Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եղվարդցի երիտասարդները կհարստացնեն մարզի հուշարձանների ցանկը

Եղվարդցի երիտասարդները կհարստացնեն մարզի հուշարձանների ցանկը
04.06.2014 | 17:17

Կոտայքի մարզի 20-25 տարեկան շուրջ 20 երիտասարդներ «Բնության մոռացված արահետներ» ծրագրի շրջանակներում կբացահայտեն համայնքի տեսարժան վայրերը և կմշակեն ուղիներ`բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների անհետացման կանխման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագիը մեկնարկել է մայիսի 1-ից: Հունիսի 3-ին և 4-ին երիտասարդները մասնակցում են խմբային աշխատանքների, փորձագետները ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացնում են Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը, տրամադրում տեղակություն հուշարձանների մասին: Առաջիկայում կմեկնարկի արշավների փուլը, երբ երիտասարդները կբացահայտեն համայնքի պատմամշակութային հուշարձանները:
Ծրագրի համակարգող Շուշան Սահակյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը համայնքների կեսաբազմազանության պահպանումն է, ու մանրամասնեց. «Երիտասարդները պիտի տեղեկացված լինեն իրենց համայնքի կենսաբազմազանության մասին, որպեսզի ավելի կապված լինեն համայնքին: Նպատակ ունենք ինքներս բացահայտել համայնքի` մինչև այժմ անհայտ հուշարձանները և հարստացնել մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկը»: Շուշան Սահակյանը նշեց, որ արշավներին զուգահեռ երիտասարդները կունենան ճանաչողական քննարկումներ: Այնուհետև երիտասարդների «բացահայտումները» կտպագրվեն, այդ նյութերի հիման վրա կստեղծվեն պաստառներ:
Հունիսի 4-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ եղվարդցի երիտասարդները բարձրացրին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Թթու ջուր կոչվող աղբյուրի տարածքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելը, համայնքում ձկնաբուծությանն ուղղված աշխատանքների նախաձեռնումը:
Ծրագրի մասնակից, Եղվարդ քաղաքի բնակիչ Տիգրանուհի Մկրտչյանը խոստովանեց, թե մինչև ծրագրին մասնակցելն ինքը բավականին քիչ տեղեկություններ ուներ իրենց իսկ համայքնի մասին: Անդրադառնալով պատճառներին` Տիգրանուհին առանձնացրեց. «Կարծում եմ՝ այս հարցում հիմնական պատճառն այն է, որ մարզաբնակ երիտասարդներն ավելի ձգտում են դեպի մայրաքաղաք Երևան: Առավել ևս Եղվարդը, որը մոտ է Երևանին, մշակութային և այլ առումներով կապված է մայրաքաղաքին, այստեղի երիտասարդների մեծամասնությունը ձգտում է իր կյանքը կազմակերպել մայրաքաղաքում, այլ ոչ թե տեղում: Սակայն մասնակցելով նման ծրագրերի ու համայնքի մասին ավելի հարուստ տեղեկություններ ստանալով, մենք` երիտասարդներս, ակամա կապվում ենք մեր համայնքին»:
Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա կտպագրվի գրքույկ տվյալ վայրերի կենսաբազմազանության մասին և կտրամադրվի Կոտայքի մարզի ՀԿ-ներին ու համայնքապետարաններին: Երիտասարդներն իրավասու մարմիններին կներկայացնեն նաև ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ցանկի համալրման առաջարկությունների փաթեթ:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ