Ես` Սեդրակ Հովհաննիսյանս, 82 տարեկան եմ, որից 65-ը նվիրել եմ իմ ժողովրդին, արվեստին ու երգ-երաժշտությանը: Ավելի քան յոթ տասնյակ երգերի հեղինակ եմ, ճանաչված երաժիշտ, նվագում եմ դուդուկ, կլառնետ և սաքսոֆոն: Ինձ գիտեն հանրապետության գրեթե բոլոր անվանի կոմպոզիտորներն ու երաժիշտները: Նշեմ ընդամենը մի քանիսի անունները` Յուրի Երզնկյան, Մարտին Վարդազարյան, Սասուն Պասկևիչյան, Արա Գևորգյան, Ջիվան Գասպարյան և էլի շատ ուրիշներ: Քսաներկու տարեկանից` Մոսկվայի կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության տեսության բաժինն ավարտելուց հետո, ղեկավարել եմ երաժշտասեր հասարակության մեծ սերն ու հարգանքը վայելող երաժշտախմբեր, նվագել եմ նաև հանրապետության գրեթե բոլոր ռեստորաններում:
Ահա արդեն շուրջ չորս տարի է` ես հայտնվել եմ ինձ համար անելանելի մի իրավիճակում: Օգտագործելով հնարավոր օրինական բոլոր միջոցները (մամուլ, հեռուստատեսություն, դատարան), չեմ կարողանում ապացուցել իմ հեղինակային իրավունքը` իմ իսկ գրած երգերի երաժշտության նկատմամբ:
1964 թվականին ինձ դիմեց իմ ծանոթ օպերատորներից մեկը` տալով ինձ մի ձայնասկավառակ, որի վրա ձայնագրված էր ութ բանաստեղծություն: Ճանաչելով ինձ որպես երգահանի և երաժշտախմբի ղեկավարի` ասաց. «Սեդրակ ջան, համալսարանի բանասիրական ֆակուլտետի մի երիտասարդ աղջիկ բանաստեղծություններ է գրել: Քանի որ ինքը երաժշտությունից բացարձակ գաղափար չունի, խնդրել է, եթե կհավանես, դրանց համար գրես երաժշտություն և դարձնես երգեր»:
Իսկապես բանաստեղծությունները ինձ դուր եկան: Մոտ ինն ամիս չարչարվելուց հետո, շատ տեղեր նաև բանաստեղծությունների բառերը փոխելով ու հարմարեցնելով երգի հնչողությանը, գրեցի դրանց երաժշտությունը: 1965 թվականի սկիզբն էր. իմ երաժշտախմբի ու նրա մեներգիչ Ռազմիկ Գրիգորյանի հետ առաջին անգամ կատարեցինք այդ երգերը, որոնք են` «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ, սիրելիս, պետք չէ», «Մի՛ գնա, մի՛ գնա», «Դու նորից ես գալիս» երգերը:
Առաջին կատարումներից սկսած այդ երգերը դարձան ժողովրդի համար շատ սիրելի և համընդհանուր ճանաչում ստացան: Սկսեցինք ձայնագրել, տարածել երգերը, ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրանից դուրս: Այդ երգերը տվյալ ժամանակվա համար դարձան հիթեր: Հսկայական պահանջարկ ունեին և հնչում էին համարյա ամենուր:
Ես իմ անտեղյակության պատճառով չգրանցեցի իմ հեղինակային իրավունքն այդ երգերի երաժշտության նկատմամբ, իսկ հակառակ ինձ` Հասմիկ Մանասերյանն արդեն 1967 թվականին գրանցել էր իր հեղինակային իրավունքն այդ երգերի խոսքերի նկատմամբ, իսկ երաժշտության հեղինակի անվան դիմաց գծիկ էր քաշել, որը նշանակում է, որ երաժշտության հեղինակը ոչ միայն ինքը չէ, այլև իրեն անհայտ է: Իսկ հետագայում (1969 թվականին) տեսնելով, որ ես չեմ գրանցել իմ հեղինակային իրավունքը երաժշտության նկատմամբ, Մանասերյանը կեղծիքի միջոցով գրանցում է իր հեղինակային իրավունքը նաև երաժշտության նկատմամբ: Եվ այդ կեղծիքը շարունակվում է մինչ օրս` արդեն շուրջ 50 տարի:
Այդ ամբողջ ժամանակահատվածում Մանասերյանն անարժան կերպով վայելել է իմ երգերի «հեղինակ» լինելու փառքն ու պատիվը, նույնիսկ երկրի նախագահից ստացել շքանշան, ինչպես նաև հսկայական գումարներ` որպես հոնորար:
Այն, որ, Հասմիկ Մանասերյանը այդ երգերի երաժշտության հեղինակը չէ, բազմաթիվ ապացույցներից (դրանք տասնյակներ են) բերեմ ընդամենը մեկը: Նա ըստ մամուլում արված իր իսկ հայտարարությունների. «Ես չեմ կարողանում նվագել որևէ երաժշտական գործիք, չեմ կարողանում երգել, չունեմ ոչ մի ձայնային տվյալ և բացարձակ պատկերացում չունեմ նոտաներից»: (Իսկ թե ինչպես է 20 տարեկանում գրել այդ երգերը, մնում է անբացատրելի):
Արդեն չորս տարի է` ես գտնվում եմ անելանելի շրջապտույտում, որի անունը արդարադատություն է: Դատարանները չեն ցանկանում ի հայտ բերել ճշմարտությունը, իսկ դրան հասնելու համար ընդամենը բավական է բավարարել իմ մեկ միջնորդությունը, այն է` նշանակել համապատասխան մասնագիտական փորձաքննություն, որից Մանասերյանը (հասկանալի է, որովհետև կբացահայտվի նրա կեղծիքը) ամեն գնով խուսափում է:
Մանասերյանի նման պահվածքից իմ հոգեկան աշխարհը խախտվել է, և այդ ամենը ես շատ ծանր եմ տանում: Ես չեմ կարողանում հասկանալ, որ 73-ամյա կինը, որին մեղադրում են գրագողության մեջ, բացարձակ չի պաշտպանվում, չի արդարանում և բացահայտ հանդես չի գալիս մամուլով կամ հեռուստատեսությամբ հերքումով, այլ ճիշտ հակառակը` պնդելով բացահայտ կեղծիքն ու տիրանալով ուրիշի ստեղծածին, կարծես թաքնվել է:
Չի պատասխանում նաև մամուլում հրապարակված իմ հոդվածներին («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ»), չի ներկայանում հեռուստատեսային հաղորդումներին («Էպիկենտրոն», «Դիպված»), ինչպես նաև «Արմնյուզի»` «Երևանն է խոսում» հաղորդաշարերին: Չի ներկայանում նաև դատական և ոչ մի նիստի: Նման պահվածքը անբնական է. ի՞նչ է նշանակում` ազնիվ մարդուն մեղադրել գրագողության մեջ, և նա չընդվզի ու չպաշտպանվի:
Այն դեպքում, երբ ես դեռևս 2010 թվականին նրան առաջարկել էի, որպեսզի գնա «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպություն և հայտարարի, որ տեղի է ունեցել թյուրիմացություն` ինքը միայն այդ երգերի բառերի հեղինակն է և ոչ այդ երգերի երաժշտության հեղինակը: Ես խոստացել էի բավարարվել այդքանով` չբարձրացնել աղմուկ և չանել հրապարակային բացահայտում` իրեն թողնելով այդ բոլոր տարիների փառքը, պատիվը, շքանշանները, հոնորարները: Սակայն նա ընտրեց անմարդկային և անշնորհակալ կեցվածք` հայտարարելով, որ ինքն է այդ երգերի երաժշտության հեղինակը, իսկ ես «զրպարտիչ եմ և խելքս գցած»:
Ավարտելով բաց նամակս, խնդրում եմ Ձեզ ընդամենը մեկ բան` աջակցել նշանակելու համապատասխան մասնագիտական փորձաքննություն, որտեղ ես և Մանասերյանը կապացուցենք, թե մեզնից ով է այդ երգերի իրական հեղինակը: Եթե հանձնաժողովը պարզի, որ ես չեմ այդ երգերի երաժշտության հեղինակը, խոստանում եմ հանրային հեռուստատեսությամբ ներողություն խնդրել ոչ միայն Հասմիկ Մանասերյանից, այլև ողջ հայ ժողովրդից և հրապարակայնորեն հայտարարել, որ ես ոչ միայն զրպարտիչ եմ, այլև հոգեկան հիվանդ:
Սիրելի իմ հայ ժողովուրդ, ես արդեն ծեր եմ, հիվանդ և անօգնական: Իմ այս նամակով հայցում եմ քո աջակցությունն ու օգնությունը: Պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում, երբ ծնողից անօրեն և տմարդի կերպով խլում են նրա զավակներին: Իմ այս երգերը իմ զավակներն են, ես եմ նրանց արարել, ստեղծել և ցանկանում եմ այս աշխարհից հեռանալ հոգեպես հանգիստ-խաղաղված և որպես այդ երգերի հեղինակ` իմ ժողովրդի կողմից արժանի կերպով գնահատված և սիրված:
Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը ոչ միայն ինձ է պետք, այլև իմ ժողովրդին, որպեսզի ամեն տեսակի կեղծարարներ և ճարպիկ բախտախնդիրներ անարժան կերպով չյուրացնեն և չվայելեն ուրիշի ստեղծածն ու չմնան ժողովրդի հիշողության և պատմության մեջ որպես «ստեղծագործողներ»: Հուսով եմ, որ իմ այս խնդրանքը չի մերժվի իմ ժողովրդի կողմից, և ես վերջապես կարժանանամ իմ վաստակած գնահատականին ու պատվին:
Սիրով և մեծ հարգանքով` ձեր
Սեդրակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ