Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Պատմությունն ու մեզանից հետո եկողները իրական ու անաչառ գնահատական կտան

Պատմությունն ու մեզանից հետո եկողները իրական ու անաչառ գնահատական կտան
04.02.2026 | 15:08

Ստի, կեղծիքի և արժեքների դեգրադացիայի մեջ ճշմարտությունը երբեմն ոչ պոպուլյար ու ցավոտ է լինում։ Դրա համար մեզանից շատերը խուսափում են կամ լռում ճշմարտության մասին։

Այս իրավիճակի հետևանքն է, որ մեր ժողովրդի մի ստվար հատված ճանաչեց ու հերոսացրեց անզեն, առանց կռվի գերի ընկած մարդուն։

Բայց ո՞րն է խնդիրը, որ մենք ու մեր ժողովրդի մեծամասնությունը չիմացավ, չպահանջեց անուն առ անուն հրապարակել ու հերոսացնել վերջին պատերազմներում զենքը ձեռքին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր մեր եղբայրներին։ Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմի զոհերի անունները մինչև հիմա չեն հրապարակվել։

Որտե՞ղ է արժեքների խզումը, երբ մեր ժողովրդի մի մեծ հատված ավելի շատ հերոսացրեց, ճանաչեց անզեն, գերի հանձնված մարդուն, բայց մոռացավ, ուրացավ և անհրաժեշտ արձագանք ու գնահատական չտվեց իր ազգի ազատության ու արժանապատվության համար սեփական եղբայրների, որդիների կյանքը զոհասեղանին դրած հրամանատար Աշոտ Մինասյանի ապօրինի բանտարկությանը․ հրամանատար, ով իր անցած մարտական ուղով ու սխրանքներով բազմաթիվ արժանապատվության պահեր ու հաղթանակներ նվիրեց նույն այդ ժողովրդին։

Ի՞նչ պատահեց մեզ, երբ մեր մի հատված կրկին հերոսացնում, փառաբանում է անզեն ու առանց դիմադրության հանձնված մարդուն, բայց միևնույն մոլեռանդությամբ հայհոյում, վարկաբեկում ու ամենավերջին բառամթերքն ու մեղադրանքներն է տալիս, երբեմն նույնիսկ ուրախանում պատերազմներին կամավոր մասնակցած, բախտի բերմամբ ողջ մնացած նույն իր հայրենակիցների ապօրինի բանտարկություններով ու անհաջողություններով։

Ի՞նչ պատահեց մեզ, երբ մեր մի հատված ավելի հուզվեց, ոգևորվեց վերոնշյալ հերոսի հանգամանքով, բայց երբեք նման ոգևորությամբ կարեկից ու դատապարտող չեղավ Արցախի կորստին և իր հարյուր հազարավոր հայրենակիցների անտուն, անգերեզման, անհայրենիք մնալու հանգամանքին։

Այս ամենի մասին բազմաթիվ զուգահեռներ ու համեմատություններ կարելի է անել՝ ցույց տալու համար մեր ժողովրդի տարբեր շերտերի միջև առաջացած խզումն ու անդունդը։ Բայց նպատակը ոչ թե դա է, այլ այն, որ կարողանանք այդ խզումն ու բաժանումը վերացնելով՝ մեզ բերել արժանապատվության, բարոյականության և սեփական ազգային արժեքներին տեր լինելու դաշտ։

Ես չեմ նսեմացնում, անտեսում կամ քննադատում որևէ հանգամանքում գերության մեջ հայտնված մարդու դժվարություններն ու ապրումները։ Բայց միևնույն ժամանակ չեմ կարող լռել կամ անտեսել այն մթնոլորտն ու արձագանքները, որոնք շատ հաճախ տարբեր երևույթների նկատմամբ ոչ համարժեք են։

Հ. Գ. Լիահույս եմ, որ այս ծանր ժամանակաշրջանը մենք կհաղթահարենք ու ոտքի կկանգնենք, իսկ պատմությունն ու մեզանից հետո եկողները մեր ժամանակների և այս ժամանակաշրջանի տարբեր գործող անձանց մասին կտան իրական ու անաչառ գնահատական։

Գերասիմ Վարդանյան

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ