Սկիզբը՝ այստեղ
(Գրող Դավիթ Մուրադյանը լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանի մասին)
Երևանյան երեկոն, երբ մութը դեռ չէր իջել, խնդուն էր։ Գուցե հիմա էլ է այդպես, բայց վաղուց այդ ժամին կենտրոն չեմ իջնում, չգիտեմ։ Նվագախմբի անդամները մեծ հոսքով շարժվում էին դեպի Օպերա։ Սկսվում էր ներկայացումը։ Հիմնարկներից երիտասարդությունն էր հորդում։ Տուն շտապող չկար։ Բա Սաթիկի եփած սո՞ւրճը «Միջանցահովիկում»։
Իսկ Օպերայի խաղացանկը գիտեի։ Այսօր՝ «Լակմե»։ Դա նշանակում էր Գոհար Գասպարյան։ Նշանավոր մեներգի վերջում նա կվերցնի նոտա, որը լոկ ինքն էր կարողանում։ Այդ եզրափակիչ «լյան» փոթորիկ էր սարքել փարիզյան համերգում։
Ավագ հորեղբայրս, որ բնակվում էր Մուրացանի անվան փողոցում, այդ ժամերին իջնում էր «Կազիրոկ»։ Մի անգամ համընկանք, տեսա։ Նկատեցի, որ պիջակը մաշվել է։ Միասին սուրճ խմեցինք։ Ես հաճախ ֆիլմեր էի թարգմանում։ Հաջորդ հոնորարով պիջակ գնեցի իր համար։
Վերադառնում էի թիվ 12 ավտոբուսով՝ ուղիղ մինչև «Արագած» կինոթատրոն։ Ազդագիրը հայտնում էր՝ «Հրաշալի յոթնյակը»։ Այդ ֆիլմում խաղում են ամերիկյան աստղեր։ Ողջ է մնում միայն մեկը։ Արդյոք աստղերը մեռնո՞ւմ են։ Մտնում էի տուն։ Մայրս պատրաստել էր ընթրիքը։ Հայրս փորձում էր «Ամերիկայի ձայն» լսել «Սպիդոլա» ընդունիչով, բայց խլացնում էին կատաղի։ Էստոնական մեր փողոցում գիշերները խաղաղ էին։ Երգում էին ճռռիկները։ Այդ համերաշխ երգչախմբերը Երևանը լքեցին իսպառ։
Երևան, դեկտեմբեր 2025 թվական
Խաբուսիկ գարունները սիրելու չեն։ Ապագա երջանիկ կյանքի խոստումները՝ նույնպես։ Կոմունիզմի խոստման լեզվից վատ հոտ էր փչում։ Իմ սերնդակիցներից ոմանք հավատում էին անկեղծ, հայրս՝ ոչ։ Նրա եղբորը կալանավորել և աքսորել էին այդպիսի պլակատների ներքո։
Երևան, հունվար 2026 թվական
Երբ հասնում ես սահմանագծային տարիքի, ակամայից ցանկանում ես պեղել անցյալդ։ Ամենավաղ մանկության տարիներից շրջապատված եմ եղել բացառիկ մարդկանցով, ինչը հասկացա միայն մեծանալուց հետո։
Միշտ սևազգեստ Արփենիկ տատը Եկմալյան փողոցում, ով հաճախ դոշաբ էր բերում ինձ։ Իրենք թթենիներ ունեին։ Դոշաբ, իհարկե, սիրում էի, բայց ինձ դուր չէր գալիս, որ նա ոտքից գլուխ պարուրված է սև զգեստներով։ Հասա բարձր դասարանների շեմին ու իմացա, որ Ափի տատը սգո ուխտ է վերցրել վաղաժամ մահացած ամուսնու պատվին։ Եվ որ ամենևին էլ տատիկ չէր, այլ մոտ հիսուն տարեկան։
Հայրս. փողկապը չէր հանում նույնիսկ տանը։ Հարցրեցի՝ ինչո՞ւ։ Ասաց. «Երբեմն ուսանողներն են այցելում, ի՞նչ իմանամ՝ Խոստիկյան Արմենի մտքով երբ կանցնի գալ»։ Մայրս. տանը չէր հագնում բեմական զգեստ, բայց առօրյա խալաթ չէր հագնում նույնպես, քանզի երևանյան Օպերայի բեմում խաղացել էր դքսուհու դեր։
Պատերազմում ձախ ձեռքի մատները ականի պայթյունից կորցրած ավագ հորեղբայրս. Ժառանգավորաց վարժարանում եղել էր Պետրոս Դուրյանի կրտսեր եղբոր աշակերտը։ Խոսում էր ընտիր արևմտահայերենով։ Լեզուն փոխելը համարում էր դավաճանություն։
Հրանտ Մաթևոսյան. նրա խոսքը հասնում էր մինչև հայոց կեցության պատմաշերտերը՝ էսսեներում կամ «Մեսրոպը» էսսեատիպ պատմվածքում։ Մի ռեժիսոր կար ռադիոյում՝ սփյուռքահայ, ցածրահասակ, ակնոցավոր։ Շենքից դուրս ոչ ոք չէր ճանաչում նրան։ Երբ ֆաշիստները մտել էին Հունաստան, միացել էր Դիմադրության շարժմանը։
Տեսել եմ, թե ինչպես էին Երևանի փողոցներով քայլում այն ճարտարապետները, ովքեր մեր մայրաքաղաքը դարձրեցին գեղեցիկ։
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երևան, 2026 թվական, մարտ