Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երևանն այսօր կառուցվում է, բայց ինչպե՞ս

Երևանն այսօր կառուցվում է, բայց ինչպե՞ս
24.10.2014 | 12:40

Խոսքս սկսեմ նրանից, որ վերջին տարիների նոր «Էլիտար» կառույցները աղավաղում, անտեսում են քաղաքաշինության օրինաչափ պահանջները: Մեր ազգային ճարտարապետության ոճը բոլորովին այլ, առավել լրջագույն գործոններ է պահանջում: Այսօր մեր մայրաքաղաքի դեմքը փոխել են, ինչն էլ բնակիչների արդարացի զայրույթն ու բողոքն է հարուցում։ Խոսքը արխիտեկտոնիկ առանձնահատկությունների մասին է, ինչը չի կարելի ստվերել: Թամանյանական հատակագիծ գոյություն ունի, կա նաև Երևանի պատմամշակութային տների, կոթողների պահպանման խնդիր և այլն: Այսօր, շատերի նման, ափսոսանքս եմ հայտնում, որ մեր ավանդականը կորցնելով, հետևում ենք նոր շինությունների ոճին, մինչդեռ կան տեղանքի, հողային, սեյսմիկ դիմացկունության, այլևայլ հարցեր։ Ցավոք, այժմեական մտահղացումները հեռացել են հայ ճարտարապետության հզոր վարպետի` Ալեքսանդր Թամանյանի նախագծած լուծումներից: Ներդաշնակ ու նուրբ համաչափությունը բացակայում է նոր կառույցներից, զարդանախշերը ճարտարապետական նախագծերում իսպառ վերացել են, ցավալիորեն հաշվի չեն առնվում տեղանքի, հայկական քարատեսակի բնական յուրահատկությունները, գերիշխում են ճարտարապետական նորաոճ ձևերն ու հարդարանքը։ Հենց այս իբրև «նոր», «արդիական» ուղղությունն էլ պիտի մերժել, քանզի այն ձևով ու բովանդակությամբ ո՛չ արդիական է, ո՛չ էլ հնի շարունակություն: Թերևս, հինը, ավանդականն է մեր ճարտարապետական լավագույն դպրոցի պահանջներին հարազատ: Այս տեսակետը միայն մենք` շինարարներս չէ, որ առաջ ենք քաշում, այն փաստում են նաև շատ մասնագետներ, ովքեր դրսից են գալիս և կարծիք հայտնում:
Հարց է` կա՞ համապատասխան հատակագիծ, որ կապիտալ շինարարության հիմնական ուղենիշ հանդիսանա։ Ստիպված եմ արձանագրել, որ առկա են ճարտարապետական ինչ-ինչ նախագծումներ, որոնք, խեղաթյուրելով հինը` թամանյանականը, շրջանցելով ազգային ճարտարապետության ավանդույթները, փոխում են մայրաքաղաքի դիմագիծը: Ի՞նչ իրավունքով, ո՞ր օրենքով են շարժվում այդ վայ-ճարտարապետ գծագրող-կոնստրուկտորները, ովքեր, հնի վրա խաչ դնելով, իրենց բիզնեսն են առաջ տանում, դղյակաշինության «էլիտար» կառույցների անճաշակությունն են ծավալում, որտեղ երբեք հաշվի չեն առնվում կառուցողների, ճարտարապետների, ինժեներների լրջագույն առաջարկները, ինչո՞ւ ոչ, նաև բնակչության կարծիքն ու դժգոհությունները: Ովքե՞ր են կանգնած նորաոճ շինարարության թիկունքին. գուցե չինովնիկական հարստացող խա՞վը, անհեռատես այն թելադրողները, ովքեր անտեսում են քաղաքաշինության դասական պահանջները: Դեռևս հարց է` նրանք իրենց համախոհների ողջ շրջանակով արդյոք ազգի, հանրային շահի մասին որևէ տարրական պատկերացում ունե՞ն։
Մեղմ ասած, այսօր ոմանք տակնուվրա են անում այն, ինչը տարիների, դարերի քննությունն է բռնել։ Դրանք պատմամշակութային արժեքներ, թամանյանական կառույցներ, հրաշալի շինություններ, հնավայրեր, կոթողներ են, որոնք նաև բնական աղետների են դիմացել, իսկ այսօր ոչ միայն նպաստավոր վիճակում չեն, այլև բարձիթողի են արվել: Ահավասիկ, «Դվին», «Սևան» հյուրանոցների, «Զվարթնոց» օդանավակայանի, «Երիտասարդական պալատի», Փակ շուկայի «ճակատագրերը» ո՞ւմ ձեռքերում են այսօր: Եվրոպական, ռուսական երկրների փորձը ցույց է տալիս` հնի վրա պետք է կառուցել նորը` իսկական էլիտարը, քանզի անցած դարի ճարտարապետական շինությունները յուրահատուկ են իրենց հնաոճ էլիտարությամբ... Հարկ է հիշել Երևանի գլխավոր հրապարակում կանգնեցված Լենինի հուշարձանի անկրկնելի պատվանդանը, իսկ արձանը` իր մոնումենտալ լուծումներով, գլուխգործոց էր Խորհրդային Միության նմանատիպ կառույցների կողքին։ Դրանք քանդողները մի քար դրե՞լ են այդ հատվածում։
Այո, շինարարներս, որ Երևանն ենք կառուցել, մայրաքաղաքի համար այնքան քրտինք ենք թափել, կարող ենք բաց ճակատով հաստատել, որ խորհրդային շրջանում ճշգրիտ, անթերի լուծումներով հարուստ ավանդույթներով են կառուցվել հանրապետության մարզերն ու համայն հայության մայրաքաղաք Երևանը։
Հիշարժան պահ էր, երբ տասնամյակներ առաջ Ծիծեռնակաբերդում կառուցված գեղահրաշ համալիրը հրդեհվել էր, և ՀՀ կենտկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը համամիութենական հեռուստատեսությամբ հուզված խոսում էր այդ մասին։ Ռուսաստանում աշխատող հայերս վշտացած էինք: Յոշկար-Օլայից իմ և կոլեկտիվիս ջանքերով համալիրի վերակառուցման համար 37 հազար ռուբլի ուղարկեցինք Հայաստան։
Մայրաքաղաքի իշխանություններին թվում է` ողջ հայության մայրաքաղաքը կառուցապատում են ժամանակակից նորմատիվներով, զարգացնում են քաղաքաշինությունը: Հարց է առաջանում` արդյոք պատկերացում ունե՞ն ազգի, հանրային շահի մասին։ Կարծում եմ` ժամանակը կգա, ափսոսում են այսօր, սակայն ուշ կլինի` մայրաքաղաքը կդառնա անդեմ, գորշավուն, ու Երևանի հիմնադիր վարպետները չեն ների այս «նորաոճ» ճարտարապետաշինարար պարոններին։
Ես ինքս, լինելով շինարարության գիտակ մասնագետ, համարձակությամբ հայտարարում եմ, որ Երևանը` համայն հայության «սիրտը», այսօր, ցավոք բզկտվում է, մաս-մաս բաժանվում կղզյակների, որոնց ափերը, ավաղ, հիմքից քայքայվում են։
Ահա թե ինչի մասին պիտի մտահոգվեն այսօր քաղաքապետարանն ու քաղաքապետը։


Արարատ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ և ՌԴ վաստակավոր շինարար

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ