Մեզ մոտ ավանդաբար միշտ մեծ է եղել հետաքրքրությունը Եվրոպայի ու եվրոպական կյանքի նկատմամբ, և դա եղել է այն ժամանակներից սկսած, երբ, սկզբում Իսպանիան ու Պորտուգալիան, հետո էլ, Հոլանդիան, Անգլիան և մյուսները, ուշ միջնադարից սկսած կառավարել են աշխարհը և ցանկալի օրինակ դարձել շատ-շատերի, այդ թվում նաև մեզ համար։
Տեխնոլոգիական առաջընթացի, գիտության ու լուսավորության միջոցներով Եվրոպան ու, հետո էլ, Արևմուտքը դարձան աշխարհի քաղաքակրթական առաջնորդները, բայց առաջին և երկրորդ աշխարհամարտերը ուժեղ հարվածներ եղան Եվրոպայի հզորությանը և նրան աշխարհակալական հզորության իմաստով մղեցին հետին պլան՝ կիսվելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։
Սակայն Եվրոպան, հզոր քաղաքակրթական իներցիայով և գիտական, տեխնոլոգիական ու մշակութային առումներով, շարունակեց մնալ աշխարհի հիմնական առաջատար ուժերից մեկը։
Սառը պատերազմի ժամանակ էլ, ԱՄՆ-ի ղեկավարությամբ միավորվելով սկզբում ՆԱՏՕ-ի և, հետո էլ ԵՄ-ի տեսքով, ինչ-որ չափով, այն է՝ աշխարհաքաղաքական իմաստով շարունակեց պահել իր դիրքը մինչև Խորհրդային Միության փլուզումը, երբ Վարշավյան պակտի վերացումը վերացրեց նաև Եվրոպայի, որպես ռազմական պատվարի, կարիքը ԽՍՀՄ-ի դեմ։
Աշխարհաքաղաքական դոմինանտության իմաստով ԽՍՀՄ-ի կոլապսը շատ ձեռնտու էր Արևմուտքին, դարձնելով նրան միակ ուժային բևեռը, բայց ՆԱՏՕ-ն չկազմալուծվեց, ավելին, ամենայն թափով սկսեց շարժվել դեպի արևելք, քանի որ Չինաստանի արագ աճը և Ռուսաստանի անբավ ռեսուրսներին տիրանալու պրոբլեմը ունեին ճակատագրական նշանակություն գոյաբանական մրցավազքում։
Ուժային միաբևեռ ռեժիմի հաստատմանը զուգահեռ Արևմուտքում տեղի ունեցան նաև քաղաքակրթական տեսակի այլ զարգացումներ ևս, որոնք ծնեցին տարբեր բնույթի ուլտրալիբերալ տենդենցներ կյանքի բոլոր ոլորտներում։
Բանը հասավ նրան, որ Ֆուկույաման հայտարարեց, թե աշխարհի պատմությունն արդեն ավարտվել է լիբերալ դեմոկրատիայի հաղթանակով, և մարդկության կյանքի հետագա ընթացքը պետք է տարածի այդ հաղթանակի արդյունքները, որի հետևանքն էլ եղան զանազան տեսակի գունավոր հեղափոխություններն ամբողջ աշխարհում։
Որակական բնույթի մյուս կարևոր զարգացումն ու, ըստ էության, լուրջ սխալը, որը տեղի ունեցավ Արևմուտքում, արդյունաբերության արտահանումն էր դեպի էժան աշխատուժով երկրներ և սեփական հզոր ռազմական արդյունաբերության թուլացումը, իբր թե, այլևս դրա կարիքը չունենալու պատճառով։
Դրան էլ հետևեց նորագույն ժամանակների Արևմուտքի կողմից արված հիմնական ճակատագրական սխալը, որը Ռուսաստանի պոտենցիալը, հոգեբանությունը և, որ ամենակարևորն է, շվեդների, Նապոլեոնի և Հիտլերի ձեռնարկումների հետ կապված ձախողումների պատմական փորձը հաշվի չառնելն էր։
Ինչ-որ չափով դեռևս գտնվելով քաղաքակրթական մոլորության մեջ և փորձելուվ ինչ-որ ձևով միավորել իր ուժերն ու հնարավորությունները Արևմուտքի հետ ու ստանալով արհամարհական մերժում, Պուտինի Ռուսաստանին չմնաց այլ որոշում, քան ուժեղանալն ու Չինաստանի հետ հարաբերություններն ամրապնդելը, որն էլ շրջադարձային կետ դարձավ աշխարհի պատմության մեջ՝ դառնալով նոր երկբևեռ աշխարհի կառուցման սկիզբը:
Շարունակելի
Պավել Բարսեղյան