Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Մինչև վերջին դուռը

Մինչև վերջին դուռը
01.03.2024 | 06:54

Ես չեմ սիրում էն երգը, որն ինքս էլ կարող եմ գրել։ Առավել ևս՝ էն երգը, որը կամաչեմ գրել։ Հիմա շատ կան տենց երգեր։ Ասենք՝ միշտ էլ եղել են։

Երգի մեջ պիտի գոնե մի բան լինի, որ չհասկանաս, թե ոնց է ստեղծվել, մի հանելուկ լինի, մի փոքր հրաշք, որ էլի ու էլի ուզենաս լսել՝ էն հույսով, որ էս անգամ կհասկանաս, բայց տենց էլ չհասկանաս։ Թե չէ ու՜մ է պետք։

Ու պոեզիան էլ պիտի գաղտնիք ունենա, որ չհասկանաս, թե ոնց կարող է մարդու գլխում բառերն էդ հերթականությամբ շարվեն, ախր, դա հնարավոր չի, հաստատ, ստեղ Երկնքի մատը խառն է։

Էն մարդկանց էլ չեմ սիրում, որոնք ամեն ինչի պատասխանն ունեն։ Անհետաքրքիր են՝ էդ մարդիկ էլ, իրենց պատասխաններն էլ։ Անհարց մարդը տաղտուկ է բուրում, ինչպես արկածային գրքերի մեջ պատահաբար հայտնված ֆինանսական հաշվետվությունը։

Եվ ու՜մ է պետք կյանքը, որը լրիվ՝ ծերից-ծեր, հասկանալի է, ասես՝ մի անգամ արդեն ապրած է։ Չէ՛, ես արդեն ապրած կյանք չեմ ուզում, թող դնեն սեքընդ-հենդ կյանքերի խանութում, կարող է մեկին պետք գա՝ կարկատանի համար։ Կյանքը պիտի գաղտնիքներով լի լինի, որ անընդհատ դռներ բացես, իսկ դռան հետևում էլի դուռ լինի՝ մինչև վերջին դուռը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5490

Մեկնաբանություններ