«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Առանց Արցախի Հայաստանը

Առանց Արցախի Հայաստանը
15.11.2025 | 12:30

Հիմա ավելի քան տեսանելի է, թե Արցախը ինչպիսի ազդեցություն էր գործում Հայաստանի Հանրապետության վրա, երբ ազատ ու կենսունակ էր՝ մայր երկրի հետ բազմակողմանիորեն լծորդված: Արցախը էապես ապահովում էր ՀՀ անվտանգությունը, ներքին կայունությունը, ազգային արժանապատվությունն ու բարոյականությունը: Ներկայիս Հայաստանի մեծագույն թշվառությունը հենց նրա բարոյական գահավիժման մեջ է. Արցախի գոյությամբ Հայաստանում չէին վխտում այս կարգի ու մասշտաբի դավաճանական ուժեր՝ իշխանական վերնախավից մինչեւ հասարակ քաղաքացիներ, այս ծավալի ուրացման արշավներ չկային՝ ազգային արժեքների, մասնավորապես, հոգևոր ասպարեզի դեմ: Հանրության ներկայիս ահավոր պառակտվածությունը չես համեմատի երեկվա հավաքականության հետ: Արցախը ուժ, եռանդ, զգաստություն, հայկականություն ու ոգեղենություն էր հաղորդում հայոց երկրին, տնտեսական ու ընկերային բազում նպաստներ էր բերում նրան: Արցախը Հայաստանին լիարժեք երկիր էր դարձրել, նախ և առաջ՝ պատասխանատվության ու ինքնապաշտպանության տեսանկյունից: Եվ այս դիտարկման մեջ ոչ մի կանխակալություն ու չափազանցություն չկա: Համեմատեք հայկական այսօրը երեկվա հետ և կհամոզվեք դրանում, եթե, իհարկե, համեմատելու կարողություն և ազնվություն ունեք:

Առանց Արցախի Հայաստանը թևաթափված ու վանդակված հավքի պես է:

Քանի դեռ Արցախը չի վերադարձել հայկական ընդհանուր ծիր, առայժմ՝ օրակարգային, Հայաստանին սպառնալու է գոյաբանական՝ օրեցօր սաստկացող վտանգը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ