«Քաղաքական հաղորդակցություն. սոցիալական մեդիան կիրառման մեջ-քաղաքականությունը համացանցում» թեմայով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած եռօրյա դասընթացին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած լրագրող Ջուլյա Բայերից irates.am-ը հետաքրքրվեց, թե Գերմանիայում որքանով է պաշտպանված լրագրողների տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:
«Գերմանիայում լրագրողն իրավունք ունի գաղտնի պահելու այն տեղեկատվական աղբյուրները, որոնցից օգտվել է: Դա իմ իրավունքն է և օգնում է ինձ անդրադառնալու ավելի սուր թեմաների: Այդ դեպքում ես ինձ զգում եմ պաշտպանված»,- ասաց մեր զրուցակիցը:
Ջուլյա Բայերը չի հիշում, որ լրագրողին դատարան կանչեն և պահանջեն բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: Նա միայն հիշեց, որ շատ տարիներ առաջ նման մի դեպք եղել է մի հայտնի ամսագրի հետ, որի հետ կապված մանրամասները մոռացել էր:
Ինչ վերաբերում է Գերմանիայում ԶԼՄ-ների անկախությանը, ապա Ջուլյա Բայերը նշեց, որ հանրային ռադիո և հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են հատուկ վճարներով, իսկ մասնավոր ԶԼՄ-ներն իրենց ֆինանսական խնդիրները լուծում են գովազդի միջոցով:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ