«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Եղածը փոս էլ չէր, ասեղի ծայրի չափ անհամաձայնություն՝ պետական ծրագրի հետ

Եղածը փոս էլ չէր, ասեղի ծայրի չափ անհամաձայնություն՝ պետական ծրագրի հետ
29.06.2026 | 11:55

Քաղաքում նոր փողոց կառուցեցին։

Այնքան նոր, որ այն իրականությանը միանգամից չհարմարվեց։

Բայց դա չխանգարեց, որ բացման արարողությունը պետական կարևորության իրադարձություն համարվի։ Կտրեցին ժապավենը, օրհնեցին ասֆալտը, ասֆալտը փայլում էր այնպես, ինչպես երկրի տնտեսական աճը: Խոսեցին ապագայի մասին՝ այնքան վստահ, կարծես ապագան արդեն հանձնված էր շահագործման։ Փափուկ, արագընթաց մեքենաներում նստած՝ կառավարությունից ժամանած նախարարները, քաղաքի հայրերը հանդիսավոր շրջայց կատարեցին։ Մեքենաների ապակիները մգեցված էին՝ պետական գաղտնիքի մակարդակով։ Այդ պատճառով էլ նրանք չտեսան ասֆալտի վրա հազիվ նշմարվող մի փոքրիկ, աննշան ճեղք։

Փոս էլ չէր։ Ասեղի ծայրի չափ մի թեթև անհամաձայնություն պետական ծրագրի հետ։ Բայց ինչպես հաճախ է լինում, փոքրից սկսվում են պետական լուրջ ծրագրերը։ Այո, փոքր էր, բայց այնքան իրական, որ ժողովուրդը նկատեց։ Որովհետև ժողովուրդը փողոցն անցավ ոտքով։ Ժողովուրդը, ինչպես միշտ, աչքով է չափում իրականությունը։ Նկատեց՝ անհանգստացավ։ Անհանգստացավ՝ դիմեց։ Դիմեց՝ բարձրացրեց հարցը համայնքապետարանում։

Էստեղից՝ վերև՝ ի՞նչ անենք: Վերևից՝ ներքև.

- Ճեղքը փակեք, զեկուցեք։

Համայնքապետարանից մասնագետներ գործուղվեցին ճեղքի գոյությունը հայտնաբերելու նպատակով։ Նրանք եկան գուգլ մափով, ջիպիեսով, կոորդինատներով, երկու քարտեզով և մեծ տրամաչափի խոշորացույցով, որպեսզի համոզվեն, որ ճեղքը չի թաքնվել քաղաքաշինական դավադրության հետևում։

Երկու ժամ որոնումներից հետո գտան փողոցը։ Երրորդ ժամին՝ ճեղքը։

Ճեղքը գրանցվեց որպես «մակերեսային տեղային ժամանակավոր անհարթություն»։

Բացվեց գործ։ Կազմվեց արձանագրություն։ Ճեղքը գոյություն ստացավ պաշտոնապես։ Այն փաստաթղթերում անվանվեց «մունիցիպալ զարգացման բնական հակառակորդ» և «ինքնաբուխ ընդդիմադիր տարր»: Վերջապես ճեղքը ներառեցին պետական ռեգիստրում՝ որպես ժամանակավոր գեոդեզիական խախտում:

Տասն օր անց նոր խումբ ուղարկվեց՝ ֆինանսական հաշվարկ կատարելու։ Տասն օր պահանջվեց, որպեսզի հաստատվի նրանց գործուղման, օրապահիկի, գիշերակացի օրինականությունը: Նախ, պիտի պարզեին՝ ճեղքը մեկանգամյա՞ է, թե՞ երկարաժամկետ։ Մասնագետները վերադարձան եզրակացությամբ. ճեղքը պահանջում է համալիր մոտեցում։

Նախագծա-նախահաշվային բաժնում կազմվեց «Ճեղքային երևույթների կանխարգելման և վերացման հայեցակարգ 2025–2035»։ Ճարտարապետական բաժնում հաստատեցին։ Ֆինանսականում վերանայեցին։ Իրավաբանականում պարզեցին, որ նախ պետք է պարզել՝ արդյոք ճեղքը օրինական է առաջացել։

Վերջապես փաստաթղթերը հասան նախարարներին։ Քաջասրունք և հեռատես նախարարները հայտարարեցին, որ պետությունը վճռական է և անհաշտ պայքար է մղում ճեղքային դրսևորումների դեմ։

Հայտարարվեց մրցույթ։ Մասնակցեց շուրջ հարյուր կազմակերպություն։ Հաղթեց «Կայծակշին» ՍՊԸ-ն։

ՍՊԸ-ն նախ վերանորոգեց իր տեխնիկան։ Հետո՝ տեխնիկայի համար նախատեսված պահեստը։ Այնուհետև՝ մրցույթ հայտարարեց նոր տեխնիկա ձեռք բերելու համար։ Տեխնիկան ձեռք բերվեց։ Աշխատանքի ընդունվեցին բարձրակարգ ասֆալտագործներ։ Հաստատվեց ճեղքի ճշգրիտ հասցեն վերահաստատելու հանձնաժողովի կազմը։

Երբ շինարարները տեղ հասան՝ ճեղք չգտան։ Ձմեռ էր։ Ձյունը ժամանակավորապես ստանձնել էր քաղաքաշինական պատասխանատվությունը, կատարում էր ծածկույթի պարտականությունները։ Պետական մակարդակով խնդիրը լուծված էր։

Գարունը եկավ։ Ձյունը հալվեց։ Ճեղքը վերադարձավ՝ արդեն լիարժեք փոսի կարգավիճակով։ Այն աճել էր։ Մեծացել: Զարգացել էր։ Հաստատվել էր։

Բնակիչները կրկին դիմեցին։ Վերևից՝ ներքև.

-Ծածկեք՝ զեկուցեք։

Նոր հաշվարկներ։ Նոր նախագիծ։ Նոր նախահաշիվ։ Նոր պայքար ճեղքային երևույթների դեմ։ Երբ շինարարները վերջապես տեղ հասան… փողոց չգտան։

Փողոցն իրական մնաց փաստաթղթերում։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 156

Մեկնաբանություններ