Սոցիալական ցանցերում կա մարդկանց մի տեսակ, որոնք, տեսնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կամ որոշ հոգևորականների պատկերը կամ իրենց մասին որևէ գրառում՝ անկախ դրա բովանդակությունից, կորցնում են ամեն չափ ու սահման և անզուսպ խելացնորությամբ հարձակվում։ Սկսվում է հայհոյանքի, զրպարտության, բանսարկության ու ծաղրանքի մի անսանձ հոսք, որով այդ մարդիկ իրենց իսկ ձեռքով ընկնում են սարսափելի մեղքերի մեջ։
Նրանց մի մասը թաքնվում է անանուն կեղծ էջերի, օտար անունների կամ նույնիսկ երեխաների լուսանկարների ետևում, մյուսները սեփական անունով են մասնակցում նույն ատելության տարածմանը՝ մոլորված ու կուրացած եկեղեցատյաց քարոզչությունից։ Այդ պատճառով նրանց գիտակցաբար գայթակղեցնողներն ու թունավորողները նույնպես դառնում են նրանց սերմանած չարիքին մեղսակից։
Եկեք քննենք հոգևոր տեսանկյունից․
1․ Խոսքը բացահայտում է մարդու ներաշխարհը։ Սոցիալական ցանցը հաճախ դառնում է յուրատեսակ հայելի, որտեղ մարդն իր իսկ խոսքերով արտացոլում է սրտում կուտակվածը՝ բարի թե չար։ Անանունությունը կարող է թաքցնել մարդու անունը մարդկանցից, բայց չի կարող թաքցնել նրա սիրտն Աստծուց։
2․ Աստվածաշունչը խստորեն հանդիմանում է լեզվի նման անսանձությունն ու պղծախոսությունը։
Քրիստոս ասում է. «...ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, և ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» ( Մատթ. 15:19-20)։
3․ Ուրեմն հայհոյանքը միայն բերանից դուրս եկած մի քանի տգեղ բառ չէ։ Այն կարող է լինել մարդու ներսում կուտակված ատելության, չարության ու թշնամանքի արտաքին արտահայտությունը։
4․ Եվ այստեղ Քրիստոսի հաջորդ զգուշացումը շատ ավելի ծանր է.
«Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է... Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» ( Մատթ. 12։34–37)։
5․ Սա նշանակում է, որ համացանցում գրված խոսքը ևս անձնական պատասխանատվությունից դուրս չէ։ Էկրանը չի վերացնում խիղճը, կեղծ անունը չի վերացնում պատասխանատվությունը, իսկ մեկնաբանության դաշտը չի դադարում լինել այն վայրը, որտեղ մարդ շարունակում է մնալ Աստծո առաջ։
6․ Հակոբոս առաքյալը լեզվի մասին ավելի սարսափելի պատկեր է գործածում.
«Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության... մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով... Մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել» ( Հակ. 3:6-8)։
7․ Առանձին ծանրություն ունի զրպարտությունը։ Հայհոյողը բացահայտում է իր բարկությունը, իսկ զրպարտողը դրան ավելացնում է նաև սուտը՝ ուրիշի պատիվն ու բարի անունը վնասելու համար։ Ուստի քրիստոնյայի համար «ես այդպես եմ լսել», «բոլորն են ասում» կամ «համացանցում գրված էր» արդարացում չէ։ Մարդը պատասխանատու է ոչ միայն իր հորինած ստի, այլև այն ստի համար, որը, չստուգելով, վերցնում է ուրիշից և իր ձեռքով շարունակում անփաստարկ ձևով տարածել։
8․ Իսկ Սուրբ Գիրքը ստախոսության մասին ասում է. «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև, ճշմարտության հավատարիմ բերանը հաճելի է նրան» ( Առակ. 12:22)։ «Անզգամներին վայել չեն ճշմարտախոս շուրթերը, և ոչ էլ արդարներին՝ ստախոս շուրթերը» ( Առակ. 17:7)։
9․ Ոչ ոք չի ասում, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսը, քահանան կամ որևէ հոգևորական մարդկային քննադատությունից վեր է։ Հոգևորականի խոսքը, որոշումը կամ գործողությունը կարելի է քննարկել, հարցադրել և նույնիսկ քննադատել։
Սակայն հայհոյանքը, զրպարտությունը, կեղծ տեղեկությունը, մարդու պատկերը պղծող մոնտաժը, սրբազան խորհրդանիշների ծաղրումը և անձնական նվաստացումը քննադատություն չեն։
10․ Առավել ևս, երբ խոսքը Եկեղեցու Հովվապետի մասին է, քրիստոնյան պարտավոր է հիշել, որ իր առջև միայն իր հավանած կամ չհավանած անհատը չէ։ Նա կրում է Հայրապետական ծառայություն և կանգնած է Եկեղեցու նվիրապետական կարգի գլխավերևում։ Հետևաբար անձի որևէ արարքի քննադատությունը չպետք է վերածվի Հովվապետական ծառայության անարգանքի, Եկեղեցու նվիրապետական կարգի արհամարհանքի կամ սրբազան խորհրդանիշների պղծման։ Սա չի վերացնում քննադատության իրավունքը, այլ քրիստոնյայից պահանջում է խոսքի պատասխանատվություն, չափ և եկեղեցական գիտակցություն։
11․ Առավել տարօրինակ և հոգևորապես վտանգավոր է, երբ այդ ամենը կատարվում է քրիստոնեական բառապաշարով։ Մարդը կարող է նույն էջում Աստծո անունը գրել, խաչի նշան դնել, Աստվածաշնչից մեջբերում կատարել, իսկ մի քանի տող ներքև՝ հայհոյել, զրպարտել և չարախոսել։ Սակայն քրիստոնեական հավատքը չի կարող սահմանափակվել Աստծո անունը շուրթերով արտասանելով, եթե նույն շուրթերը միաժամանակ գործիք են դառնում ատելության ու անարգանքի։
12․ Քրիստոնյայի բերանը չի կարող միաժամանակ Աստծո փառաբանության և մերձավորի անարգանքի գործիք լինել։ Հակոբոս առաքյալը հենց այս հակասությունն է հանդիմանում՝ ասելով, որ նույն բերանով օրհնում ենք Աստծուն և անիծում Աստծո նմանությամբ ստեղծված մարդկանց, և որ նույն բերանից օրհնություն և անեծք է դուրս գալիս ( Հակ. 3։9–10)։
Հարց է առաջանում նման վարքագիծ ունեցողներին․ Ինչո՞ւ եք կարդում ձեր արժեհամակարգին ու հոգուն խորթ գրառումներն ու ընկնում տվայտանքների մեջ։ Չարախոսությամբ ու թույն թափելով դուք նախ և առաջ վնասում եք սեփական հոգուն ու մղում դեպի կործանում։
Անօգուտ է անվերջ բանավիճել նրանց հետ, ովքեր ճշմարտությունը չեն փնտրում, այլ միայն նոր առիթ՝ հայհոյանքի ու ատելության համար։ Այդպիսի մեկնաբանությունները հեռացնելը և դրանց հեղինակներին անհրաժեշտության դեպքում արգելափակելը ոչ թե փաստարկից խուսափում է, այլ էջի տարածքը հայհոյանքից, զրպարտությունից և պղծախոսությունից պաշտպանելու բնական սահման։
Թող ամեն չարախոս մեկնաբանությունից առաջ մարդը մի պահ կանգ առնի և ինքն իրեն հարցնի․ եթե այս խոսքերը ստիպված լինեի ասել ոչ թե էկրանի ետևից, այլ մարդու աչքերի մեջ նայելով, և եթե հիշեի, որ այդ նույն խոսքերի համար մի օր հաշիվ եմ տալու Աստծո առաջ, արդյո՞ք նույնը կգրեի։
Քրիստոսի զգուշացումը մնում է նույնը.
«Ով լսելու ականջ ունի, թող լսի» ( Մատթ. 13։9)։
Հ․Գ․ Մտածում եմ՝ գուցե այլ օգտատերերի միջոցով կարդան գրվածը և մի պահ խորհեն իրենց խոսքերի մասին՝ նախքան արգելափակվելուն հասնելը։
Սամվել դպիր Գրիգորյան