Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Անհայտ զինվորը

Անհայտ զինվորը
07.12.2024 | 13:26

Նռան գինի էր խմում ծերուկը կավե ամանով,

Խմում եւ ափամեջով սրբում թաց բեղերը,

Լուռ դուրս գալիս եւ նայում,

Հին գյուղից բան չի մնացել,

Գյուղը ծածկված է կանաչի,

Ծառերի մեջ,

Հարսնացող աղջիկներ են, ասես,

Նազող բարդիները,

Թե լավ ականջ դնես,

Որդուն սպասող մոր մրմունջ կլսես,

Աղոթում է,

Աչքը ճամփի,

Ականջը ձայնի,

Չէր հավատում, որ...

Ամեն գարնան մեծ առվով ջրեր էին հոսում

Ու առվի ափին կանաչում էր բարդին,

Սպասում էր...

Սպասելով էլ՝ հեռացավ,

Մնացին առուն ու կանաչ բարդին,

Որ նրա հույսն են կանաչ պահում,

Նրա աղոթքը մրմնջում,

Նրա կարոտած աչքերով նայում ճամփեքին,

Նորից, նռան գինի էր խմում ծերուկը կավե ամանով,

Խմում եւ ափամեջով սրբում թաց բեղերը,

Լուռ նստում եւ սպասում,

Իսկ հին գյուղից ձմռան վերջում,

Ողջ-առողջ երկու նուռ է մնացել ծառին,

Հատիկները լուռ համբուրվում էին, Գիտեին, որ գարունը կգա,

Ծխում է օջախը,

Ես ապրում եմ քո արյան մեջ,

Հիշողությանդ խորունկ ծալքերում,

Ես քո կարոտն եմ,

Կարոտի կանչը,

Քո արյան ձայնը

Հողից նոր դուրս եկած կարմիր կակաչը,

Նորից, նռան գինի էր խմում ծերուկը կավե ամանով,

Խմում եւ ափամեջով սրբում թաց բեղերը,

Երկու մոմ վառում եւ աղոթում,

Խաղաղության համար,

Զինվորի...

Տուն չվերադարձած զինվորի համար,

Աղոթում է եւ նայում երկնքում ճախրող աղավնիներին,

Աղոթում է եւ սրբում աչքից կախված մի կաթիլ տաք արցունքը,

Պատերազմի ցավոտ լուրն է հասել,

Չգիտեի, որ երբ տղամարդն է լաց լինում, Ուրեմն աշխարհում վատ բան է եղել,

Աղոթում է,

Որ խաղաղության ծաղիկն աճի,

Փա՛ռք քեզ, հա՛յ զինվոր,

Փա՛ռք դիրքերում կանգնածներին,

Փա՛ռք հայ հողը հայ պահողներին...

Թագուհի ԹԱԳՈՒՀԻ

Հ.Գ.

Նատյուրմորտը՝ Հարություն ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6471

Մեկնաբանություններ