Ես շատ եմ սիրում Ամերիկայի ամենագեղեցիկ տոներից մեկը՝ «Շնորհակալության օրը»։ Անգլոսաքսերի էմիգրանտական քարավանները, հայտնագործելով Հյուսիսային Ամերիկայի գրեթե անմարդաբնակ և անծայրածիր տարածքները, ստեղծել են օվկիանոսի պես մեծ և օվկիանոսի պես հարուստ Հայրենիք։ Այդ խիզախ էմիգրանտների երախտապարտ սերունդներն ամեն տարվա աշնան վերջին շաբաթը իրենց երախտագիտության տուրքն են մատուցում Օվկիանոս Հայրենիքին, որն իրենց տալիս է շռայլ ապրուստ և երջանկություն։
Նոյեմբեր ամսվավերջի ոսկեշող օր է․«Օթերբեյն» էմիգրանտական բազմաբնակարան շենքի մենեջեր Ջոկոնդա Բոները (դեմքից էլ Լեոնարդո դա Վինչիի՝ «»Ջոկոնդայի» կրկնապատկերը) շքեղ պատրաստություն է տեսել և հրավիրել բնակիչներին՝ երկու հայ, երկու բուլղարացի և մոտ երեք տասնյակ չինացի՝ նշելու շնորհակալության օրը։ Ես, դառն օղիով լի բաժակը ձեռքիս, խմում էի փոքր կումերով և իմ մեջ փիքր անում այս բարդ ու խորհրդավոր աշխարհի առեղծվածներից հյուսված սիրո, չհատնող թախիծների և չխամրող գեղեցկության մասին։ Հանդիսույթի մի պահի ձեռքս մեկնեցի, որ թարմացնեմ բաժակիս պարունակությունը, բայց չինացիների նոր երգի ձայնից ձեռքս կախվեց օդում․․․ Աստված իմ, այս մեղեդին․․․հոգուս լարերին քսվող այս մեղեդին․․․ Սա իմ հայրենի հարազատ «ԾԻԾԵՌՆԱԿՆ» է հոսում երկու տասնյակից ավելի չինացիների շուրթերից․
Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր՝ ինձ ասա´,
Թռչում ես այդպէս արագ:
Անդ հեռու ալեւոր
Հայր մ’ունիմ սըգաւոր,
Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:
Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ։
Ամերիկյան մեգապոլիսի ծայրամասում ծվարած էմիգրանտական չորսհարկանի շենքի սրահում օդը միշտ նույն բույրն ունի՝ հին թղթերի, դեղորայքի և չիրականացած վերադարձի։ Այստեղ ապրում են մարդիկ, որոնց կյանքը կիսվել է երկու մասի՝ «այնտեղ» և «այստեղ»։
Օ՜, ոչ, խաբկանք չէ, ինքնաներշնչում չէ․ շոշափելու չափ էությանս քսվելով հնչում է մեղեդին, որն իմ արյունն է, իմ մանկության օդը, Աշտարակի ճաքճքած քարերի տաքությունը։
Բառերը չինարեն էին․ անծանոթ, երգեցիկ, հեռավոր Արևելքի շնչով լեցուն վանկեր։ Վտարանդիության մաշված քամիների միջով ես տեսնում էի Գևորգ Դոդոխյանի անմահ բանաստեղծությունը՝ հայրենի կտուրի տակ ծիծեռնակի բույնն ու ալևոր հոր կարոտը։
Ես նայում էի չինացիների փակ աչքերին, նրանց դեմքի կարոտն ու տառապանքն ինձ հուշում էր պարզ, բայց ապշեցուցիչ մի ճշմարտություն. վտարանդիությունը աշխարհագրություն չէ, իսկ հայրենիքը՝ միայն քարտեզի վրա գծված սահման։ Նրանք երգում էին իրենց կորցրած գյուղի և հեռավոր տան մասին և իրենց հոգու դեղին թախիծն ամոքում էին հայկական մեղեդիով։ Երկու հնագույն ժողովուրդներն իրենց էմիգրանտական տվայտանքների մեջ միասին էին «ԾԻԾԵՌՆԱԿԻ» անմահ մեղեդիի դյութիչ հնչյունների ներքո։
«Ուրեմն՝ մեր ծիծեռնակը չի կորել,- մտքիս մեջ շշնջացի ես,- պարզապես թռել է շատ ավելի հեռու, քան մենք կարող էինք պատկերացնել։ Եվ քանի դեռ մոլորակի որևէ ծայրում, թեկուզ օտար լեզվով, ինչ-որ մեկը երգում է «ԾԻԾԵՌՆԱԿ», ես դեռ տուն ունեմ աշխարհում։
Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող, հրապարակախոս