Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անսպասելի հարված Քյամրան Ռազմովարին՝ պարսկական պոեզիայի դասական Նիզամի Գյանջևիից. ի՞նչ էր գրում բանաստեղծը Հայաստանի մասին Թուրքմենչայի պայմանագրից 600 տարի առաջ

Անսպասելի հարված Քյամրան Ռազմովարին՝ պարսկական պոեզիայի դասական Նիզամի Գյանջևիից. ի՞նչ էր գրում բանաստեղծը Հայաստանի մասին Թուրքմենչայի պայմանագրից 600 տարի առաջ
22.11.2026 | 12:42

Պարսկական պոեզիայի դասական Նիզամի Գյանջևիի (Ադրբեջանի Հանրապետությունում համարվում է ադրբեջանցի բանաստեղծ) ստեղծագործությունների շուրջ հաճախ է բարձրացվում այն խնդիրը, որ նա ոչինչ չի գրել ադրբեջանցիների մասին և չի ստեղծագործել ադրբեջաներենով։ Սակայն քիչ են հանդիպում հրապարակումներ այն մասին, թե ինչ է գրել Նիզամին հայերի մասին։ Հատկանշական է, որ ադրբեջանցիների մասին նա որևէ հիշատակում չունի, թեև ներկայացվում է որպես ադրբեջանցի բանաստեղծ. սա, անշուշտ, ակնհայտ պարադոքս է։
Քյամրան Ռազմովարը պարբերաբար վերադառնում է միևնույն թեզին՝ պնդելով, թե հայերն այս տարածաշրջանում չեն եղել և վերաբնակեցվել են շուրջ 200 տարի առաջ։ Որպես հիմնավորում՝ նա հղում է անում Վելիչկոյին և երեք պատմական պայմանագրերում հայերի մասին հիշատակումների բացակայությանը։
Այս պնդումներին հակադարձելու համար դիմենք մեկ այլ աղբյուրի։ Ընդ որում՝ ոչ թե հայ հեղինակի, այլ պարսկական պոեզիայի մեծ դասականին, որին Ադրբեջանում համարում են իրենց ազգային գրականության հիմնասյուներից մեկը՝ Նիզամի Գյանջևիին (մոտ 1141–1209 թթ.)։ Դիտարկենք նրա ստեղծագործությունները բնագրի լեզվով։
1. Հայաստանն ու նրա տիրակալուհին
«Խոսրով և Շիրին» պոեմում Նիզամին գրում է.
همه اقلیم ارّان تا به ارمَن
مقرر گشته بر فرمان آن زن
Թարգմանություն. «Առանից մինչև Հայաստան ձգվող ողջ երկրամասը գտնվում է այդ կնոջ իշխանության ներքո»։
Խոսքը Մեհին-Բանուի մասին է, որին Նիզամին ներկայացնում է որպես արքայական տոհմից սերող հզոր տիրակալուհու՝ օժտված զորքով, ամրոցներով և հարստությամբ։
2. Հայկական լեռները
به تابستان شود بر کوه ارمن
خرامد گل به گل، خرمن به خرمن
Թարգմանություն. «Ամռանը նա ուղևորվում է Հայաստանի լեռները՝ ճեմելով ծաղկից ծաղիկ, ծաղկավետ մարգագետնից մարգագետին»։
Այստեղ Հայաստանը պատահական հիշատակված տեղանուն չէ։ Այն պոեմի աշխարհագրության առանցքային մասն է՝ իր լեռնային տեղանքներով և տիրակալուհու ամառանոցային ավանդույթներով։
3. Ճանապարհորդություն դեպի Հայաստան
بُرنده ره بیابان در بیابان
به کوهستان اَرمن شد شتابان
Թարգմանություն. «Անապատը անապատի հետևից կտրելով՝ նա շտապեց դեպի Հայաստանի լեռնաշխարհ»։
Այսպես է Նիզամին նկարագրում Շապուրի ճանապարհորդությունը՝ Շիրինին որոնելիս։
4. Քրիստոնեական վանքը
Շարունակելով տեղանքի նկարագրությունը՝ բանաստեղծը գրում է.
ز خارا بود دِیری سالکرده
کشیشانی بدو در سالخورده
Թարգմանություն. «Այնտեղ կանգնած էր քարակերտ մի հինավուրց վանք, որտեղ ապրում էին զառամյալ քահանաներ»։
Այս տողերը հայկական լեռներում քրիստոնեական կրոնական կյանքի հստակ գրական վկայություն են։
5. Հայ դյուցազուն Շերվեն
Նիզամիի մեկ այլ՝ «Իսկանդար-նամե» պոեմում («Ալեքսանդրի երրորդ ճակատամարտը ռուսների հետ» գլխում) հանդես է գալիս մի ռազմիկ հայ դյուցազունների շարքից.
ز گردان ارمن یکی تند سیر
به کشتن قویدل به مردی دلیر
Թարգմանություն. «Հայ դյուցազունների միջից դուրս եկավ մի սրընթաց ռազմիկ՝ մահվան առաջ անվեհեր, արի և քաջարի»։
Այնուհետև հեղինակը նշում է նրա անունը.
ز شیران سبق برده شروه به نام
به هنگام جنگآزمایی تمام
Թարգմանություն. «Անունը՝ Շերվե, որն իր խիզախությամբ գերազանցում էր առյուծներին և կատարյալ էր ռազմարվեստում»։
Պոեմում նկարագրվում է նրա մենամարտը ալան ռազմիկ Ֆրենջեի հետ։ Հատկանշական է, որ այստեղ առկա է ոչ միայն Հայաստան տեղանունը, այլև կոնկրետ կերպար՝ Շերվե անունով, որին բանաստեղծը ներկայացնում է որպես հայոց զորքի դյուցազուն։ Թեև սա գեղարվեստական ստեղծագործություն է, այլ ոչ թե պատմական Շերվեի գոյության փաստագրական վկայություն, հայ դյուցազունների կերպարն ինքնին միանգամայն հստակ արտացոլված է 12-րդ դարի տեքստում։
6. Հայաստանի գահն ու թագը
«Խոսրով և Շիրին» պոեմի մեկ այլ դրվագում Շիրինը դիմում է Խոսրովին.
ز باغ روم گل داری به خرمن
مکن تاراج تخت و تاج ارمن
Թարգմանություն. «Դու հռոմեական պարտեզից բազում ծաղիկներ ունես. մի՛ ոտնձգիր Հայաստանի գահի ու թագի դեմ»։
Այստեղ Հայաստանը ներկայացված է որպես ինքնիշխան արքայական տիրույթ՝ իր գահով ու թագով։
7. Հայաստանի կանայք
Նույն պոեմի մեկ այլ հատվածում պալատականները քննարկում են, թե որ երկրներում են ապրում ամենագեղեցիկ կանայք։ Նրանցից մեկն ասում է.
یکی گفت ارمن است آن بوم آباد
که پیکرهای او باشد پریزاد
Թարգմանություն. «Մեկն ասաց՝ այդ շեն երկիրը Հայաստանն է, որի գեղեցկուհիները կարծես փերիներից ծնված լինեն»։
Այսպիսով՝ Նիզամին իր գործերում անդրադառնում է թե՛ Հայաստանի կանանց, թե՛ նրա տիրակալուհիներին, թե՛ ռազմիկներին։

Ի՞նչ է վկայում ժամանակագրությունը

Նիզամին իր ստեղծագործությունները գրել է 12-րդ դարում և 13-րդ դարի սկզբին։ Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է 1813 թվականին, իսկ Թուրքմենչայինը՝ 1828-ին։ Սա նշանակում է, որ բանաստեղծը Հայաստանի և հայ դյուցազունների մասին գրել է այդ պայմանագրերից ավելի քան վեց հարյուրամյակ առաջ։
Այս հատվածները փաստում են, որ Հայաստանը, հայկական արքայական միջավայրը, քրիստոնեական վանքերն ու հայ դյուցազունները Նիզամիի գրական աշխարհի կայացած ու հայտնի իրողություններ էին Ռուսական կայսրության՝ տարածաշրջանում հայտնվելուց դեռ շատ առաջ։ Ընդ որում՝ խոսքն այն նույն Նիզամիի մասին է, ում Ադրբեջանում կանգնեցնում են արձաններ, նվիրում թանգարաններ ու գիտական աշխատություններ և մեծարում որպես ազգային դասական։
Ներկայացված տողերը հասանելի են բնագրի լեզվով, և յուրաքանչյուր ընթերցող կարող է ինքնուրույն ստուգել դրանք՝ օգտվելով ստորև բերված հղումներից։
Աղբյուրներ.
• «Խոսրով և Շիրին», մաս 18 - Հայաստանը և Մեհին-Բանուն
• «Խոսրով և Շիրին», մաս 19 - Հայկական լեռներն ու վանքը
• «Իսկանդար-նամե», «Շարաֆ-նամե», մաս 51 - Դյուցազուն Շերվեն
• «Խոսրով և Շիրին», մաս 52 - Հայաստանի գահն ու թագը
• «Խոսրով և Շիրին», մաս 65 - Հայաստանի կանայք

Ծանոթագրություն. պարսկերենից թարգմանությունները իմաստային են։ Բնագրային տողերը ներկայացված են ինքնուրույն ստուգման համար։

Սերգեյ ՇՈՒՇԻՆՍԿԻ
Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ