն այստեղ լարված է, նորեկ տնօրենի հետ աշխատել ուսուցչական կոլեկտիվը չի ցանկանում, ծնողները թերահավատ են վերջինիս՝ դպրոցի կառավարման ծրագրի հանդեպ:


Պարզվում է՝ ո՛չ մարզպետարանի համապատասխան վարչությունը, ո՛չ կրթության և գիտության նախարարությունը խնդրին համարժեք լուծում չեն կարողանում գտնել, ու հարցին միջամտում է անձամբ վարչապետի պաշտոնակատարը, որը, փաստորեն, ոչ թե լուծում գտնելու համար էր Չարենցավան գնացել, այլ ընտրություններից հետո հարցին հետամուտ լինելու խոստումը կատարելու ու տեղացիների աչքից չընկնելու: Տեղացիների աչքից չընկնել, այնուամենայնիվ, Փաշինյանին չի հաջողվել, որովհետև վերջիններս մեզ հետ զրույցում սրտնեղեցին. «Եկան, տեսան, գնացին: Իբր ի՞նչ արեցին, հերթական շոուն սարքեցին, թե` տեսեք, մենք մեր բարձունքից իջել ու եկել ենք ձեզ մոտ»:


Իսկ «բարձունքից» իջնելու անհրաժեշտություն չկար, որովհետև դպրոցի տնօրենի ընտրության հարցով երկրի առաջին դեմքը չէ, որ պետք է զբաղվի, դրա համար պատասխանատու օղակներ ու պաշտոնյաներ կան: Բացի այդ, ինչքանո՞վ էր տրամաբանված Փաշինյանի այցը դպրոց, եթե նախարարի պաշտոնակատարը դրանից ժամեր անց հայտարարելու էր, որ դպրոցի տնօրենի պաշտոնում մնալու է արդեն իսկ ընտրված թեկնածուն: Արժե՞ր երեխաներին «մռութ» անվանելու համար հասնել Չարենցավան: Ի վերջո, երկրի առջև ծառացած այնքան հարցեր կան, որոնք օր առաջ լուծում են պահանջում, ու երկրի կառավարման ղեկն ստանձնած անձը առաջնայինը երկրորդականից զատելու «նյուխ» պիտի ունենա, ոչ միայն այդ ղեկն իրենով անելու «դուխ»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ