ՈՒշագրավ պատասխաններ են ստացվել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումներից, որոնք վերաբերում են սոցիալական ցանցերի ազդեցությանը պրոֆեսիոնալ լրագրության և ԶԼՄ-ների վրա:
Մասնագիտական լրագրությամբ զբաղվող 100 հարցվածների մոտ կեսը (53%) չի կարողացել միանշանակ պատասխանել՝ այդ ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական: Ըստ պատասխանների հիմնավորումների բովանդակության՝ կա, այսպես կոչված, խառնազդեցություն, և դժվար է դասդասելը, թե մի կողմից՝ դրական, իսկ մյուս կողմից՝ բացասական տարբեր ազդեցություններից որո՞նք են խաղում վճռորոշ, իսկ որո՞նք՝ երկրորդական դեր:
Ըստ հարցումների՝ ստացվել է հետևյալ պատկերը:
Դրական ազդեցություն է գործում, քանի որ
1. ազատ հարթակ է, և այդ ազատությունն իր ազդեցությունն է թողնում ավանդական մեդիայի վրա,
2. ավանդական մեդիային տալիս է խնդիրները բազմակողմանի ներկայացնելու հնարավորություն,
3. ավելի օպերատիվ է լուրերի տարածման հարցում, և այդ արագությունը ստիպում է, որ ավանդական մեդիան էլ ավելի մոբիլ գործի, քան նախքան սոցցանցերի՝ պոպուլյար դառնալը, նպաստում է լրագրողների արագ աշխատանքին,
4. լսարանի առումով նպաստում է ավանդական մեդիայի ազդեցության մեծացմանը («Ֆեյսբուքին միանալուց հետո մեր թերթի ընթերցողների քանակը կտրուկ աճել է», «Հասկանում ես, թե հասարակությանը, ընթերցողներին ինչ թեմաներ ու խնդիրներ են հուզում»),
5. տեղեկատվության հարուստ շտեմարան է, երբեմն հիանալի նյութեր են տրամադրում լրատվամիջոցներին հենց իրենք՝ օգտատերերը:
Բացասական ազդեցություն է գործում, քանի որ
1. որակական անկում է տեղի ունենում, լրագրողներից մեկի բնորոշմամբ՝ «ֆաստֆուդային լրագրությունն է զարգանում», սոցցանցերից մեդիա է ներթափանցում արագ, սենսացիոն և հաճախ ոչինչ չասող տեղեկատվություն,
2. սոցցանցերը նպաստում են ոչ կոռեկտ լեզվի, չճշտված տեղեկատվության շրջանառությանը մեդիայում, «պատահական, ոչ կոմպետենտ օգտատերը կարող է դառնալ լրատվության աղբյուր»,
3. նվազում է ոչպրոֆեսիոնալ լրագրության պահանջարկը, «ամեն տեղից վեր կացողը գրում է սոցցանցերում, իսկ մեդիան դա արտատպում է»,
4. ծուլացնում է լրագրողներին, «լրագրողները հետ են վարժվել ինֆորմացիա փնտրելուց», «Ֆեյսբուքյան ստատուսներով լրացնում են լուրերի բաժինները»,
5. խախտվում է հեղինակային իրավունքը,
6. խրվելով սոցցանցերի մեջ՝ լրագրողները չեն էլ զգում, թե ինչպես են տեղեկատվություն տարածողներից վերածվում տեղեկատվության սպառողների,
7. քննարկումներն ու անդրադարձերը սոցցանցերում այնքան շատ են լինում, որ երբեմն հետաքրքիր թեման ընթերցողների համար դարձնում են ծեծված ու ձանձրալի: