ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Թոռնիկներիս հաց է պետք

Թոռնիկներիս հաց է պետք
31.10.2014 | 12:30

Տարեց կնոջը, որին ես համարյա ամեն լուսաբացի տեսնում եմ դիմացի շենքի աղբատար խողովակին հարող տնակի դռների հետևից բեռնավորված դուրս գալիս, այսօր դեղատնից վերադառնալիս հանդիպեցի նույն տեղում: ՈՒսապարկն էր դասավորում: Տեսնելով իրեն ուղղված իմ հարցական հայացքը՝ նա մի պահ կտրվեց գործից և վախվորած հայացքն ուղղեց ինձ:
-Բարի լո՜ւյս,- ողջունեցի ես:
-Աստծու բարին արևիդ, աղջի՛կ ջան,- պատասխանեց նա՝ հազար տարվա ծանոթի պես:
-Ես Ձեզ ամեն օր նույն ժամին տեսնում եմ,- ասացի:
-Հա՜,- խոր շունչ քաշելով ու կարծես արդարանալով՝ ասաց նա:- Ճար չունեմ, ստիպված եմ էս գործն անում: Երեք թոռ եմ պահում, տղաս հինգ տարի առաջ մեռավ, հարսս, երեխաներին մեր հույսին թողնելով, գնաց: Երբ գործ կար, ամուսինս առավոտից իրիկուն ավտոկայանատեղերում էր կանգնում, մի քանի կոպեկ վաստակում. էսօր էդ էլ չկա: Բա ի՞նչ անեմ, թոշակիս փողը լույսի վարձին էլ չի հերիքում: Իսկ թոռնիկներիս հաց է պետք, հագուստ: Էստեղի բնակիչներից շատերն ինձ գիտեն. միշտ դատարկ շշեր են դնում, հին հագուստներ, նույնիսկ պատահել է, որ պահածոներ ու էլի լավ բաներ են դրել:
- Չե՞ք դիմել որևէ կազմակերպության օգնությանը:
-Դիմել եմ,- ասաց նա` թվարկելով մի քանի պետական կառույցների անուններ:- Բայց մեկ է` ուշք դարձնող չկա, իսկ խոստումներին էլ չեմ հավատում: Հույսս Աստված է: Մենակ թե ձեռուոտից չընկնեմ:
-Օրական քանի՞ շիշ եք հավաքում:
-Առաջ պատահել է՝ մինչև 40 հատ էլ հավաքել եմ, հիմա ուժս չի պատում, շուտ եմ հոգնում: Պառկում եմ, երբ բոլորն արդեն քնած են, և արթնանում, տնից դուրս եմ գալիս ադամամութին` աշխատելով աղբատարներից շուտ տեղ հասնել, որ չտեսնեն, չջղայնանան, ախր իրենք էլ են էդ «բիզնեսով» զբաղվում` էդ աղբատար մեքենաների վարորդները:
-Որտեղի՞ց եք գալիս:
-«Տեցի կրուգ» լսած կա՞ս:
-Իհարկե: Ո՞Ւմ եք հանձնում շշերը:
-Հանձնման կետերին, նրանք էլ վաճառում են գործարաններին:
-Ձեզ ինչքա՞ն են վճարում մեկ շշի դիմաց:
-Օղու շիշն ընդունում են` 15, գարեջրինը` 28 դրամով: Ստացված գումարը օրվա հացութացին մի կերպ բավականացնում է:
-Ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք այդ ձևով:
-Տղայիս մահից հետո: Արդեն հինգ տարի կլինի:
Լսվեց հեռվից եկող աղբատարի շչակի ձայնը:
-Գնամ,- իրարով անցավ կինը:- Եթե դատարկ շշեր ունենաս, կբերես կդնես այստեղ, մեծ լավություն արած կլինես:
-Կբերեմ-, ասացի` ձեռքիս երկու հազար դրամը նրան մեկնելով:
-Աստված բալեքիդ ողջ պահի, շնորհակալ եմ,- ամաչելով-քաշվելով ընդունեց նա:
Հետևից նայեցի: Գնում էր մաշված, ծանր պարկը ուսից կախ, թուլացած ոտքերը հազիվ քարշ տալով: Անկասկած, այս կինը այն մարդկանցից է, ովքեր երբեք կուշտ փորով հաց չեն ուտում, չեն հանգստանում և երբեք չեն մտածում իրենց առողջության մասին` անգամ հիվանդության ծանր պահերին: Իսկ թոռնե՞րը… ի՞նչ ապագա է սպասում նրանց` աղճատված մանկությամբ այդ որբուկներին, եթե (Աստված մի արասցե) մի օր հանկարծ կորցնեն իրենց միակ նեցուկին, մտածեցի դառնորեն: Իսկ ինչքա՜ն են այդպիսի մարդիկ, որոնք (չնայած իրենց անհուն վշտին) դեռևս ընդունակ են կառուցելու, արարելու, արտադրելու, ստեղծելու, հող մշակելու, սակայն չունեն այդ հնարավորությունը և սպասում են լավ օրվա: Ե՞րբ կլինի, կգա՞ այդ օրը:
Նշեմ, որ վերոնշյալ երկխոսությունը տեղի ունեցավ 2014 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան ժամը վեցի և յոթի միջև` Քրիստոսի ծննդից էլ առաջ ստեղծված, երկրի վրա եղած թերևս ամենահին, ամենածաղկուն, ամենահարուստ շինություններով և եկեղեցիներով լի քաղաքներից մեկում` Երևանում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ