Երևան են ներկրվել թվով 1400 նոր աղբամաններ, որոնք բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջաններին`գլխավոր ու երկրորդական փողոցների մայթերին, ինչպես նաև այգի-պուրակներում ու բակային տարածքներում տեղադրելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Նոր աղբամանների մի մասը փոխարինում է նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված աղբամաններին, իսկ մյուս մասը տեղ է գտնում այն հատվածներում, որտեղ կա դրա կարիքը ու նախկինում տեղադրված չի եղել:
Կարելի է տեսնել նաև, թե ինչպես են նախկինում դժվարանցանելի ճանապարհները դառնում հարմար ու մատչելի: Վերանորոգված ճանապարհները, «յուղը վրան» աղբամանները գուցե նախադրյալ դառնան ոչ միայն ավելի լավ, այլև ավելի մաքուր Երևանի: Ծխախոտի մնացուկները, տարատեսակ առարկաները գետնին նետելու սովորությունը գուցե աստիճանաբար տեղի տա: Գուցե պակասեն ցուցանակները, որոնք կոչ են անում աղբանոցի չվերածել փողոց, բակը, վերելակը և հասարակական այլ վայրեր:
Առայժմ քաղաքը փոշոտ է, աղմուկը՝ շատ: Մարդիկ չգիտեն ինչքան կդիմանա նոր ասֆալտը, դժգոհություններ են հնչում, թե ինչու են քանդվում ու նորից վերանորոգվում նորոգման կարիք չունեցող տարածքները, և ինչու է քաղաքն այսպես իրար խառնվել` լավ իմաստով, երբ հայաստանյան մարզերում պատկերը տխուր է ու անամոք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ