Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Ոչ թե առաջատար ենք , այլ կան վտանգներ…»

«Ոչ թե առաջատար ենք , այլ կան վտանգներ…»
30.09.2014 | 16:58

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը, որի համաձայն ամենաազատ մամուլն ունի Ֆինլանդիան: Առաջատար տասնյակում են, բացի Ֆինլանդիայից, Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան:

Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է և մամուլի ազատության ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում:

Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Թուրքիան և Իրանը, համապատասխանաբար, 154 և 173-րդն են: Սակայն եթե նշված երկրները բարելավել (Վրաստան՝ +16, Իրան՝ + 1) կամ գոնե չեն զիջել իրենց դիրքերը (Թուրքիա), ապա Ադրբեջանն ու Հայաստանը չորսական հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը՝ անցած տարվա ցուցանիշների համեմատ: Անցած տարի Հայաստանը կրկին առաջատար էր` զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 156-րդն էր, Վրաստանը՝ 100-րդը, Թուրքիան՝ 154-րդը:
Զեկույցում Ադրբեջանի առնչությամբ հատուկ նշվում է, որ այդ երկիրը «բարեհաջող պատճենում է Ռուսաստանի ռեպրեսիվ միջոցները» մամուլի ոլորտում: Նույն նկատառումն է հայտնված նաև ՈՒկրաինայի առնչությամբ, որը , ևս էականորեն զիջելով Հայաստանին, ցուցակում 127-րդն է:

Զեկույցը կազմվում է հատուկ ստեղծված հարցաշարի հիման վրա, որը պարունակում է 87 հարց: Այդ հարցերին պատասխանում են ներառված երկրների, այս տարի՝ 180-ը, գործընկեր կազմակերպությունները, ակտիվիստները, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության թղթակիցները: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է ըստ վեց հիմնական չափորոշիչների՝ մամուլի բազմակիությունը, ԶԼՄ-ների անկախ լինելը, գրաքննությունը, ոլորտը կառավարող օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները: Հաշվի են առնվում նաև լրագրողների մահվան և բանտարկության, նրանց վրա հարձակումների դեպքերն այս կամ այն երկրում:
Արդյո՞ք Հայաստանը հավակնում է մամուլի ազատության ցուցանիշով առաջատարը լինել տարածաշրջանում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջին տարին չէ, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության չափանիշները որոշակի շեղումներ են ունենում: Ըստ ԵՄԱ նախագահի՝ չի կարելի ասել, որ Հայաստանում խոսքի ու ԶԼՄ-ների ազատության աստիճանն ավելի բարձր է, քան Վրաստանում: Մեր երկրում, ըստ մեր զրուցակցի, տեղի չեն ունենում զարգացումներ և դրական փոփոխություններ, այլ հակառակը՝ իրավիճակի վատթարացման առումով կան վտանգներ: Բորիս Նավասարդյանը նշում է, որ վերջին տարիներին Վրաստանում նկատելի է առաջընթաց՝ կապված հեռարձակող ԶԼՄ-ների բազմազանության և իշխանությունների, քաղաքական վերնախավի վերահսկողությունից դուրս գալու հանգամանքի հետ: Իսկ Ադրբեջանում, ըստ նրա, կատարվել են օրենսդրական փոփոխություններ: Այս առումով մեր զրուցակիցը Հայաստանում չի նկատում դրական փոփոխություններ:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ