Փոփոխված արժեհամակարգերի արդի ժամանակներում կարծում էի՝ հասարակությունն ու իշխանություններն արդեն մատների արանքով են նայում և՛ անցյալի, և՛ ապագայի վրա. իշխողը ներկան է՝ ամենակուլ, լկտի և հղփացած ներկան։ Թուսյանական փիլիսոփայությունն այսօր օրենքի ուժ է ստացել, չգրված, բայց հիանալի գործող օրենքի։ Պարզվում է, և բարեբախտաբար, այնքան էլ սևը՝ սև, սպիտակը սպիտակ չէ։ Թեպետ այս չարչրկված հարցին չէի ցանկանա անդրադառնալ, բայց հասարակության և մտավորականների ընդվզումը շատ ավելի ասելիք ունի, քան միայն բողոքի դրսևորումն է։
Խոսքն Անաստաս Միկոյանի արձանի մասին է, որի շուրջ բարձրացած այս ողջ աղմուկի մեջ ոչ ոք չհիշեց, ըստ իս, ոչ թե փայլուն դիվանագետ, այլ փայլուն քամելեոն Անաստաս Միկոյանի մասին ասված Հովհ. Շիրազի խոսքը. «Միկոյանը մե մեխըմ չզարկեց հայոց պատին, որ շապխան կախեր»։ Իսկ ոմանք համոզել են ուզում, թե Հայաստանը նրա շնորհիվ ծաղկեց։ Չհիշեցին նաև, ըստ իս, նրա գործած ամենամեծ ոճիրը. Չարենցի ձերբակալությունից հետո, երբ Միկոյանը 1937 թվին Երևան է գալիս, համեստ, ամոթխած, տանջված Իզաբելա Չարենցը դիմում է Միկոյանին՝ Չարենցին փրկելու հույսով։ Եվ ի՞նչ. ձերբակալում են նաև Իզաբելային, տառացիորեն անտարբեր, որբ թողնելով հինգ և երեք տարեկան Արփենիկին և Անահիտին։ Իսկ բանտից Չարենցը Իզաբելայից պահանջում և խնդրում էր միայն մի բան. «Լավ նայիր երեխաներին»։ Մեկնաբանություններն ավելորդ են։
Ինչո՞ւ բարձրացավ վերը նշված արձանի հարցը։ Իմ համոզմամբ՝ պաշտոնների սխալ նշանակումների պատճառով։ Խորհրդային շրջանում մի աբսուրդային աշխատաոճ կար. ումից շատ էին բողոքում, նրա պաշտոնն ավելի էին բարձրացնում։ Կարծես նույն ձեռագիրն է հիմա։ Բնապահպանության նախկին նախարարը պատասխանատվության կանչվելու փոխարեն մարզպետ նշանակվեց, ավելին՝ օրերս ոսկե մեդալ ստացավ։ Վերանշանակվեցին գյուղնախարարը, սոցապնախարարը (չնայած կենսաթոշակային այս ողջ խայտառակ աղմուկին), մշակույթի նախարարը...
Դառնամ ինձ ամենից շատ հուզող խնդրին՝ մշակույթին։
Երջանկահիշատակ Լևոն Անանյանը որքան պայքարեց, գոռգոռաց, պահանջեց, որ ստեղծագործական միությունների հարցը ԱԺ մտնի և վերջնական լուծում ստանա։ Գնաց, այդպես էլ արդյունքի չհասած։ Նրա հուղարկավորության օրը, ՀԳՄ դահլիճում, նախկին վարչապետ, առաջին շարքում նստած Տիգրան Սարգսյանի առաջ կանգնած իր խոսքում նույն հարցը ցավով ու անափ զայրույթով բարձրացրեց այն ժամանակ ԿՄՆ Ռոբերտ Ամիրխանյանը։ Մեկ ամիս հետո արհեստական ամպեր կուտակվեցին նրա գլխավերևում...
Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը կյանքից հեռացավ վիրավոր սրտով և իղձն անկատար. չկառուցվեց «Համազգային» թատրոնի շենքը։ Եվ օրերս ռադիոյով լսեցի, որ դրամահավաքի կոչ են անում ժողովրդին՝ այն կառուցելու համար։
Սա արդի մշակույթի ողբերգության մի արարն է։
Մարտի 28-ին, Թատրոնի միջ. օրվա առթիվ անհաշիվ թատերական գործիչներ և դերասաններ իրենց հարցազրույցներում, հիշելով խորհրդային հին ու բարի ժամանակները, ցավ էին ապրում իրենց կորցրած արժանապատվության համար, բողոքում էին, որ ցածր աշխատավարձի և համատարած թանկության պատճառով ստիպված են տեղից տեղ վազել, նկարահանվել սերիալներում և այլն, և այլն։
Իսկ նույն օրը տիկին նախարարն ամենայն պատասխանատվությամբ, ես կասեի՝ հակառակը հայտարարեց. «Մեր դերասաններն ու թատերական գործիչները երբեք այսքան շահեկան վիճակում չեն եղել»։ Իսկ լրագրողի ոչ միամիտ հարցին, թե ինչու է ձգձգվում «Համազգային» թատրոնի շենքի կառուցումը, տիկին նախարարը բորբոքվեց. «Ի՞նչ կարևոր է շենքը, չէ՞ որ թատերախումբը գործում է, ներկայացումներ է բեմադրում»։ Սա արդեն ողբերգություն չէ, սա արդեն կոմեդիա է։
Իսկ քանի՞ տարի է աղմկում Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը, նույն՝ շենք չունենալով պատճառով... Եվ այս հենքին՝ պաշտոնի վերանշանակում։
Հենց այսպես էլ ապրում ենք՝ կասեր Ֆորշը։
Հենց այսպես էլ հիասթափվում ենք, հուսալքվում, զինաթափ լինում։ Տգիտության հաղթարշավ է։ Մինչև ե՞րբ։ Առանց այն էլ մշակութային և քաղաքական ինքնասպանության ուղին ենք բռնել։ Ես, որ ամուր, շա՜տ ամուր կպած եմ իմ հողին, ոչ, ինչ եմ ասում, ես, որ ծլել, արմատացել եմ իմ հողում, և ծառի նման միայն տապալումը կկտրի ինձ այս հողից, զգում եմ, որ ամեն անարդարություն, լկտիություն, սրտիս ցավ լինելուց բացի, նաև կացնի հարված է ոտքերիս, և արդեն, ով սարսափ... երերում եմ։ Իսկ ես չեմ ուզում տապալվել։
ՈՒշքի գալ է պետք, այլապես մեղավոր մի միտք է ծնվում իմ մեջ. կարո՞ղ է այս հողի վրա ապրողներից ոմանց արյունը ստուգել է պետք, միգուցե հայ արյան տոկոսն այնտեղ չնչին է կամ իսպառ բացակայո՞ւմ է։
Այլապես սեփական երկրի, հայրենիքի հետ այսպես չէին վարվի։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ