ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հայկական ֆուտբոլի պատմական երեկոն

Հայկական ֆուտբոլի պատմական երեկոն
28.08.2026 | 12:10

Հայկական ֆուտբոլի համար պատմական երեկո էր։
Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվաճեց մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, և երկու խաղերի արդյունքում հայկական ակումբը հաղթեց 2։1 հաշվով։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Ռիգայի» և «Շեմրոկ Ռովերսի» դիմադրությունը, ապա զիջեց սլովենական «Ցելեին» և պայքարը շարունակեց Եվրոպա լիգայում։
Կրայովայի թիմը եվրոպական ֆուտբոլի առաջատարներից չէ, սակայն բավականաչափ փորձառու և բարդ մրցակից էր։
Պատասխան հանդիպման լարվածությունը պահպանվեց մինչև վերջին վայրկյանները։
Ավելացված ժամանակում նշանակված 11 մետրանոցը Սանդրո Լիման չիրացրեց, սակայն անմիջապես կողմնորոշվեց անդրադարձից հետո և 90+8-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։
Պատմական արդյունքը ձևավորվեց մի դրվագում, որը թերևս լավագույնս արտահայտեց ամբողջ խաղի տրամաբանությունը՝ մինչև վերջ պայքարել և օգտագործել վերջին հնարավորությունը։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլում։
Ինձ ճանաչողները գիտեն, որ ֆուտբոլի մեծ երկրպագու եմ։ Հետևաբար այս հաղթանակն ինձ համար կարևոր է նաև զուտ մարզական տեսանկյունից։ Հայկական ակումբի ներկայությունը եվրոպական ֆուտբոլի այս մակարդակում ինքնին նշանակալի իրադարձություն է։
Սակայն այս հաղթանակն ինձ համար նաև այլ խորհուրդ ունի։
Վերջին տարիներին մեր հասարակությունը չափազանց շատ պարտություններ, կորուստներ և հիասթափություններ է ապրել։ Դրանց երկարատև հաջորդականությունն ունի վտանգավոր հոգեբանական հետևանք. պարտությունը կարող է աստիճանաբար ընկալվել որպես բնական և անխուսափելի վիճակ, իսկ սեփական ուժերի նկատմամբ հավատը՝ տեղի տալ հուսահատությանը։
Հենց այդ պատճառով այսօր առանձնահատուկ արժեք ունի յուրաքանչյուր իրական հաջողություն։ Էական չէ՝ այն արձանագրվում է սպորտում, մշակույթում, գիտության, տնտեսության թե մեկ այլ ոլորտում։ Յուրաքանչյուր նման արդյունք որոշակիորեն ընդհատում է պարտությունների հոգեբանական շղթան և վերադարձնում ամենակարևոր զգացողություններից մեկը՝ սեփական ուժերով հաջողության հասնելու հնարավորության գիտակցումը։
Իհարկե, ֆուտբոլային հաղթանակը չի լուծում երկրի խնդիրները, որոնցից կախված են պետության ու հասարակության իրական հաջողությունները։ Չարժե նաև մեկ մարզական իրադարձության վերագրել այնպիսի նշանակություն, որն այն օբյեկտիվորեն չունի։
Այնուամենայնիվ, պոզիտիվ տրամադրությունները և հաղթանակը երեկ միավորեցին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների:


Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 1648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ