Վերջին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման մասին։ Նրա պատասխանը և՛ քաղաքական, և՛ իրավական առումով խիստ խնդրահարույց էր։
«Իսկ ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը էս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ էս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի՞ է եղել ազատության մեջ։ … Ես պրոբլեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Էդ իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա»,- հայտարարել է Փաշինյանը։
Այս հայտարարությամբ վարչապետը միաժամանակ մի քանի վտանգավոր ուղերձ է հասցեագրում՝ և՛ հասարակությանը, և՛ դատական համակարգին։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածը իրավական պետության հիմնասյուներից մեկն է։ Այն պարտադրում է, որ հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվի անմեղ՝ մինչև նրա մեղավորությունն ապացուցվի օրենքով սահմանված կարգով և անկախ դատարանի կողմից։ Երբ երկրի վարչապետը հրապարակայնորեն հարցադրում է անում, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն «այս ամբողջ ընթացքում» ազատության մեջ եղել, նա փաստացի ձևավորում է հակառակ կանխավարկածը՝ որ Ծառուկյանը վաղուց պետք է ազատությունից զրկված լիներ։
Այս տրամաբանության համատեքստում դատական քննությունն ու դատարանի ապագա վճիռը դառնում են երկրորդական։ Գործադիր իշխանության ղեկավարը նախապես հրապարակայնացնում է իր պատկերացումը, թե որտեղ պետք է գտնվի մեղադրյալը։ Նման մոտեցումը ոչ միայն խաթարում է անմեղության կանխավարկածը, այլև ստեղծում է ճնշման միջավայր դատավորի նկատմամբ։
Դատավորը, որը պարտավոր է որոշում կայացնել բացառապես ապացույցների և օրենքի հիման վրա, այժմ գործում է այն պայմաններում, որտեղ երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն արդեն իսկ արտահայտել է իր ակնկալիքը։
Առաջիկա օրերին դատարանը պետք է քննի Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Հենց այս հանգամանքն է վարչապետի հայտարարությունն առավել խնդրահարույց դարձնում։ Դատավորը դեռ պետք է գնահատի՝ արդյոք տեղ ունեն այն իրավական հիմքերը, որոնք արդարացնում են կալանքը (փախուստի ռիսկ, ապացույցների վրա ազդելու հնարավորություն, նոր հանցագործության վտանգ)։ Սակայն գործադիր իշխանության ղեկավարն արդեն հրապարակայնորեն հայտնել է, որ խնդիր է տեսնում ոչ թե կալանքի, այլ նախկինում ազատության մեջ գտնվելու փաստի մեջ։ Այսպիսի հայտարարությունն առնվազն կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ։
Ավելի լայն համատեքստում այն հստակ ազդակ է, թե ինչպիսի որոշումն է իշխանությունը ցանկալի համարում։
Ստացվում է փակուղային իրավիճակ. մի կողմից իշխանությունը շարունակում է խոսել անկախ դատական համակարգի և իշխանությունների տարանջատման մասին, մյուս կողմից՝ գործադիր իշխանության ղեկավարը ընթացիկ քրեական գործի շրջանակում հրապարակայնորեն դատողություններ է անում, թե ով պետք է ազատության մեջ լինի, իսկ ով՝ ոչ։
Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը շատերի կողմից դիտարկվում է որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։ Հետևաբար, դրա հանգուցալուծումն անխուսափելիորեն կունենա նաև քաղաքական նշանակություն։
Քաղաքական հանգուցալուծումը չի նշանակում քաղաքական միջամտություն դատարանի գործունեությանը։ Ճիշտ հակառակը՝ առաջին և անհրաժեշտ քայլը պետք է լինի դատական գործընթացի նկատմամբ քաղաքական իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի ճնշման բացառումը և դատարանին բացառապես իրավական հիմքերով որոշում կայացնելու հնարավորություն տալը։
Խափանման միջոցը չի կարող դիտարկվել որպես նախապես սահմանված պատիժ։ Այն, անկախ նախաքննության ընթացքից, ենթակա է վերանայման՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության ու շարունակականության գնահատմամբ։ Կալանքը պատիժ չէ և չպետք է վերածվի քաղաքական պատժամիջոցի։
Այս հարցն ունի նաև ավելի լայն՝ հասարակական և քաղաքական նշանակություն։
Հայաստանն այսօր նոր բաժանարար գծերի և քաղաքական առճակատման խորացման կարիք չունի։ Երկրին անհրաժեշտ են լարվածության թուլացում, քաղաքական երկխոսություն և հանրային համերաշխության միջավայրի ձևավորում։ Քաղաքական մրցակցությունը քրեական հետապնդումների դաշտ տեղափոխելը վնասում է և՛ ժողովրդավարությանը, և՛ իրավունքի գերակայությանը։ Այն ստեղծում է վտանգավոր նախադեպ, որով այսօրվա իշխանությունը կարող է վաղը ինքն էլ դառնալ նույն տրամաբանության զոհը։
Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է դառնալ կարևոր քաղաքական ու հասարակական ազդակ։ Այն կնպաստի լարվածության լիցքաթափմանը և ցույց կտա, որ քաղաքական մրցակցությունը պարտադիր չէ տեղափոխել քրեական հետապնդումների դաշտ, իսկ քաղաքական տարաձայնությունները չպետք է լուծվեն կալանավայրերում։
Իրավունքի գերակայությունը պահանջում է, որ բոլորն էլ պատասխանատվության ենթարկվեն, եթե ապացուցվի մեղքը։ Բայց նույն իրավունքի գերակայությունը պահանջում է նաև, որ այդ պատասխանատվությունը իրականացվի անկախ դատարանի կողմից՝ առանց գործադիր իշխանության հրապարակային ուղղորդման։
Ազատությունը պետք է մնա կանոն, իսկ կալանքը՝ բացառություն։ Հակառակ դեպքում, մենք կկորցնենք ոչ միայն անհատների ազատությունը, այլև պետության իրավական հիմքերը։
Սուրեն Սուրենյանց