Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Իրատես de facto»-ի նվիրյալ թղթակիցը

«Իրատես de facto»-ի  նվիրյալ թղթակիցը
16.05.2014 | 11:27

Սիրով եմ գրում հորս մասին. ծնվել է 1940-ին, Իրանի Բուրվառ գավառի Քերթ գյուղում: 3-4 տարեկանում զրկվել է ծնողներից, ապա` տեսողությունից: 1946-ին 12 տարեկան եղբոր հետ հայրենադարձվել է, բնակություն հաստատել ՀՀ Արարատի մարզի այժմյան Վանաշեն գյուղում:
Աբրահամ Ծատուրյանը 1958 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի չտեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցը, 1965-ին` ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 7 տարի հմտորեն ղեկավարել է Հայաստանի կույրերի միավորման էլեկտրապարագաների արտադրամասը` արժանանալով գործընկերների ջերմ վերաբերմունքին: Դեռ երիտասարդ տարիներին, ցուցաբերելով հայրենասիրություն, աշխատողների մեջ սերմանել է սեր ու նվիրվածություն հայրենիքի, մայրենի լեզվի հանդեպ` խստորեն պահանջելով գործածել միայն հայեցի բառեր ու անվանումներ:
Ծատուրյանն արդեն 40 տարի աշխատում է կույրերի միավորման հրատարակչությունում` չտեսնողների համար հրատարակվող ամսագրի խմբագրի պաշտոնում: Ամսագրում տպագրվում են կույրերի միավորման արտադրական, մշակութային կյանքին վերաբերող ակնարկներ, հանրապետական լրագրերից արտատպվում են չտեսնող ընթերցողներին հետաքրքրող քաղաքական, գիտական, հրապարակախոսական, մշակութային, պատմագիտական, գրական, առողջապահական հոդվածներ:
Լինելով հայրենասեր անձնավորություն, Ծատուրյանն արցախյան շարժման տարիներին` 1965-ին, 1980-90-ական թվականներին միշտ եղել է հրապարակներում, ժողովրդի հետ տառապել, տխրել, ուրախացել, իր սուղ միջոցներից պարբերաբար հատկացումներ կատարել արցախյան ֆոնդերին, հայկական հիմնադրամին:
Անհուն սերը հայրենիքի, հայ ժողովրդի, Արցախի հանդեպ Ծատուրյանն արտահայտել է «Իրատես de facto»-ում տպագրված իր 18 հոդվածներում: Հետին թվով թերթելով այդ հոդվածները, ամենուրեք նկատում ես հեղինակի հայրենասիրական, քաղաքացիական համարձակ ու ազնիվ դիրքորոշումը, մտքերի տրամաբանական շարունակականությունն ու հետևողականությունը: Դրանցում նա բանիմացությամբ բանավիճում է պատմաբանների, հրապարակախոսների, գրողների, լրագրողների, քաղաքական գործիչների հետ, արձագանքում հասարակական-քաղաքական կյանքին, արտահայտում պետականամետ, կենտրոնամետ դիրքորոշում` հանուն հայրենիքի, ժողովրդի միասնության, Արցախի ազատության:
Ի դեպ, հայրս ենթադրաբար իրեն էլ արցախցի է համարում, նկատի ունենալով, որ Իրանի Քերթ գյուղի հիմնադիրները Ծատուրյաններն են եղել, իսկ Արցախի Մարտունու շրջանի նույնանուն Քերթ գյուղում ապրում են Ծատուրյաններ: Հեղինակն իր հոդվածներում ինչպիսի՜ սիրով է խոսում Արցախի, նրա հերոսական պայքարի, Քարինտակ գյուղի, Շուշիի փառապանծ հերոսամարտերի մասին:
Խորապես ապրելով իր ֆիզիկական մեծագույն կորուստը, հայրս երբեք չի հուսալքվել, հասարակական, նաև ստեղծագործական աշխատանքով ձգտել է ամեն կերպ պիտանի լինել շրջապատին, բարեկամներին, ընկերներին, հրճվել է իր ժողովրդի, Արցախի հաղթանակներով, տառապել, տխրել անհաջողությունների համար, փորձել է ըմբռնել կյանքի, տիեզերքի առեղծվածները, խորապես ապրելով մեր փոքրիկ հայրենիքի, նաև կորուսյալ դրախտի ճակատագրով և այդ ամենի մասին իր խոհերն ու տառապանքն է արտահայտել հոդվածներում, նաև մի շարք բանաստեղծություններում:
Այո, խորապես ապրելով ֆիզիկական իր մեծ կորուստը, այնուամենայնիվ, նա իր բարեկամներին ու ընկերներին կոչ է անում գնահատել կյանքի հմայքն ու գեղեցկությունը, ինչպես հարկն է վայելել այն, ունկնդիր լինելով ռուս մեծ բանաստեղծ Ռոբերտ Ռոժդենստվենսկու սթափեցնող տողերին.
Հայերեն տարբերակը Ծատուրյանի թարգմանությամբ ու ևս մեկ քառյակի հավելումով թերևս կհնչի այսպես.
Երբ արթնանում ես,
Ասա բարի լույս,
Չէ՞ որ հրաշք է
Ամեն արշալույս.
Ասա բարի լույս,
Ասա բարի լույս,
Որ կյանքը դառնա
Հավերժ արշալույս:

Իր «Տիեզերական առեղծված» բանաստեղծությունում հեղինակը հրճվում է կյանքի հրաշքով.
Սեռի խորհուրդն ո՞վ է հորինել`
Երկնային գո՞յը, հո՞ղը արարիչ.
Սա ի՜նչ հրաշք է, օ՜, ի՜նչ առեղծված`
Այս անձև նյութին ո՞վ է ձև տվել,
Այս անբան նյութին, այս անգետ նյութին
Ո՞վ է շունչ տվել, լույսով շաղախել,
Ներարկել հույզեր, կրքեր ու խոհեր.
Եվ ահա այսօր այդ անձև նյութը
Գիտե տառապել, արտասվել, հրճվել,
Սիրել ու ծնել, նաև` սպանել...
Սա ի՜նչ հրաշք է, օ՜, ի՜նչ առեղծված`
Մի՞թե աստղերն էլ սիրուց են ծնվում,
Մի՞թե երկրային` շնչավոր, անշունչ
Սեր են երազում, մեկմեկու ձգտում,
Եվ տիեզերքն էլ սիրո՞ւց է վազում.
Սեռի խորհուրդն ո՞վ է հորինել`
Երկնային գո՞յը, հո՞ղը արարիչ:

Հեղինակին հմայում է նաև կնոջ առեղծվածը` «Կինը երազ է» բանաստեղծությամբ.
Կինը երազ է, տաճար երկնային,
Արարչի ձեռքով կերտված մի մարմին
Եվ սիրով հեղված այդ մարմարիոնում
Մերկ հոգին է իր մարմինը առնում,
Մարմինը առնում, լույս աշխարհ ելնում.
Մերկ հոգին Աստծո կամքով է ծնվում,
Բայց ինչո՞ւ կնոջ տաճար արգանդում
Չար ոգին իր որոմն է ցանում,
Մի՞թե երկնային սուրբ ոլորտներում
Չարի ու բարու ուժերն են մրցում.
Կինը երազ է, տաճար երկնային,
Նրա արգանդում թող հեղվի բարին,
Որ չարը երբեք չիշխի աշխարհին:

Իսկ ինչպիսի՜ սիրով է հեղինակը ներկայացնում իր կորուսյալ հայրենիքը «Ո՞Ւր էիր, Աստված» գողտրիկ բանաստեղծությունում.
Հայն ակոսում էր,
Հորովել երգում,
Սևաչ խաղողից
Գինի էր քամում,
Մետաքս գորգ հյուսում,
Խաչքար էր կերտում,
Շարական երկնում,
Սեր, կյանք վայելում,
Լույս մանուկ ծնում.
Մեկը մատուռում
Աղոթք էր անում,
Մեկն էլ իր խցում
Մատյան էր ծաղկում`
Հայոց աշխարհում
Կյանքն էր եռում.
Եվ ի՞նչ պատահեց`
Երկիրը ցնցվեց
Չարի ոտքերից,
Հայ հողը պղծվեց
Քոչվորի հոտից,
Եվ դաշտ ու այգի
Անխիղճ հրկիզվեց,
Անապատ դարձավ
Մի ողջ հայաշխարհ`
Սասունից մինչ Վան,
Կարինից Անի.
Բայց չէ՞ որ հայը
Աղոթք էր անում,
Մատյան էր ծաղկում,
Եվ այդ աղոթքում,
Եվ այդ մատյանում,
Արարչին պաշտում.
Իսկ Արարիչը`
Ասես կույրուխուլ,
Մի ողջ ժողովուրդ`
Ինչպես մի Հիսուս,
Չարին էր մատնում.
Եվ այսօր, օ՜, Տեր,
Ես պիտի գոչեմ`
Ո՞Ւր էիր, Աստված,
Անաստված Աստված:

Իր հրապարակումներում «Իրատես de facto»-ի թղթակիցը, բանավիճելով տարբեր բնագավառների մտավորականների հետ, մեծ հարգանքով ու նրբանկատորեն է արտահայտում իր կարծիքն ու անհամաձայնությունը: Այսպես, չհամաձայնելով մեծն շանսոնիեի հետ, թղթակիցը շատ հարգալից է վերնագրել հոդվածը` «Ազնվասիրտ Շառլ, մեծն հայ, մենք համաձայն չենք Ձեզ հետ»:
Մեկ այլ հոդված շատ դիպուկ վերնագրել է հանճարեղ Սարոյանի բառերով` ներկա ոտնձգություններից պաշտպանելով մեծն Րաֆֆուն` «Ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդում եք, որ չմոռանաք», և հոդվածի ողջ բովանդակությունը լիովին համապատասխանում է վերնագրին:
Հապա «Երբևէ դուք կհասկանաք և կգնահատեք, թե ինչ է արել Դեմիրճյանը Ձեզ համար» հիանալի հոդվածը` Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքի կապակցությամբ. վերլուծելով գիրքը և անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի գործունեությանը, հենց նախաբանում հոդվածագիրը շատ դիպուկ գնահատում է` «Ահա այսպիսի կենսագրությամբ պետք է դառնալ երկրի առաջնորդ», իսկ հանճարեղ Նժդեհի արդիական հնչեղություն ունեցող դիպուկ արտահայտությամբ վերնագրված հոդվածը` «Չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է», ոչ միայն խորհրդային 70-ամյա դաժան անցյալի հակիրճ գնահատականն է, այլև զգուշացում մեր հայրենիքի ներկա և ապագա առաջնորդներին:
Թղթակիցը իր հոդվածներում անաչառությամբ արձագանքում է մեր երկրի ներքաղաքական կյանքին, քանիցս անդրադառնում նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ճշմարիտ գնահատականներ տալով իրադարձություններին, քաղաքական գործիչների, պատգամավորների, մտավորականների դիրքորոշումներին:
Թղթակիցը ինչպիսի՜ սիրով ու համարձակությամբ է պաշտպանում իր պաշտելի հայրենիքն ու Արցախը, հայ ժողովրդին թուրք-թաթարական ստոր քարոզչությունից, տեղական անարդար, երբեմն զրպարտիչ, սուբյեկտիվ գնահատականներից:
«Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա» հոդվածում արդիական հնչեղության հարցադրում է արվում` «Ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատու, որ այսօր Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Արցախում թափվում է մեր զավակների ազնիվ արյունը, որ մեր հայրենիքի մի հատվածը` Նախիջևանը, ական է դարձել մեր հայրենիքի թիկունքում, որ մեր ժողովուրդը 25 տարի պատանդ է դարձել թուրք-թաթարական ցեղասպաններին. պատասխանը մեկն է` 1921 թ. Մոսկվայի և Կարսի հայադավ պայմանագրերը կնքող պանթուրքիստ, ոճրապարտ բոլշևիկյան կուսակցությունն ու նրա հայատյաց, մարդատյաց առաջնորդները»:
Թղթակիցը ձևակերպել է քաղաքական, պետական գործիչների, մտավորականների և ընդհանրապես յուրաքանչյուր անհատի գործունեության գնահատման շատ խիստ, բայց շատ ազնիվ բանաձև` «Ինչ ես արել, որ չպետք է անեիր, ինչ չես արել, որ պարտավոր էիր անել, իսկ ինչ լավ բան, որ արել ես, պարտավոր էիր անել, քանզի յուրաքանչյուր ոք իր ժողովրդի զավակն է, պարտավոր է ազնվորեն ծառայել նրան, հակառակ պարագայում անիմաստ է աշխարհ գալը»:
Ահա այսպիսին է իմ սիրելի հայրը, ձեր նվիրյալ թղթակիցը, «Իրատես de facto»։


Անահիտ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ