«Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա»։
Դժոխք Հրայր
Զավեշտն ու տարակուսելին այն է և հայ ժողովուրդն այնքան է կորցրել իրատեսությունն ու շրջահայացությունը սիրելի հայրենակիցներ, որ խաղաղության հույսեր է կապում և հրճվում ագրեսոր, խառնակիչ, տարբեր երկրներում տասնյակ պատերազմներ հրահրած ու գունավոր հեղափոխություններ իրականացրած` ԱՄՆ֊ի և անգլոսաքսոնական եվրոպական գլոբալիստական պետությունների հետ, որոնց նպատակը մեծ հաշվով աշխարհի բոլոր երկրների իմունիտետը թուլացնելն ու մեկ կենտրոնից կառավարելը և ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Մենք էլ միամտաբար հավատում ենք այդ պետություններին, հպարտանում ենք և խաղաղության հույսեր փայփայում ԱՄՆ֊ի անկանխատեսելի, անկայուն ու անլուրջ նախագահի վկայությամբ` «Թրիփ» անունը կրող անհեթեթ ու Հայաստանին ոչինչ չտվող խաղաղության խաչմերուկ կոչվող և բացահայտ թուրանի շահերն սպասարկող ավանտյուրայով։
Ամեն անգամ հավատում ենք ու խաբվում, խաբվում ու նորից ենք հավատում սիրելի հայրենակիցներ, այդպես էլ դասեր չքաղելով անցյալից, պատմությունից ու մեր իմաստուն մեծերի պատգամներից։ Իսկ հիմա Թրամփի անմիջական նախաձեռնությամբ Ամերիկան խաբեությամբ` բանակցությունների ընթացքում սանձազերծել է մեր բարեկամ ու հարևան խաղաղասեր ու ավանդապաշտ Իրանի նկատմամբ մի նոր պատերազմ, հռթիռակոծելով ինքնիշխան երկրի անգամ դպրոցն ու երկրի առաջնորդի նստավայրը, պատճառելով 170 անչափահաս երեխաների զոհեր և ոչնչացնելով այդ երկրի հոգևոր առաջնորդին ու ռազմական ղեկավարությանը։ Հատուկ նշանառությամբ սպանվեցին 170 դեռատի աղջիկներ և ոչ մի արձագանք Արևմուտքի երկրներից։
Մի՞թե սա է մեզանից շատերի պաշտամունքի աստիճանի հասնող` դավանած արևմտյան քաղաքակրթությունը։ Հիանում ու հպարտանում ենք մի մարդու անվան միջանցքով, ում երկիրը պատմության մեջ միակն է, որ նենգաբար` 1945թ․ օգոստոսին ատոմային զենք օգտագործեց ճապոնական Հիրոսիմա և Նահասակի քաղաքների խաղաղ բնակիչների վրա, այն էլ գիշերով` քնած ժամանակ և մինչ օրս անգամ ներողություն չի խնդրել այդ հրեշավոր արարքի հսմար։
Օրերս էլ «Ալ Վաթան Քաթար» թերթի թղթակից Արհամ Շարկային գրում է, որ «Թրամփն իրեն պահում է, որպես այնպիսի որակներ կրող մարդ, ինչպիսին բանդայի պարագլուխը կարող է լինել և որ Ամերիկայի ժողովուրդն իրեն ընտրել է, որովհետև ինքը նրա արտահայտությունն է»։
Թրամփն էլ ոչ պատահականորեն իրեն դաշնակից է ընտրել պատերազմական հանցագործ, Պաղեստինում ցեղասպանություն իրականացրած` Իսրայելի վարչապետ Նեթյանահուին։
1961թ. ապրիլի 27֊ին ունեցած իր պատմական ելույթում էլ ԱՄՆ֊ի հրեշավոր էությունը բացահայտեց ԱՄՆ֊ի գործող նախագահ Ջոն Քենեդին, ինչի համար և սեփական երկրում դարձավ ահաբեկչության զոհ։ Այդ պատմական ելութով նա բացահայտեց ԱՄՆ֊ում ներդրված` աշխարհում գաղտնի գործող մոնոլիտ ու անողոք դավադրություններ և դիվերսիաներ իրսկանացնող համաշխարհային ժանդարմի ու դատավորի դեր կատարող մի պատժիչ համակարգի գոյության մասին։
«Սա մի համակարգ է, որը տեղակայել է հսկայական թվով մարդկանց և հսկայական նյութական ռեսուրսներ` ռազմական, դիվանագիտական, հետախուզական, տնտեսական, գիտական և քաղաքական գործողություններ իրականացնող, սերտորեն կապված, բարձր արդյունավետ մեքենա կառուցելու համար»,- իր ելույթում ասել է Քենեդին։
Դրա վառ ապացույցն էլ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ֊ի կողմից իրականացրած ագրեսիան և հրահրված պատերազմներն ու գունավոր հեղափոխություններն են, ստեղծված ահաբեկչական կազմակերպությունները` բազմաթիվ երկրներում, որի արդյունքում պատճառվեցին մեծ ավերածություններ, եղան միլիոնավոր զոհեր, գաղթականներ ու խեղված ճակատագրեր։
ԱՄՆ֊ի ու անգլոսաքսոնական արևմուտքի անմիջական հավանությամբ են նաև հրահրվել 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Իսկ 2022թ֊ին Եվրոմիության ու Ֆրանսիայի նախագահների ձեռամբ Պրահայում հանձնվեց Արցախը։ ԱՄՆ֊ի նախագահի նախաձեռնությամբ էլ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում հայ ժողովրդին պարտադրվեց նվաստացուցիչ` ցեղասպանությամբ ու հայրենազրկմամբ ուղեկցվող, պատերազմի սպառնալիքով Ադրբեջանի` միակողմանի շահ հետապնդող պայմանագիր կոչվող ավանտյուրան, որտեղ խոսք անգամ չգնաց երեքհազարամյա իր բնօրրանից զրկված արցախահայության ու բաքվի բանտերում անօրինական ձևով պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների մասին։ Իսկ մենք դեռ միամտաբար հավատում ու հույսեր ենք կապում այդ երկրի ու Եվրոպայի հետ սիրելի հայրենակիցներ։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու