ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Իսկապե՞ս աչքալուսանքի «մաղարիչ», թե՞...

Իսկապե՞ս աչքալուսանքի «մաղարիչ», թե՞...
07.11.2014 | 00:31

Ասում են` մի ամանում երկու ապուր չի եփվի։ Մեր օրերի համար սա հնացած ասույթ է, հատկապես, երբ տարիներ ի վեր ականատեսն ենք այդ դրույթի հերքման։ Քայլ առ քայլ, մաս առ մաս սպանեցին մեր հավատը, դրա համար էլ, երբ լսում ենք, թե որևէ տեղ, իբր, հանրաշահ բան է արվում, ակամայից տագնապ ենք ապրում. հետո՞ ինչ է լինելու, ինչո՞վ է փոխհատուցվելու, ո՞վ է տուժելու։ Այս տագնապներն ունեցա, երբ շաբաթ օրը` նոյեմբերի 1-ին, զանգահարեց բարեկամուհիս և տեղեկացրեց, որ Մալաթիայի շուկայի մոտ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող նորաբաց փռում անվճար լավաշ են բաժանում (յուրաքանչյուրին` երեքական), մեծարգո պատգամավորի նորածին որդու ծննդյան առիթով` որպես «մաղարիչ»։
Մեր կյանքը երկու երես ունի, երկու աստառ։ Ինչպես կա տնտեսական, կադրային, ֆինանսական ստվեր, այնպես էլ կա... ստվերային ղեկավար. գաղտնիք չէ, որ հատկապես Երևանի յուրաքանչյուր թաղամաս ունի իր ստվերային ղեկավարը, եղանակ ստեղծող հեղինակությունը։ Մեր թաղամասի գլխավոր «օդերևութաբանն» էլ վերոնշյալ պատգամավորն է, որն առաջին հայացքից մարդկայնորեն հասկանալի և ընդունելի քայլ է կատարել. թաղամասի բնակիչների հետ կիսել է իր օջախի ուրախությունը։ Մենք էլ չզլանանք և, անկախ ամեն ինչից, երջանկություն և բարի գալուստ մաղթենք նորածին մուլտմիլիոնատիրոջը։
Այո, փոքրիկը բարով է լույս աշխարհ եկել, «մաղարիչ» ուտողներին էլ բարի ախորժակ, միայն թե հետո, մենք` չուտողներս, չվճարենք այդ «մաղարիչի» արժեքը` Ս. Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներից և խանութներից գնումներ կատարելիս։ Առաջին դեպքը հո չէ՞։ Ի բացառյալ ընտրությունների ժամանակ իրենց ձայնը անպատասխանատվությամբ, անհեռատեսորեն, թե կարիքից դրդված վաճառողների ստացած ընտրակաշառքների դեպքերը, երբ այդ գումարների վերադարձը դեպի նախկին գրպաններ մենք` կաշառք չստացածներս, միշտ ապահովեցինք, հիշենք դրանցից մեկը. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնեց Թբիլիսիում գտնվող Հովհ. Թումանյանի վերջին բնակարանը, նվիրեց տեղի հայ համայնքին, ծափեր, դափնիներ, շնորհակալանքի խոսքեր վայելեց, իսկ մի քանի օր հետո Գյումրուց ահազանգ եկավ, թե հացն այնտեղ 10-20 դրամով թանկացել է։ Ի՞նչ կարող ես անել. աչքը տեսածից է վախենում, և, թեպետ սխալվելն այնքան էլ հաճելի բան չէ, թող այս անգամ կռահումիս մեջ սխալվեմ, չէ՞ որ, ի վերջո, ոչ միայն ազնիվ չէ, այլև անխղճություն, եթե ոչ` ամոթ է բացահայտ տալը, իսկ հետո թաքուն քիչ-քիչ հետ վերցնելը։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ