Այսօր ԱԺ նստաշրջանի աշխատանքները սկսելուն զուգահեռ ԱԺ մուտքի մոտ ցույց էին կազմակերպել տարբեր տոնավաճառների աշխատակիցները, որոնք բողոքում էին հունիսին ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքից: Նրանք պահանջում էին պարզեցնել, ավելորդ թղթաբանությունից ազատել օրենքը: Հավաքվածները վանկարկում էին «Պա՛-տա՛ս-խա՛ն»:
Մալաթիայի ոսկու շուկայի աշխատակից Արմեն Բաբայանը մեզ հետ զրույցի ժամանակ բերեց մի օրինակ. «Եթե մարդը վաճառում է նշանի մատանի, չերվոնի, այսօր չերվոնի գինն արժե քառասուն դոլար, մարդը, արհեստավորը պե՞տք է իր փողը այդ քառասուն դոլարի մեջ աշխատի, ինքը պե՞տք է շահույթ ունենա: Դարձա՞վ քառասունմեկ դոլար: Վաճառողը, որ բերեց, մի դոլար էլ ինքը պետք է աշխատի: Մենք չենք կարող առանց դոլարի խոսել: Հիմա թանկարժեք քարերը, մետաղները, հագուստը դոլարով են չափվում: Բայց պետք է ուղեղդ աշխատեցնես, դրամը դոլար դարձնես, որ արտարժույթով աշխատես: Ոսկին երեսուն տոկոսով էժանացել է համաշխարհային շուկայում: Համաշխարհային շուկայում տեղի է ունեցել ինֆլյացիա: Եթե ես նախկինում ունեի հարյուր հազարի ապրանք, հիմա ունեմ յոթանասուն հազարի ապրանք: Այսինքն՝ ես կորցնում եմ երեսուն հազար դոլարին համարժեք ապրանք: Ավելի լավ է հրաման հանեն, փակեն շուկաները, գնանք սուպերմարկետներում աշխատենք: Ով հնարավորություն կունենա, տաղավար կվերցնի, կաշխատի, ով էլ չէ՝ չի աշխատի»:
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց առաջարկությունները՝ ստորագրություններով հանդերձ, ուղարկել են ԱԺ, առաջարկել, որ վերացվի փաստաթղթաշրջանառությունը: Նա ասաց, որ կաբինետներում որոշում կայացնողները նախ թող մտնեն շուկա, հարցուփորձ անեն ու պարզեն, թե աշխատակիցներից ով ինչ եկամուտ է ունենում, հետո օրենքներ ընդունեն:
Փոքր ձեռնարկությունների միության նախագահ Ստեփան Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե ժամանակին տեղյակ չէի՞ն, որ այդ օրենքն ընդունելով` ԱԺ-ն հարվածելու է տոնավաճառների աշխատակիցների շահերին: Ինչո՞ւ այն ժամանակ չէին պայքարում:
«Մինչև ցավը չի հասնում մարմնին, մարդը չի դիմում բժշկի: Հիմա, երբ հասկացել են, դուրս են եկել և պայքարում են»,- արձագանքեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե այդ օրենքը չի վերաբերում փոքր բիզնեսին, մինչդեռ ֆինանսների նախարարն էլ հակառակն է ասել:
«Հիմա ո՞ւմ հավատանք: Ես հակված եմ հավատալու վարչապետին, բայց գործընթացն այլ բան է ցույց տալիս»,- ասաց մեր զրուցակիցը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ