Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Հանուն իշխանության, փողի, նավթի և գազի՝ հրահրվում են պատերազմներ, և դա արվում է ժողովրդավարության կամ խաղաղության անվան տակ

Հանուն իշխանության, փողի, նավթի և գազի՝ հրահրվում են պատերազմներ, և  դա արվում է ժողովրդավարության կամ խաղաղության անվան տակ
03.03.2026 | 21:45

Իրաք, Լիբիա, Սիրիա, Արցախ, Ուկրաինա, հիմա էլ Իրան... Նկատե՞լ եք, որ մեր օրերում բոլոր երկրները արտաքին ուժերի կողմից հիմնահատակ ավիրվում են, և այդ ամենը տեղի է ունենում ժողովրդավարության կեղծ քողի տակ։ Եվ ուզում ես հասկանալ՝ այս անդադար պատերազմող աշխարհում մարդը վերածվել է բնությանը դեմ գնացող անկուշտ գիշատիչի՞, թե՞ վերջին փորձության շեմին կանգնած ինքնաոչնչացող արարածի։

Մի այսպիսի խոսք կա. «Մարդը սովորեց թռչել թռչունների պես, լողալ՝ ձկների պես, բայց այդպես էլ չսովորեց ապրել մարդու պես»։

Իրոք որ, նայում ու մտածում ես. Արարիչը մեզ տվել է մի կատարյալ դրախտ՝ բնություն, շնչելու օդ, սնող հող և անսահման բարիքներ, որոնք բավարար էին բոլորիս երջանկության համար։ Բայց մարդ տեսակը իր անկուշտ էությամբ այդպես էլ չսովորեց շնորհակալ լինել և փոխարենը որոշեց, որ ուտելիքը մեզ չի բավականացնում ու սկսեց ստեղծել գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ՝ նույնիսկ թունավորելով իր սեփական մորն ու մանուկին։ Եվ այո, Արարիչը մարդկությանը տվեց դրախտը, բայց նրանք նախընտրեցին սեփական դժոխքը։

Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մարդու միտքը ծառայում է ոչ թե կյանքեր փրկելուն, այլ դրանք կառավարելուն ու ոչնչացնելուն։ Եկանք հասանք մի օրվա, երբ ստեղծվում են արհեստական վիրուսներ ու համավարակներ, որոնք մարդկությանը մատնում են տառապանքի։ Մենք դարձել ենք լաբորատորիայի առնետներ մեր իսկ տեսակի ձեռքում։

Հանուն իշխանության, փողի, նավթի և գազի՝ հրահրվում են պատերազմներ, և ամենացավալին այն է, որ դա արվում է ժողովրդավարության կամ խաղաղության անվան տակ։ Պղծվում են մշակույթներ, ոչնչացվում են քաղաքակրթություններ... ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ՝ հանուն փողի, հանուն մի քանիսի կարիքների։

Մի դիպուկ խոսք ունի Մահաթմա Գանդին, ասում է` աշխարհը բավականաչափ մեծ է բոլորի կարիքները բավարարելու համար, բայց չափազանց փոքր է մեկ մարդու ագահությունը հագեցնելու համար։

Հիմա մի քանի իրենց առողջ կարծող շիզոֆրենիկ կայսրերի ձեռքն աշխարհը կրակն է ընկել... Բայց պատմությունը ցույց է տվել, որ բոլոր մեծ կայսրությունները կործանվել են ոչ թե արտաքին թշնամուց, այլ ներքին բարոյալքման պատճառով։ Հին Հռոմից մինչև մեր օրերը սցենարը նույնն է եղել, երբ փողն ու հաճույքը դարձել են միակ աստվածը, բնությունը սկսել է բոլորին պատժել։ Միգուցե սա իրոք մեր երկրային կյանքի փորձության վերջին հանգրվանն է, կամ էլ միգուցե հասել ենք մի սահմանագծի, որտեղ պետք է ընտրություն կատարենք, կամ վերադառնանք մեր մարդակենտրոն արմատներին, կամ վերջնականապես ինքնաոչնչանանք մեր իսկ ստեղծած քաղաքակրթության փլատակների տակ։

Այս այլասերվածության և աստվածամերժության ժամանակներում մարդկությանը մնացել է երկու տարբերակ... կամ վերադառնալ սեփական արմատներին, կամ խեղդվել իր իսկ ստեղծած աղբի, դաժանության ու ատելության մեջ։

Երևի մարդկությունը, իր իսկ մայրամուտի ճանապարհին, դեռ ժամանակ ունի սթափվելու։ Թե՞ արդեն ուշ է... Չգիտեմ...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ