Այսօր Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոնի աշխատակիցները հրաժարվել են սպասարկել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ուղեգիր ներկայացրած անձին: Կենտրոնի աշխատակիցը բառացի հայտարարել է, որ «պետպատվերի շրջանակներում ծառայություններ չենք մատուցում»: Ընդ որում, «Շենգավիթ» ԲԿ-ի աշխատակիցն անգամ չէր ցանկացել ծանոթանալ հիվանդի պատմությանը, փաստաթղթերին, այլ կերպ ասած` ուղեգրի բովանդակությանը: «Մենք պետպատվերի շրջանակներում ծառայություններ չենք մատուցում և վերջ»:
Ըստ այդմ, ամենատրամաբանական վարկածն այն է, որ «Շենգավիթ» ԲԿ-ն չի ենթարկվում ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, ինչպես նաև այլ իրավական և ենթաօրենսդրական ակտերին: Հարց է առաջանում. իսկ միգուցե բժշկական այդ հաստատությունն ինքնորոշվել և դու՞րս է եկել ՀՀ կազմից:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ «Շենգավիթ» ԲԿ-ն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ՀՀ անբաժանելի մաս, քանզի ներգրավված է երկրում գործող առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրում: Կենտրոնի «ինքնորոշվելու» վերաբերյալ նախարարությունից ոչինչ չհայտնեցին: Ամեն դեպքում, նախարարության Կարինեն խոստացավ ամեն ինչ պարզել: Սպասենք: Եվ, եթե պարզվի, որ «Շենգավիթ» ԲԿ-ն ՀՀ-ում գործող իրավական ակտերին այլևս չի ենթարկվում, ապա հաջորդիվ պարտադիր կլինի պարզել, թե հատկապես ո՞ր պետության օրենքներով է այն առաջնորդվում, այլ կերպ ասած` ո՞ր պետությունում է այժմ գտնվում «նախկին» «Շենգավիթ» ԲԿ-ն:
Կարեն Հեքիմյան