ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Երբ ընդհանուր մթնոլորտն է տխուր, հավատացեք, ուրախանալու բան չկա»

«Երբ ընդհանուր մթնոլորտն է տխուր, հավատացեք, ուրախանալու բան չկա»
23.12.2013 | 17:43

Տարվա ավարտին հաշված օրեր են մնացել, և Ամանորի կախարդական գիշերն ընդամենը հինգ օրից կներթափանցի յուրաքանչյուրիս տուն:

Սա տոնի հաճելի, բայց առաջին երեսն է, երկրորդ երեսը շատ տխուր է, ինչը նկատելի է մարդկանց հայացքներում:
«Մատանին լոմբարդ ենք դրել, բա ի՞նչ անենք: Երեխաներին առանց տոնական սեղանի հո չե՞նք թողնի»,- մեզ հետ զրույցում ասաց սոցիալապես անապահով մի ընտանիքի հայր: Հարցումները վկայեցին, որ սա եզակի դեպք չէ։
«Նոր տարուն մարդկանց հոսքը մեծանում է, և մենք դառնում ենք պահանջարկված»,- նշեցին գրավատան աշխատողները:
Նկատենք, որ Նոր տարին հոգսի տակ է գցում նաև աշխատանք ունեցողներին, այսինքն` կայուն եկամուտ ունեցողներին: «Նոր տարին շատ լավ տոն է, մեր աշխատավարձերն են ծիծաղելի ցածր: Եթե անգամ աշխատավարձը բավարարում է ծայրը ծայրին հասցնելուն, և գնումներն առանց պարտքի ենք անում, ապա հաջորդ ամիս ֆինանսական խնդիրներ ենք ունենում»,- անկեղծանում են պետական ծառայողները։
Ստացվում է, որ Նոր տարին ֆինանսական դժվարություններ է ստեղծում թե՛ աշխատողների, թե՛ գործազուրկների համար: Սա բնական է, քանի որ, միջին հաշվարկներով, ոչ շատ ճոխ սեղան «գցելու» համար անհրաժեշտ է 150-200 հազար դրամ: Եթե նկատենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 100 հազար դրամ էլ չի կազմում, ապա 150 հազար դրամն արդեն անհասանելի գումար է, «թթված» դեմքով տոնական գնումները անելն էլ` տրամաբանական:
Փոխարենը 350 հազար դրամով կոկորդիլոս գնողի մռայլ դեմքը, կներեք, անհասկանալի է: Այսինքն, մարդը կարող է առանց պարտք անելու կոկորդիլոս գնել, բայց, միևնույն ժամանակ, դա ուրախություն չի բերում նրան։ «Չեմ բողոքում, ֆինանսական խնդիրներ չունեմ, բայց երբ ընդհանուր մթնոլորտն է տխուր, ապա, հավատացեք, ուրախանալու բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարներից մեկը։
«Տարեցտարի, բարեփոխումներ անվան տակ, բարձրացնում են հարկերը և ավելի ու ավելի սահմանափակում ազատ աշխատելու հնարավորությունը: Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա: Այս բոլորն անհասկանալի իրավիճակ են ստեղծում»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ