Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Պատերազմներ լինելու են

Պատերազմներ լինելու են
01.03.2026 | 14:21

Աստվածաշունչ մատյանում մեր Տերը նախապես զգուշացնում է մեզ պատերազմների մասին․

1. «Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ» (Մատթ․ 24։6)։ Խռովությունը մեզ շեղում է երևույթների հոգևոր պատճառների ընկալումից։ Պատերազմը մարդու ազատ կամքի գործադրման և մեղքի հետևանք է, իսկ մեղքն աշխարհում չի պակասում, այլ միայն ավելանում է սրընթաց տեմպերով։ Հետևաբար վերջին ժամանակներում պատերազմներն էլ ավելանալու են։

2. Աստված չի կամենում պատերազմ, որը մեղքի և մարդկային ազատ կամքի չարաշահման հետևանք է։ «Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։ Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում» (Յակ․ 4։1-2)։ Տերը թույլ է տալիս պատերազմ մարդկանց և ազգերի միջև՝ որպես դառնագույն դաս, սթափեցման փորձություն։

3. Աշխարհի խաղաղությունը տարբերվում է Տեր Հիսուս Քրիստոսի խոստացված խաղաղությունից․ «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Յովհ․ 14։4)։ Աշխարհի խաղաղությունը հաճախ փխրուն է, անկայուն, բայց հոգևոր խաղաղությունը՝ սրտի խաղաղություն է, որն Աստծուց տրվող շնորհ է Իրեն փնտրողներին ու կախված չէ արտաքին հանգամանքներից։

4. Տերը նաև զգուշացնում է․ «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յովհ․ 16։33)։ Այսինքն, իրական խաղաղության հնարավոր է հասնել միայն Քրիստոսով։ Տերը մեզ չի սովորեցնում «խաղաղություն» մուրալ ուրիշից։ Դա կեղծ, պարտադրված, պատրանքային, անցողիկ և ժամանակավոր խաղաղություն է, որը կարող է լինել և նվաստացուցիչ։ Այն իր մեջ պարունակում է հաջորդ պատերազմի սերմեր։

5. Հին Կտակարանում կան բազմաթիվ, մանավանդ մեզ՝ հայերիս համար ուսանելի օրինակներ, երբ Աստծո ընտրյալ ժողովուրդը դավաճանում էր Աստծուն, հոգևոր շնանում կուռքերի հետ։ Այնժամ Աստված թույլ էր տալիս պատերազմներ նրանց ոչ թե ոչնչացնելու, այլ դեպի ապաշխարություն մղելու համար․ «Սաստիկ զայրացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տէրը մատնեց նրանց շրջակայ թշնամիների ձեռքը, եւ նրանք չկարողացան դէմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ կռապաշտութիւն էին արել» (Դատ․ 2։14)։

Իսկ ինչպե՞ս վարվել նման իրավիճակներում։

Աղոթքով խնդրենք Տեր Հիսուսից, որ տա մեզ բոլորիս ապաշխարության հոգի, օգնի դառնալ առ Աստված, տա Ի՛ր խաղաղությունը մեզ ու այս աշխարհին և ողորմի մեր հարևան Իրանի ժողովրդին փորձության այս օրերին։ Ամեն:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 105

Մեկնաբանություններ