Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գործող ԸՕ-ն ձեռնտու է նաև նոր իշխանություններին

Գործող ԸՕ-ն ձեռնտու է նաև նոր իշխանություններին
26.10.2018 | 00:51

Նոր Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու մասին իշխանությունները խոսում էին դեռ նախքան Ազգային ժողովում ԸՕ-ի բարեփոխումների նախագծի չընդունվելը: Թեև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատգամավորների խորհրդարան չգալն ու քվեարկությանը չմասնակցելը սաբոտաժ համարեց, բայց նրա թիմակից, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գործող օրենսգրքով ընտրությունների կազմակերպումը, հիշեցնենք, ոչ կատաստրոֆիկ էր համարում: Ճիշտ է, պատգամավորների առաջարկով խորհրդարանը վերոնշյալ նախագիծը ևս մեկ անգամ կքննարկի, բայց հարցի հանգուցալուծումը շարունակում է կասկածի տակ մնալ:
Նոր կառավարիչների որդեգրած քաղաքականությունն այս հարցի շուրջ բավականին տարօրինակ է: Եթե ԱԺ «Կանոնակարգ-օրենքում» Փաշինյանին ոչ ձեռնտու դրույթի ավելացումը պատճառ դարձավ, որ վերջինս հանրահավաք հրավիրի ու պատգամավորներին ցույց տա, թե պետք է լինի այնպես, ինչպես ինքն է կամենում, ապա այս դեպքում նման քայլի չգնալը, թերևս, այն մասին է խոսում, որ իշխանությունների շահերից չի բխում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Վարչապետի պաշտոնակատարի համար նմանատիպ ևս մեկ հանրահավաք հրավիրելը, կարծում ենք, որևէ խնդիր չէր լինի, բայց եթե նման բան տեղի չունեցավ, ուրեմն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է, ու հարց է առաջանում` իրականում ո՞վ է սաբոտաժ անողը: Ի դեպ, սաբոտաժի հետ կապված վերապահում ուներ նաև վարչապետին կից ձևավորված ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը, որի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր տեղափոխելու փաստն է նաև էապես մեծացրել սաբոտաժի հնարավորությունը:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի վրա աշխատած խորհրդարանական ու կառավարական թիմերը, փաստորեն, 5 ամիս շարունակ սիզիփոսյան աշխատանք են կատարում՝ ռեսուրսներ ու միջոցներ վատնելով մի բանի վրա, որը գոնե այս փուլում չի կիրառվելու, կամ դրա կիրառումը խիստ կասկածի տակ է:


Նոր կառավարիչներն իշխանության տված հնարավորություններին մոտիկից ծանոթանալուց հետո ամեն անգամ այնպիսի որոշում են ընդունում կամ այնպիսի գործելաոճ որդեգրում, որ ակնհայտ է դառնում իշխանության լծակներին հնարավորինս տիրապետելու ցանկությունը: Ըստ ԸՕ բարեփոխումների փաթեթով առաջարկվող փոփոխությունների՝ խորհրդարան էր անցնելու նվազագույնը 4 քաղաքական ուժ, իջեցվելու էին ընտրագրավն ու ընտրական շեմը և այլն: Թվարկվածները դրույթներ են, որոնք կարող են չբխել իշխանության շահերից, որովհետև որքան քիչ լինի քաղաքական ուժերի ներկայացվածությունը Ազգային ժողովում, այնքան մեծ կլինի միահեծան իշխանություն ձևավորելու հնարավորությունը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ