Օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում «Իսլամական պետություն» կոչվող հրեշների ձեռքով տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանություն: Մեր ժողովրդի մի մասին ֆիզիկապես ոչնչացնում են, իսկ երեխաներին, ծերերին տեղահանել են բնակավայրից, որոնց սարերում են բնաջնջում, իսկ կանանց տանում են ստրկության: Գերեվարած երեխաներին պահում են մեկուսի վայրերում և ստիպում, որ դավանափոխ լինեն և իսլամ ընդունեն: Մինչ օրս ցեղասպանությունը շարունակվում է: Ահավոր ցավ, ցավ, ամեն մի ցավ, որքան էլ այն ծանր լինի, կարելի է տանել, ժամանակը կբուժի, բայց ցեղասպանության ցավը անբուժելի է, մանավանդ երբ ուզում են քեզ արմատախիլ անել քո բնօրրանից: Ցեղասպանության դեմ պայքարելու համար եզդի ժողովրդի զավակները համախմբվեցին և ստեղծեցին ազգային հայրենասիրական Շանգալի փրկության ջոկատներ և պայքարում են Շանգալի ազատագրման համար: Եզդիների ցեղասպանությունը իրականացնելիս «Իսլամական պետության» հրեշները միմյանց ասում էին, «Ով մի եզդի սպանի, դրախտ կգնա»: Այժմ եզդիական զինված ջոկատները Շանգալի ազատագրման մարտերում տասնյակ հարյուրավոր իսլամիստ հրեշներ են սպանում, և մարտիկները միմյանց ասում են` օգնենք նրանց, թող շուտ «դրախտ» գնան, չէ՞ որ նրանք մեր երեխաներին, կանանց և ծնողներին սպանում էին դրախտ գնալու համար: Չնայած մեր աղջիկների ձեռքով սպանված ոչ մի իսլամական հրեշ դրախտ չի գնա: Ի՞նչ է զգում մարդը. տուժածներին աջակցելու և հանցագործներին արժանի փոխհատուցում տալու ցանկություն:
Ոչինչ աշխարհում անհետ չի կորչում, չնայած մարդ-հրեշներ են սպանվում, բայց համացանցում անմեղ զոհերի լուսանկարները տեսնելուց հետո մի տեսակ թեթևություն ես զգում, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր կատարածի համար: Ի սեր Աստծո, ես ցանկացած սպանության կողմնակից չեմ:
Եզդի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է: Միջազգային քաղաքական դաշտը այս օրերին այնքան մշուշոտ ու անորոշ է, որ մի շարք գործընթացներ պետք է գնահատվեն, ուսումնասիրվեն, պարզեն յուրաքանչյուր պետության պահվածքը, դերակատարությունը, որտեղ, ինչպես առաջ եկան «Իսլամական պետություն» շարժումը, նրանց զարգացման միտումները, ֆինանսավորումը, զինումը, եզդիների ցեղասպանությունը և այլ վայրագություններ: Այսօր, երբ եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, ժամանակին չմիջամտած միջազգային հանրությունը, համոզված եմ, պետք է ավելի հաստատուն քայլերով գնա դեպի միջամտությունը: Բայց ավելի համոզիչ կլինի, որ օդային հարձակումները լինեն լայնածավալ, ամենօրյա և ոչ թե սահմանափակ գործողություններ: Նույնիսկ Իրաքում կան տարածքներ, որոնցում իսլամականները անարգել գործում են: Մի՞թե այդ չարիքը չեզոքացնելու և արմատախիլ անելու ժամը չէ: Բավական է, եզդիները չեն կարող լինել ինչ-որ մարդկանց և պետությունների շահերի զոհ: Մենք կանք և ամբողջ աշխարհին կապացուցենք մեր ուժը, մեր միասնությունը, մեր քաջությունը, հոգու արիությունը, բարքերի մաքրությունը և կպայքարենք մեր Շանգալի ազատագրման համար: Մայր Թերեզայի թեզերից մեկում ասվում է, որ այն, ինչ տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել: Շանգալից փախած եզդուհին փախստավայրում երեք-չորս տղա է ծննդաբերել, այս լուրը տարածվել է տարբեր համացանցերում, որը նշանակում է, որ եզդի ժողովուրդը, որը 6000-ամյա պատմություն ունի, եղել է, կա ու կլինի:
Ի սեր Աստծո, օգնեք մեր ժողովրդին, եղեք աստվածավախ ու աստվածասեր, մնացեք ազնիվ ու անկեղծ, կանգնեցրեք եզդիների ցեղասպանությունը, ազատագրեք մեր կանանց ու երեխաներին:
Հավատացած եմ, որ եթե աշխարհը, հզոր դեմքերը տարբեր ամբիոններից, գույնզգույն փողկապներով ելույթներ ունենալուց անհապաղ չանցնեն գործուն միջոցների կատարմանը, չզգան և չգիտակցեն իրական վտանգը, ապա չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն իրենց երկրի ներսում պայքարել ԻՊ չարիքի դեմ:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ